«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2011-02-22 | #31, 2011-02-23 | #32, 2011-02-24


ՀԱՆՐԱՀԱՅՏ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Ժամանակակից գենետիկա. գենոմային անկայունությունն ու դրա պատասխանները», տարբեր երկրների հայտնի գիտնականներն այս թեմայով դասախոսություններ են կարդում Երեւանում: Դասընթացների օրերը փետրվարի 20-25-ն են: Այստեղ նույնիսկ դասախոսություն է կարդացել ֆիզիոլոգիայի ու բժշկության ոլորտում 2001 թվականի Նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Թիմ Հանթը, որը համարվում է ժամանակակից բջջագենետիկայի հիմնադիրը: Թիմ Հանթն արդեն մեկնել է, նա Հայաստան էր ժամանել Անգլիայից:

Դասախոսությունների շարքի վերաբերյալ «Ազգը» զրուցեց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանի հետ: Դասընթացները կազմակերպել է նրանց կազմակերպությունը ԵՊՀ-ի ու Եվրոպական կենսաքիմիկոսների ասոցիացիաների ֆեդերացիայի (FEBS) աջակցությամբ: Ֆինանսական աջակցություն ցուցաբերել է Երեւանի կոնյակի գործարանը: Խոսելով դասընթացների թեմայից` Արսեն Գասպարյանը բացատրում է, որ գենոմային անկայունությունը գենետիկական խախտումն է, որը տեղի է ունենում գենետիկական նյութում: Առողջ մարդու օրգանիզմում խախտումները միշտ չէ, որ վերանում են, ժամանակի ընթացքում նաեւ լինում են քաղցկեղածին երեւույթներ: Սրա մասին այսօր դասախոսություն է կարդալու անգլիացի հայտնի ուռուցքաբան եւ վիրուսաբան Ռոբին Ուեյսը, նա ղեկավարում է ՁԻԱՀ-ի հետազոտություններով զբաղվող այն հիմնադրամը, որը հովանավորում է «Microsoft» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը: Արսեն Գասպարյանի խոսքով` առաջին անգամ է, որ Հայաստան են եկել նշված ոլորտի այսքան շատ մասնակիցներ. Հուսով ենք` վերջին անգամը չէ»: Սա հրաշալի հնարավորություն է ընձեռում երիտասարդ կենսաբաններին, գիտնականներին ու ուսանողներին հաղորդակցվելու աշխարհի հայտնի լաբորատորիաների ու համալսարանների գիտնականների հետ եւ լսելու նրանց դասախոսությունները:

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» փոխնախագահ Սարգիս Աղայանն ասում է. «Ի տարբերություն հայ գիտնականների, որոնք մի տեսակ բարձրից են նայում ու մեզ լուրջ չեն վերաբերվում, արտասահմանցի գիտնականները մեզ վերաբերվում են ինչպես հավասարը հավասարին»:

Դասընթացներն անցկացվում են «Կոնգրես» հյուրանոցում: Մասնակիցների ընտրությունը կատարվել է մրցութային սկզբունքով: Մրցույթի մասին նախօրոք տեղեկացվել է www. yba.am կայքի, սոցիալական ցանցերի միջոցով, նաեւ հայտարարություններ են փակցվել բուհերում:

Ընտրվել են 50 հոգի, որից 20-ը եկել են արտերկրից` 17 երկրներից, իսկ մնացած 30 հոգին Հայաստանից են, որոնք բոլոր միջոցառումներին մասնակցում են անվճար: Դասախոսները 12 հոգի են, որոնցից միայն 4-ն են Հայաստանից: Արսեն Գասպարյանը ընդգծում է, որ մասնակցության հարցում հայ գիտնականներն ու կենսաբանները պասիվ են գտնվել. «Հավանաբար պատճառն օտար լեզուն է եղել, քանի որ աշխատանքային լեզուն անգլերենն է»: Միջոցառումները կազմակերպելու համար երիտասարդ կենսաբաններին դրամաշնորհը տրամադրել է FEBS-ը:

  «Ազգի» դիտարկմանը, արդյոք դժվա՞ր էր դրամաշնորհի շրջանակում թարգմանիչ վարձելը, Արսեն Գասպարյանը պատասխանեց. «Թարգմանիչ վարձելը թանկ կնստեր»: Նա տեղեկացնում է, որ դասախոսությունները լսելու առումով խիստ սահմանափակումներ չկան: Ովքեր տիրապետում են անգլերենին եւ հետաքրքրված են ժամանակակից գենետիկայով կարող են մինչեւ ամսի 25-ը գնալ «Կոնգրես» հյուրանոց եւ լսել դասախոսությունները, իսկ հեղինակավոր հյուրերը Հայաստանից կհեռանան ամսի 26-ին:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4