«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2011-02-22 | #31, 2011-02-23 | #32, 2011-02-24


ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ««ԵՎՐՈՆԵՍԹԸ» ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՏՈՒՀԱՍ»

Մարտին Բրյուսելում նախատեսվում է «Եվրոնեսթի» հիմնադիր ժողովը

«Եվրոնեսթում» Հայաստանը ներկայացված է 10 հոգով: Ղեկավարը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն է: Նա համոզված է, որ «Եվրոնեսթը» կարող է Հայաստանի համար օգտակար ու արդյունավետ լինել միայն մեկ դեպքում. եթե մեր երկրի իշխանությունները հետեւեն ինչպես այս կառույցի, այնպես էլ Արեւելյան գործընկերության առաջարկած բարեփոխումներին: Նրա մեկնաբանությամբ` ԵՄ-ն «Եվրոնեսթը» կարող է կիրառել որպես գործիք` բարեփոխումներ իրականացնելու համար: «Եթե գնանք բարեփոխումների ճանապարհով, ուրեմն կառույցն օգտակար կլինի, սակայն եթե իմիտացիոն քաղաքականություն տարվի, եւ կրկին բարեփոխումներ տեղի չունենան, կդառնա մեր գլխին պատուհաս: Այնպես որ, սխալ քաղաքականության դեպքում, այն պարզապես կարող է վերածվել եւս մեկ բեմի, որտեղ Հայաստանին կսկսեն քննադատել տարբեր գործած ու չգործած մեղքերի համար: Բնական է, եւ չգործած մեղքերի համար, ինչպես դա տեսնում ենք ԵԽԽՎ-ում», Ազգային Ժողովում ասաց Հովհաննիսյանը:

Հայկական պատվիրակության ղեկավարը թերահավատորեն է վերաբերվում, որ իշխանությունները բարեփոխումներ կիրականացնեն, հավելելով, որ բարեփոխումները պետք է կատարվեն օրենսդրական մակարդակով:

Հովհաննիսյանն ուշադրություն է հրավիրում, որ Բելառուսին արգելել են ներգրավվել «Եվրոնեսթում»` պատճառաբանությամբ, որ երկիրը կիրառում է երկակի ստանդարտներ: Մինչդեռ հայկական պատվիրակությունը դեմ է այդ մոտեցմանը: Հայկական կողմը կողմ է Բելառուսի ընդգրկվածությանն ու մատնանշել է, որ Ադրբեջանն էլ է երկկակի ստանդարտներ կիրառում, եւ նախագահ Ալիեւն էլ Լուկաշենկոյի օրինակով ցանկանում է հավերժ մնալ նախագահի պաշտոնում: Սակայն Ադրբեջանը ներկայացված է «Եվրոնեսթում»:

«ԵԽ-ն ցանկանում է աշխատել Ադրբեջանի հետ հավանաբար այն պատճառով, որ Ադրբեջանն, ի տարբերություն Բելառուսի, նավթ ունի», ընդգծեց Հովհաննիսյանը: Նա համոզված է, որ որեւէ հարթակ Ադրբեջանն օգտագործում է հակահայ պրոպագանդայի համար, «Եվրոնեսթն» էլ բացառություն չէ: Հովհաննիսյանը հանդիպել է ադրբեջանական պատվիրակության ղեկավարին. վերջինս Հայաստանից հեռացած ադրբեջանցի է: Մեկնաբանելով հայկական պատվիրակության կազմը` Վահան Հովհաննիսյանն ասաց, որ տարածաշրջանի երկրներից ամենաժողովրդավարը Հայաստանի պատվիրակության կազմն է, որովհետեւ, ի տարբերություն Ադրբեջանի եւ Վրաստանի, այստեղ ընդգրկված են ներկայացուցիչներ խորհրդարանական բոլոր խմբակցություններից:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4