Ադլերի Սուրբ Սարգիս եկեղեցին հիմնադրվել է 1998 թվականին «Սեւան» հայկական համայնքի նախաձեռնությամբ ու օգնությամբ, ժողովրդական հանգանակությունների հաշվին, ինչպես նաեւ սփյուռքահայ առաջադեմ գործարար, բարերար Ռուբեն Թաթուլյանի օժանդակությամբ ու մասնակցությամբ: Ստեղծման օրից ի վեր, Հայաստանից հրավիրված Հաղպատի վանքի սարկավագ, ճեմարանական կրթությամբ զինված տեր Եզնիկ Ղազարյանը ամենայն հոգատարությամբ ու պատասխանատվությամբ հետեւում է Հայ առաքելական եկեղեցուն հատուկ կանոններին ու ծիսակատարություններին:
Հայ երիտասարդության համար եկեղեցին դարձել է եւս մեկ հավաքատեղի, որտեղ կարելի է ստանալ հոգեւոր բավականություն, իմաստալի խորհուրդներ ու բարոյական աջակցություն: Սուրբ Սարգիսը իր դռներն է բացել նաեւ Ադլերի կիրակնօրյա հայկական դպրոցի առջեւ, որտեղ տեղի հայազգի զավակները սովորում են մեսրոպյան տառերը, ծանոթանում հայ գրականության գործերին:
Փետրվարի 18-ի երեկոյան եկեղեցու բակում սովորականից ավելի աշխուժություն էր տիրում: Ադլերի եւ շրջակա գյուղերի հայ երիտասարդությունն արդեն քաջատեղյակ էր, որ ամեն տարի այս օրերին նշվելու է երիտասարդության ու սիրո արագահաս բարեխոս եւ հովանավոր սուրբ Սարգսի տոնը: Ռուսաստանի հայերի միության Ադլերի տարածաշրջանի երիտասարդական թեւի հովանավորությամբ, որի նախագահն է Արթուր Մակեյանը, ինչպես նաեւ եկեղեցու կնքահայր Վլադիմիր Մարգարյանի աջակցությամբ ու օժանդակությամբ երիտասարդության օրհնության օրը անցավ բովանդակալից, աշխույժ, ջերմ ու բարեկամական մթնոլորտում:
Պատարագից հետո տեր Եզնիկը ներկաներին մեկնաբանեց եկեղեցական տոնի խորհուրդը, իմաստը, ներկայացրեց նրա հետ կապված ավանդույթներն ու ժողովրդական պատումները:
- Սուրբ Սարգիս Զորավարը երիտասարդների սիրո բարեխոսն է, միեւնույն ժամանակ նա երիտասարդների հովանավորն է,- ասաց քահանան: Նա եղել է զինվորական եւ ապրել է 4-րդ դարում: Իր որդի Մարտիրոսի եւ 14 զինվորների հետ սուրբ Սարգիսը նահատակվել է քրիստոնեական հավատքի համար: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ տոնը հռչակվել է նաեւ երիտասարդության օրհնության օր:
Այնուհետեւ տեր Եզնիկը իր օգնական տեր Նաիրի Գեւորգյանի հետ օրհնեց երիտասարդներին, ապա եւ մատուցարանների վրա դասավորված աղաբլիթները բաժանեցին հավաքվածներին: Վանահայրը բացատրեց, որ սուրբ Սարգսի տոնին նախորդում է Գրիգոր Լուսավորչի հաստատած առաջավորաց պահքը, որը տեւում է 5 օր: Առաջավորաց պահքի նախորդող գիշերը, երիտասարդները աղաբլիթը ճաշակելուց հետո, ոչինչ չեն ուտում: Երազում հայտնվում է հարսնացուն կամ փեսացուն:
- Այսօրվա հետ կապված եւս մի սովորույթ ունի հայ ժողովուրդը, - շարունակեց տեր Եզնիկը, - տանտիրուհին մատուցարանով փոխինդ կամ ալյուր է դնում տան տանիքին կամ պատշգամբին: Սուրբ Սարգիսը պետք է անցնի եւ ալյուրի կամ փոխինդի վրա թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը: Ով հայտնաբերի այդ հետքն իր մատուցարանի վրա, այդ տարի կիրականանա նրա սիրո երազանքը:
ԱՆԱՀԻՏ ԱՆՏՈՆՅԱՆ, Սոչի