«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2011-02-23 | #32, 2011-02-24 | #33, 2011-02-25


ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ը ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԾՆՆԴՅԱՆ 146-ԱՄՅԱԿԻ ՕՐՆ Է

Ինչպես կայացավ հերոսի աճյունի տեղափոխության կառավարական որոշումը

1990 թվականի փետրվարի 2-ին ՀԿԿ կենտկոմի բյուրոն քննարկելու էր հերոսի աճյունը մայր հայրենիք տեղափոխելու «Զորավար Անդրանիկ» հայոց համազգային միության առաջարկը:

Մինչ այդ միության նախագահության անդամների մասնակցությամբ պատրաստվել էր աճյունի տեղափոխության արարողակարգի մանրամասն ծրագիրը եւ դիմումների հետ ներկայացվել ՀԿԿ կենտկոմ եւ ԽՍՍՀ կառավարություն 1989 թ. օգոստոսին:

Վեց ամսվա հետեւողական պայքարից հետոՙ փետրվարի 2-ին երեկոյան ժամը 5-ին միության փոխնախագահներ, ակադեմիկոսներ Պարիս Հերունու եւ Գեւորգ Ղարիբջանյանի հետ մտնում ենք կենտկոմի քարտուղար Գալուստ Գալոյանի աշխատասենյակ: Ընդարձակ աշխատասենյակում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկարՙ գրողներ, պատմաբաններ, մշակույթի գործիչներ, խոշոր տրամաչափի պաշտոնյաներ:

Առանձնասենյակի գաղջ ծխահոտ օդից հայտնի էր, որ ներկաները այդտեղ հավաքվել էին ժամեր առաջ...

Ընկեր Գալոյանը, բացելով բյուրոյի նիստը, նրբորեն ակնարկեց, որ ժամանակներն անբարենպաստ են աճյունի տեղափոխության, հոբելյանական (հերոսի ծննդյան 125-ամյակի) հանդեսի համար: Գալոյանին համակարծիք ձայնակցեցին տասնյակ «բանիմաց» ընկերներ:

Մենք դժվարությամբ էինք զսպում մեր ընդվզումը:

Չհամբերելով, խոսքի իրավունք վերցրեցի, նախ հիմնավորեցի հարցը բարոյական, ազգի մարտական ոգու բարձրացման, արցախյան գոյամարտի հաղթանակի նկատառումներով եւ ի վերջո հերոսի վերջին կամքով, հայրենիքում թաղվելու կտակով: Մթնոլորտն էլեկտրականացած էր...

Խոսքը ավարտեցի. «Եթե հենց հիմա բյուրոն դրական որոշում չընդունի, ողջ ժողովուրդը Ձեզ բոլորիդ կորակի որպես թուրքերից վախեցող դավաճաններ»:

Խոսքս շարունակեց ակադեմիկոս Գեւորգ Ղարիբջանյանը, մասնավորապես նշելով Զորավարի դրական դիրքորոշումը Սովետական Հայաստանի եւ Ռուսաստանի նկատմամբ եւ, որպես հավաստիացում, իր ադամանդակուռ սուրը Հայաստանին նվիրելու փաստը:

Հետեւեց Պարիս Հերունուՙ իրեն հատուկ, վճռական խոսքը. «Դուք հասկանո՞ւմ եք, եթե հենց հիմա դրական որոշում չկայացնեք, ոնց եք խայտառակվելու ողջ ժողովրդի առջեւ...», եւ եզրափակեց. «Ինչ է, դուք չգիտե՞ք, որ ժամանակին թուրքերը Գերմանիայից մարդակեր Թալեաթ փաշային բերեցին Ստամբուլ եւ վերաթաղեցին որպես ազգի հերոսի Հաղթանակի բլրի վրա»:

Քար լռություն դահլիճում:

Հանկարծ բոլորիս ականջին հասան մարդկային հոծ զանգվածի բարձրագոչ վանկարկումներ դրսից:

Ով գեթ մեկ անգամ եղել է կենտկոմի քարտուղար Գ. Գալոյանի ընդարձակ աշխատասենյակում, գիտի, որ գրասեղանի հետեւում կա մի մեծ պատուհան, որը գրեթե միշտ վարագուրապատ էր: Ընկեր Գալոյանը վարագույրը հետ տարավ, բացեց պատուհանը, որից հետո առավել լսելի եղան ԱՆ-ԴՐԱ-ՆԻԿ, ԱՆ-ԴՐԱ-ՆԻԿ վանկարկումները, լսելի եղան նաեւ հրացանազարկեր (հետո պարզվեց, որ հարցի քննարկմանը տեղյակ միության եւ մարզադպրոցի ղեկավարները, մարզիկներն ու ազատամարտիկները, մի քանի հարյուր հոգի, հավաքվել էին կենտկոմի շենքի դիմացի ազգային ակադեմիայի հարթակում, եւ փետրվարյան ցուրտը հաղթահարելուց ու սպասելուց հոգնած, միության վարչության անդամ Գուսան Համազասպի հմուտ դիրիժորությամբ էին հնչում համադաշն վանկարկումները):

Ընկեր Գալոյանը շտապ դուրս եկավ աշխատասենյակիցՙ ներկաներիս թողնելով շփոթության եւ գուշակումների մեջ...

Մի քանի րոպե անց այդպես էլ բաց մնացած դռնից ներս խոյացավ ընկեր Գալոյանը եւ հանդիսավոր երանգով հայտնեց. «Գալիս է առաջին քարտուղարը»:

Մեղմաժպիտ ներս մտավ ընկեր Սուրեն Հարությունյանը, ընդհանուր բարեւեց եւ առանց նստելու հարցրեց. «Իսկ ի՞նչ պրոբլեմ կա, որ չհամաձայնենք Զորավարին արժանի գնահատելու գաղափարին»:

Մեր ներկայացրած որոշման նախագիծը ամբողջովին ընդունվեց:

Ընդամենը 23 օր հետոՙ 1990-ի փետրվարի 25-ին մարզահամերգային համալիրում առաջին, ցավոքՙ վերջին անգամ, պետականորեն նշվեց Զորավար Անդրանիկի ծննդյան հոբելյանը...

Հանրապետության ղեկավարությունը, որն այդ նույն օրըՙ ցերեկը լինելով Մոսկվայում, ՍՍՀՄ Գերագույն խորհրդի հերթական նստաշրջանի նիստից անմիջապես հետո ինքնաթիռով ժամանեց Երեւան եւ ներկա գտնվեց հոբելյանական հանդեսին (ի դեպ, մեր միության պատրաստած հոբելյանական մեդալները, կրծքանշանները, հուշադրոշները, հայտագրերը, հրավիրատոմսերը, գրքերը բաժանվեցին հանդեսի ներկաներին):

Այդ երեկո նիստի բացման Սուրեն Հարությունյանի խոսքը հայրենասիրական բոցաշունչ ելույթ էր...

Զորավարի կյանքն ու գործունեությունը բովանդակալից ներկայացրեց ընկեր Գ. Գալոյանը:

Վերջում ելույթի համար խոսքը տրվեց ինձ, որի շարադրանքով չծանրաբեռնեմ ընթերցողներին, միայն ասեմ, որ դահլիճում ներկա գտնվողները հոտնկայս տվեցին իրենց համաձայնությունը Հերոսի աճյունը տեղափոխելու մեր միության առաջարկած գաղափարին եւ ծրագրին: Արարողությունից հետո միության նախագահության ողջ անձնակազմով եկանք Հերունու ինստիտուտ, ուր ծայր առավ աշխույժ քննարկում Զորավար Անդրանիկի աճյունի տեղափոխման եւ, իհարկե, Արցախյան գոյամարտի շուրջը:

Սկսեցինք եռանդուն զբաղվել աճյունի տեղափոխության, գերեզմանի տեղի եւ գերեզման-դամբարանի կառուցման հարցերով:

Ամենայն հայոց հայրապետ Վազգեն Առաջինի խրախուսանքն ու օրհնանքը ստացանք եւ պատրաստակամությունըՙ Մայր աթոռի միջամտությամբ օգտակար լինելու սուրբ առաքելությանը: Եվ աճյունի վերահուղարկավորման ծրագրի մեջ նախատեսվում էր հայոց հերոսին Առաքելական եկեղեցու հատուկ ծիսակատարությամբ դասակարգել հայոց սրբերի շարքը:

Ցավոք, հերոսի աճյունի տեղափոխությունը իրականացավ տարիներ անց...

Այսօր Փարիզի Պեր լա Շեզ գերեզմանատուն այցելած յուրաքանչյուր հայ (եւ ոչ միայն հայ) հպարտությամբ կլցվի (միակ դեպքն է), որ աճյունի տեղափոխությունից հետո գերեզմանատեղին մնացել է անխաթար, որպես ազատատենչ մարդ զինվորի հուշարձան:

Առիթից օգտվելով մեկ անգամ եւս «Զորավար Անդրանիկ» միության նախագահության անունից շնորհակալությունս հայտնեմ Փարիզի նախկին քաղաքապետ, Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին, նրա մոտ ընկեր, իմ ախոյան ընկերոջսՙ հանրաճանաչ ըմբիշ պարոն Ռուվենին, Զորավարի հոգեզավակ նշանավոր ավիակոնստրուկտոր, ֆրանսիաբնակ Վազգեն Անդրեասյանին, Գարեգին Նժդեհի հետ բանտում տառապած Վարդգես (Ուխտունի) Մեքենաչյանին, Ֆրանսիայի բարձրագույն դատարանի դատավոր տիկին Լիոն Գերունիին (ինչպես պարզվեց, Արեւմտահայաստանում ցեղասպանության ենթարկված Լեւոնյան տոհմի բեկոր), Գեղունի Լեւոնյանին եւ փաստաբան Սերժ Բալյանինՙ իմ ոդիսական պայքարի ճանապարհին սատար կանգնելու, հերոսի աճյունի հայրենադարձելու հարցին օրինական լուծում տալու եւ գերեզմանատեղին որպես հուշարձան պահպանելու համար:

ՆՈՐԱՅՐ ՄՈՒՇԵՂՅԱՆ, «Զորավար Անդրանիկ» միության նախագահ


Նկար 1. «Զորավար Անդրանիկ» հայոց համազգային միության նախագահության անդամները Եռաբլուրում, հերոսի աճյունի վերաթաղման 40-րդ օրվա առթիվ այցի ժամանակ: Առաջին շարքում ձախից աջՙ Սիլվա Կապուտիկյան, Սամվել Մաթեւոսյան (Բրեստի հերոս), Նորայր Մուշեղյան, գեներալ Սամվել Սաֆարյան:

Նկար 2. Փարիզ, հոկտեմբերի 24, 1990 թ.: Զորավարի հոգեզավակ Վազգեն Անդրեասյանը (ծնվ. 1903 թ.) Նորայր Մուշեղյանի ճակատը համբուրելովՙ հայտնում է իր գնահատականը կատարած նվիրական գործերի համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4