«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2011-02-22 | #31, 2011-02-23 | #32, 2011-02-24


ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Քննարկումներ Արմենական-ՌԱԿ նախաձեռնությամբ

Գարնանամուտ է, հանրապետության գյուղական համայնքներում սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները: Գյուղացին արդեն մտել է այգիներ, դաշտեր, մինչ ուշ աշուն այնտեղ աշխատելու ու բերք ունենալու հույսով. ասում են` օրը տարի է կերակրում:

Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցությունը իր մարզային հանդիպումներում բազմիցս է լսում գյուղացու տրտունջը այն մասին, որ գյուղատնտեսության ոլորտում կուտակված խնդիրները իրենց լուծումը չստանալով տարեցտարի դժվարացնում, հիասթափության են հասցնում գյուղացուն, անհրապույր ու անշահավետ դարձնում հողի վրա աշխատանքը:

Այդ իսկ պատճառով Արմենական-ՌԱԿ կենտրոնական վարչությունը ձեռնամուխ եղավ կազմակերպելու փորձագիտական քննարկումների շարք` գյուղատնտեսության առկա խնդիրների եւ զարգացման հեռանկարները թեմայով:

Անդրանիկ քննարկման օրակարգում էին`

- գյուղատնտեսության ոլորտում 2010 թ. վիճակագրական տվյալների համադրում,

- նախորդ տարում հաջողության/անհաջողության պատճառները,

- պետական աջակցություն, ֆինանսավորում,

- ոռոգում եւ ջրօգտագործում,

- գյուղ. կոոպերատիվների ձեւավորում,

- 2011 թ. տարվա նախապատրաստական աշխատանքների գնահատում:

Քննարկմանը մասնակցում էին Նազելի Վարդանյանը (Գյուղատնտեսության ասոցիացիայի ֆեդերացիայի նախագահ), Արմեն Վանյանը (Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի տնօրենի տեղակալ), Վարդան Ուրուտյանը (Ագրոբիզնեսի ուսումնական կենտրոնի տնօրեն), Սանդրո Աբովյանը (Չորացված մթերքների արտադրության ասոցիացիայի նախագահ), Սամվել Գեւորգյանը (Գործարարության աջակցության կենտրոնի տնօրեն), Վյաչեսլավ Հարությունյանը (Գյուղակադեմիա, դասախոս), Արմենական-ՌԱԿ վարչության անդամներ:

Ներկաները նախ եւ առաջ արձանագրեցին, որ երկրում հստակ գյուղատնտեսական քաղաքականության ռազմավարական ծրագիր չի գործում, որի առկայությունը կարող էր լուրջ գործոն հանդիսանալ տնտեսական ճգնաժամը հաղթահարող երկրի համար:

Որպեսզի կառավարությունը իրական պատկերացում կազմի իր գյուղատնտեսության ոլորտի մասին, նախ եւ առաջ պետք է տիրապետի իրական վիճակագրական տվյալների, սակայն կառավարությանը ներկայացվում են անհիմն, սխալ տվյալներ: Օրինակՙ տարվա սկզբում ամեն մարզ իր ակտիվ ցանքատարածքներից եւ վարելահողերից ելնելով պարտավորվում է ապահովել որոշակի քանակությամբ ցորենի բերք, բայց օբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել, եւ ուրեմն գյուղապետարանը ճոխ տոկոսներ է ցույց տալիս մարզպետարան, նա էլ իր հերթին իրականությունից դուրս տվյալներ հաղորդում կառավարություն: Իսկ նույն ժամանակ գյուղացին լաց է լինում անբարենպաստ եղանակի, ոռոգման ջրի խափանումներով մատակարարման եւ այլ պատճառով ցորենի բերքի ցածր քանակություն ստանալուց: Ներկաները ավելացրին, որ իրենք փորձել են հատիկ-հատիկ տեղեկություններ հավաքել ամեն մշակողից, համադրել եւ համոզվել են որ ներկայացվող վիճակագրական տվյալները չեն համապատասխանում: ՀՀ-ն ունի 900 գյուղ, եւ միշտ կեղծվում են գյուղատնտեսության տվյալները: Օրինակՙ 1920-ից հետո գյուղատնտեսական մարդահամար, հաշվառում չի իրականացվել, իրական պատկերացում չունենքՙ ինչ ունենք, չգիտենք մեր ռեսուրսների իրական պատկերը: Անհրաժեշտ է, որ հասարակությունը իրազեկ լինի երկրում գյուղատնտեսական ապրանքների իրական պաշարների մասին, անհրաժեշտ է, պետք է մշակվի հատուկ ռազմավարություն անվտանգության նկատառումներից ելնելով:

Իրական թվերը չափազանցվում են, որպեսզի մարզը դրական կողմով հանդես գա:

Ամեն տարի որոշումներ եւ օրենքներ են ընդունվումՙ միտված դեմքով դեպի գյուղը դառնալուն, բայց միեւնույնն է, գյուղացին մենակ է մնում իր հոգսերի դեմ հանդիման:

Գյուղերում տնտեսություն պահողները չեն օգտվում վարկային ծրագրերից, քանի որ գրավ դնելու բան չունեն: Բարձր տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկերը աննպաստ տարիներինՙ երաշտ, ցրտահարություն, եւ այլ բնական աղետների դեպքում գյուղացուն դնում են ծայրահեղ անհաղթահարելի սնանկ վիճակում, բնական աղետների դեմ չի իրականացվում պետական կազմակերպված պայքար, համապարփակ ծրագիր չկա: Տարեցտարի Հայաստանի հողատարածքները ակտիվ օգտագործման որակից անցնում են պասիվի, Արարատյան դաշտավայրի հողերը երկրորդ աստիճանի աղակալման են հասել, հողը ճահճանում է, աստիճանաբար բերրի հողերը սակավանում են: Աղետալի վիճակում է գյուղատնտեսությունը, միջնադարյան խավար է իշխում գյուղում, որոշ վայրերում ճանապարհներ չկան, տարրական առողջապահական խնդիրները չեն լուծվում:

Հարկավոր է.

- մշակել գյուղատնտեսության զարգացման ռազմավարություն, հստակ խնդիրներ առաջադրել գյուղին, թե գյուղատնտեսության որ ճյուղերը պետք է զարգանան,

- պետությունը պետք է կարգավորի գյուղատնտեսական ապրանքի գինը, օր.ՙ 1 լ կաթը պետք է վաճառվի 60 դրամից ոչ պակաս, եւ այլն,

- պետք է զարգացնել, ուժեղացնել իրացման շղթան,

- հարկային ճկուն քաղաքականություն իրականացնել գյուղատնտեսական թարմ արտադրանքի արտահանման համար,

- սահմանամերձ տարածքների վրա կենտրոնանալով ստեղծել ռազմավարական փասթաթուղթ, հանել ջրի, հողի հարկը:

Հ. Գ. - Նշված հարցերին առնչվող մասնագետներին Արմենական-ՌԱԿ կենտրոնական վարչությունը խնդրում է ներգրավվել հետագա քննարկումներին: Մասնակցության համար դիմել office-rak@armenakan.am:

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4