Էլինա Դանիելյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Դոհայում ընթացող շախմատի կանանց Գրան պրիի խաղարկությունում: 2-րդ տուրում նրա մրցակցուհին աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեն էր: Վերջնախաղում Էլինայի 4 սպիտակ զինվորները պայքարում էին Չիբուրդանիձեի միակ ձիու դեմ` սպառնալով վերածվել թագուհու: Վրաց շախմատիստուհին չկարողացավ կանխել այդ սպառնալիքը եւ 74-րդ քայլին ընդունեց իր պարտությունը:
Վերջինն իր մրցավեճն ավարտած Լիլիթ Մկրտչյանն աշխարհի մեկ այլ նախկին չեմպիոնուհու` բուլղարացի Անտուանետա Ստեֆանովայի հետ պարտիայում պարտություն կրեց 79-րդ քայլին:
2 տուրից հետո մրցաշարում երկիշխանություն հաստատվեց: 2-ական միավորով աղյուսակը գլխավորում են Էլինա Դանիելյանն ու Նանա Ձագնիձեն: Վերջինս պարտության մատնեց Բատույագ Մոնգոնտուլին: Առաջին հաղթանակը տոնեց Համպի Կոներուն`առավելության հասնելով Մարթա Ֆիեռոյի նկատմամբ, որն անդրանիկ պարտությունը կրեց: Ֆրանսուհի Մարի Սեբագն էլ առաջին անգամ վայելեց հաղթանակի բերկրանքը Սյու Յուհուայի հետ պայքարում: Տուրի միակ ոչ-ոքին գրանցվեց Չժու Չենի եւ Պիա Կրամլինգի պարտիայում:
Մեկական միավորով առաջատարներին հետապնդում են Կոներուն, Ստեֆանովան, Կրամլինգը, Սեբագը, Յուհուան, Մոնգոնտուլն ու Ֆիեռոն: Լիլիթ Մկրտչյանը կես միավորով 10-11-րդ տեղերն է բաժանում Չժու Չենի հետ: Աղյուսակը եզրափակում է միավոր չունեցող Չիբուրդանիձեն:
3-րդ տուրում Դանիելյանը կմրցի Մոնգոնտուլի հետ, իսկ Մկրտչյանի մրցակիցը կլինի Սեբագը: