«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2011-02-23 | #32, 2011-02-24 | #33, 2011-02-25


ՏՐԱՊԻԶՈՆԻ ՍԱՆՏԱ ՄԱՐԻԱ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԻՋԱԴԵՊԸ ՕՐԱԿԱՐԳԻ ԽՆԴԻՐ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Վերջերս Տրապիզոնի կաթոլիկ Սանտա Մարիա եկեղեցին ենթարկվել էր հարձակման: «Ազգը» արձագանքել է այս փաստին: Հիշեցման կարգով նշենք, որ փետրվարի 2-ին մի խումբ թուրք ստահակներ գիշերվա ուշ ժամին աղմուկ-աղաղակ էին բարձրացրել եկեղեցու առջեւ, ապա պայթուցիկ նյութ շպրտել բակ եւ պահանջել էին իջեցնել գմբեթի խաչը, սպառնալով. «Կամ ինքնե՛րդ կիջեցնեք, կամ էլ մե՛նք ենք իջեցնելու, այլապես կվառենք եկեղեցին»:

Նախքան ոստիկանության ժամանումը դեպքի վայր ստահակները ցրվել էին: Թեեւ ոստիկանությունը խոստացել էր եկեղեցու պահակներինՙ հայտնաբերել ստահակներին, սակայն, թուրքական թերթերի վկայությամբ, ոչ միայն հետաքննություն չէր սկսել, ոչ էլ գործ էր կազմել, նույնիսկ դեպքը չէր գրանցել մատյանում: Եթե որեւէ դեպք չի գրանցվում, կնշանակիՙ տեղի չի ունեցել: Այլ կերպ, Տրապիզոնի ոստիկանությունը, կոծկելով դեպքը, պաշտպանության տակ է վերցրել ստահակներին:

Ըստ երեւույթին, այս հանգամանքը պատճառ է դարձել, որ միջադեպը օրակարգի խնդիր դառնա Եվրոպայում: Երեկ թուրքական կայքէջերը, նշելով այդ մասին, այդ փաստը պայմանավորել են Վատիկանի ռադիոյի հաղորդումով, որը նախ հիշեցրել է Սանտա Մարիա եկեղեցու քահանա Անդրեա Սանտորոյի չբացահայտված սպանությունը, ապա դեպքին արձագանքելու կոչ է արել Եկեղեցիների ֆեդերացիային: Այս կոչի հիման վրա Շվեյցարայի եպիսկոպոսաց կոնֆերանսը եւ Շվեդիայի բողոքական եկեղեցիների ֆեդերացիան, նկատի առնելով քրիստոնյաների նկատմամբ բռնությունների ու հալածանքների սաստկացումը Թուրքիայում, զգուշացրել են թուրքական կառավարությանը: Այսպիսով Տրապիզոնի դեպքը դարձել է օրախնդիր նաեւ Թուրքիայի արտգործնախարարության համար:

Արտգործնախարարության խոսնակ Սելչուք Ունալը «Խաչը գմբեթից չիջեցնելու դեպքում եկեղեցին հրկիզելու» սպառնալիքի առնչությամբ ասել է, որ Տրապիզոնի ոստիկանությունը դեպքից անմիջապես հետո ձեռնամուխ է եղել անհրաժեշտ միջոցառումներին, իսկ դատախազությունը իսկույն սկսել է գործի քննությունը: Այնուհետեւ նա շարունակել է. «Մեր երկրում սրբավայրերի դեմ կամ հոգեւորականների նկատմամբ ամեն մի ոտնձգություն ամենայն բծախնդրությամբ հետաքննվում է, եւ դեպքի առնչությամբ իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Ուշիուշով հետեւում ենք հանգուցյալ եպիսկոպոս Լուիջի Պադովեզեի սպանության գործին եւ ակնկալում, որ դատավարությունը շուտով կավարտվի»:

Ի դեպ, հանգուցյալ եպիսկոպոսն սպանվել էր 2010-ի հունիսի 3-ին Իսկենդերունում, իսկ 2006-ի փետրվարի 5-ին Տրապիզոնում սպանվեց քահանա Անդրեա Սանտորոն: Երկու դեպքում էլ մարդասպանը ձերբակալված է, իսկ սպանության պատվիրատուն ու կազմակերպիչներըՙ ոչ: Եթե մի երկրում օտարերկրացի հոգեւորականներին կազմակերպված սպանում են, եւ սպանությունը շարունակ մնում է չբացահայտված, ինչո՞ւ ոստիկանությունը բացահայտի «եկեղեցու խաչը իջեցնելու» սպառնալիքով հանդես եկողներին: Չէ՞ որ Սանտա Մարիա եկեղեցին տեսախցիկ, իսկ ոստիկանությունըՙ սպառնացող ստահակների նկարահանումներն ունեն: Եթե կենտրոնական թերթերը չեն ստել դեպքի առնչությամբ Տրապիզոնի ոստիկանության վերաբերմունքը լուսաբանելիս, ապա ոստիկանությունըՙ սպառնալիքի համար ստահակներին, իսկ Թուրքիայի արտգործնախարարությունն էլ միջադեպը կոծկելու համար ոստիկանությանն է սատարում:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4