Հայ չորս մարզիկներն էլ արժանացան ոսկե մեդալների
Օրերս Թեհրանում ավարտված «Մարտեր առանց կանոնների» Ասիայի միջազգային բաց առաջնությունում գերազանց ելույթներ են ունեցել Հայաստանի պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի մարզիկները; Մրցումներին մասնակցած մեր չորս մարզիկներն էլ տուն են վերադարձել ոսկե մեդալներով: Այս մասին երեկ «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ, հավաքականի մարզիչ Հայկ Ղուկասյանը :
Իրանում առաջին անգամ էր նման մրցաշար անցկացվում: Մրցումներին մասնակցեցին 8 երկրների 134 մարզիկներ: Մեր հավաքականի մարզիկները մրցեցին Իրանի, Իրաքի, Աֆղանստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Ըստ Հայկ Ղուկասյանի, մրցաշարը բավական լավ էր կազմակերպված, մարտերն ուղիղ եթեր էր հեռարձակում Իրանի հեռուստատեսությունը, մարզադահլիճն էլ լեփ-լեցուն էր հանդիսականներով, որոնք երկրպագում էին իրանցի մարզիկներին: Մարտերը դիտելու եւ հայ մարզիկներին ոգեւորելու էին եկել Թեհրանի մարզական ակումբների անդամները: Հայկ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց նրանց, ինչպես նաեւ «Ալիք» օրաթերթին, որը լուսաբանել էր հայ մարզիկների մրցելույթները:
Հայ մարզիկները մասնակցեցին քաշային 4 կարգերի մրցումներին: Իրենց հիանալի դրսեւորեցին Սուրեն Մակարյանը (40 կգ), Վարշամ Գեւորգյանը (50 կգ), Ալբերտ Ղազարյանն (60 կգ) եւ Անդրանիկ Կարապետյանը (65 կգ): Նրանք ընդհանուր առմամբ 12 գոտեմարտ անցկացրին եւ բոլորում էլ հաղթելով մրցակիցներինՙ կանգնեցին պատվո պատվանդանի վերին աստիճանին: Ընդ որում հարկ է նշել, որ մեր մարզիկներն անձնական քաշով զիջում էին մրցակիցներին, սակայն վարպետության, մարտը վարելու տեխնիկայի շնորհիվ գերազանցեցին նրանց:
Հետաքրքրական է նաեւ, որ Սուրեն Մակարյանն ու Վարշամ Գեւորգյանը եզրափակիչ մենամարտերում հաղթեցին ադրբեջանցիներինՙ կոտրելով մրցակիցների ձեռքը: Ինչպես նշեց Հայկ Ղուկասյանը, ցավեցնող հնարք կիրառելուց հետո ադրբեջանցիները չէին ցանկանում հանձնվել, ուստի մեր մարզիկները ստիպված էին նման ձեւով ավարտել մենամարտը: Հետաքրքրական է, որ մրցումների ավարտից հետո Ադրբեջանի ֆեդերացիայի նախագահը մոտեցել էր Հայկ Ղուկասյանին ու դժգոհել, որ 300 դոլար է ծախսել իր երկու մարզիկների ձեռքը գիպս դնելու համար: Որին Ղուկասյանը կատակով պատասխանել էր, որ եթե 200 դոլարը տար մեր մարզիկներին, ադրբեջանցիների ձեռքերը չէին կոտրի:
Հետաքրքրական մի դրվագ էլ Ղուկասյանը պատմեց Անդրանիկ Կարապետյանի եւ իրանցի մարզիկի մենամարտից: Երբ Անդրանիկը ցավեցնող հնարք է կիրառել, սակայն մրցակիցը չի հանձնվել, ցանկացել է կոտրել ձեռքը, բայց Ղուկասյանը թույլ չի տվել: Մենամարտը շարունակվել է, գոնգից հետո իրանցին հարվածել է Անդրանիկին, մրցավարներն էլ կողմնակալություն են դրսեւորելՙ ամեն կերպ աջակցելով իրանցուն: Այդքանից հետո հավաքականի մարզիչը հրահանգել է հարկ եղած դեպքում կոտրել մրցակցի ձեռքը: Անդրանիկն այդպես էլ վարվել է ու 4-րդ ռաունդում հաղթել է:
Ասուլիսին ներկա մեր չորս պատանի մարզիկներն էլ նշեցին, որ բավական լավ էին նախապատրաստվել մրցաշարին ու թեեւ մրցակիցները ուժեղ էին, հաղթեցին եւ մեր օրհներգը հնչեցրին Իրանում, որի համար շատ ուրախ են ու երախտապարտ Հայկ Ղուկասյանին: Նրանք նաեւ շնորհակալություն հայտնեցին հովանավորներինՙ Կարեն Գրիգորյանին ու Գարիկ Հովհաննիսյանին
Ասուլիսին հրավիրված էր նաեւ ArmFC եւ ProFC վարկածներով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը, սակայն նա նախօրեին մեկնել էր Մոսկվաՙ նկարահանվելու ֆիլմում: Հայկ Ղուկասյանը տեղեկացրեց, որ Դավիթի հաջորդ մրցակիցը հավանաբար կլինի Մագոմեդ Սադուլաեւը, որն անցյալ տարի չեմպիոնական գոտու համար գոտեմարտում զիջել էր իռլանդացի Ինսենին: Եթե Դավիթին հաջողվի հաղթել, ապա Հայաստանի պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիան ամեն ջանք կներդնի հոկտեմբերին Երեւանի մարզահամերգային համալիրում Ինսենի հետ մեր մարզիկի մենամարտը կազմակերպելու համար:
Ապրիլի 26-ին Հայաստանի հավաքականը կմեկնի Կիեւ, որտեղ քաշային 5 կարգերում կմրցի Ուկրաինայի ընտրանու հետ: Մայիսի 29-ին նախատեսվում է մրցաշար կազմակերպել Երեւանի կրկեսում, որի ժամանակ Դավիթ Խաչատրյանը պետք է մրցի 4 վարկածներով աշխարհի չեմպիոն իրանցի մարզիկի հետ:
Ֆեդերացիան նաեւ աշխատանքներ է տանում տարբեր երկրներում հայազգի ուժեղագույն մարզիկներին Հայաստանի հավաքականում ընդգրկելու հարցում: Օրինակ Հոլանդիայում է աշխարհի կրկնակի չեմպիոն Հրաչո Դարբինյանը, մեծ ճանաչում ունի Գեղարդ Մովսիսյանը, որը 2 վարկածով աշխարհի չեմպիոն է: Կան նաեւ ամերիկահայ մի քանի մարզիկներ: