Գազի գինը ոչ միայն չի աճի, այլեւ կնվազի
Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի անվան նախագահական գրադարանում երեկ Դմիտրի Մեդվեդեւը հյուրընկալեց Սանկտ Պետերբուրգ` աշխատանքային այցով ժամանած Հայաստանի նախագահին: Հանդիպման հենց առաջին րոպեները աչքի են ընկել ուշագրավ հանգամանքով. նախագահները` հակառակ աթոռների են նստած եղել, Սարգսյանը` ՌԴ, Մեդվեդեւըՙ Հայաստանի դրոշների մոտ: Երբ լրագրողները նկատել ու բարձրաձայնել են, Ռուսաստանի նախագահը պատասխանել է. «Սա ցույց է տալիս մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը»: Այնուհետեւ նախագահները զրուցել են փակ դռներից այն կողմ, նախօրոք հայտարարելով, որ հանդիպումից հետո ասուլիս չի լինելու: Մեդվեդեւն այս կապակցությամբ էլ նկատել է` «Կարեւորն այն չէ, թե մենք ինչ ենք ասում, այլ այն, թե ինչ ենք անում»:
Արդեն հանդիպումից հետո Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը հանդես եկավ հայտարարությամբ. «Մենք բավարարված ենք հանդիպման արդյունքներով: Նախագահ Սարգսյանի սանկտպետերբուրգյան բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ: 2011 թվականի ընթացքում Հայաստանի սպառողների համար գազի գինը չի աճի: Ավելին, սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը կնվազի: ՀՀ նախագահը հանձնարարել է մշակել համապատասխան մեխանիզմներ»: Ելցինի անվան նախագահական գրադարանի փակ դռներից այն կողմ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները «բարձր են գնահատել երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության վրա հիմնված համագործակցությունը: Նախագահները քննարկել են տարբեր ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել` տարածաշրջանային եւ միջազգային արդի խնդիրներին»:
Հ. Ա.
Նկար 1. Արարողակարգային սխալի հետեւանքով, ինչպես երեւում է լուսանկարից, Սերժ Սարգսյանը նստել է ՌԴ դրոշի, իսկ Դմիտրի Մեդվեդեւըՙ ՀՀ դրոշի առջեւ: