«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2011-02-24 | #33, 2011-02-25 | #34, 2011-02-26


ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՖՐԻԿԱՅՈՒՄ ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆԻ ԱՎԱԶԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ

Հետզհետե սրվում է նաեւ Բալկանյան երկրների ինչպես ներքաղաքական կյանքի, այնպես էլՙ միմյանց հետ հարաբերությունների լարվածությունը

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Հունվարի կեսերին Թունիսում ծայր առած հակակառավարական ցույցերը նախ վերաճեցին ժողովրդական զանգվածների խռովության, ապա տարածվեցին Հյուսիսային Աֆրիկայի, ինչպես նաեւ Մերձավոր եւ Միջին Արեւելքի արաբական երկրներում, ներառյալ Պարսից ծոցն ու Արաբական թերակղզին: Հակակառավարական ցույցերին շարունակում է ականատես լինել նաեւ Իրանը:

Զանգվածային խռովությունների պատճառով տապալվեցին Թունիսի եւ Եգիպտոսի նախագահները: Տապալումը հետզհետե անխուսափելի է դառնում նաեւ Եմենի եւ Լիբիայի առաջնորդների համար: Իշխանափոխությունը, սակայն, հարցերի լուծում չի ենթադրում: Հակակառավարական խռովությունների թատերաբեմ դարձած արաբական երկրները չունեն ժողովրդավարության ավանդույթներ: Բռնատիրական կարգերը կազմակերպված ընդդիմություն ձեւավորելու հնարավորություն էլ չեն տվել այդ երկրներին: Ուստի ժողովրդական զանգվածների խռովության վերաճած կառավարական ցույցերին ուղեկցել է բնակչության կողոպուտը, եւ որպես կանոնՙ այդ երկրներում դրանք հանգեցրել են քաոսային իրավիճակի:

Միջազգային ուժերի ռազմական միջամտությունը այս երկրներին ստեղծված իրավիճակից այնքան դուրս կբերի, որքան դուրս բերեցին Աֆղանստանի դեմ ՆԱՏՕ-ի, Իրաքումՙ ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմները: Հակաաֆղանական պատերազմը ոչ միայն չի ավարտվել, այլեւ ռազմական գործողությունների մեջ է ներքաշվել Պակիստանը: Գալով Իրաքին, ապա երկրից դուրս են բերվել ամերիկյան զորքերը, այլ ոչ թե երկիրը հանել են պատերազմական իրավիճակից:

Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաեւ Թունիսում ժողովրդական զանգվածների խռովությանը նախորդող Լիբանանի կառավարական ճգնաժամը, պետք է ասել, որ խռովությունների դեռեւս գլխավոր արդյունքը արաբական երկրների առաջացած քաոսային իրավիճակից բխող անկայունությունն է, որը մշտական գործոն է դառնում Պակիստանից մինչեւ Մարոկկո ընկած տարածքում: Դա կնշանակի Արեւելյան եւ Հարավային Միջերկրականի ապակայունացումը, որտեղ, ունենալով ավանդական կապեր առանձին երկրների հետ, «կենսական» շահեր են հետապնդում Եվրոմիության առաջատար երկրները:

Դա միանգամայն տրամաբանական է, որովհետեւ Միջերկրականի առափնյա երկրներից Սիրիան, Լիբանանը, Թունիսը, Ալժիրը, Մարոկկոն ֆրանսիական ազդեցության տարածքներ են, իսկ Լիբիանՙ Իտալիայի, որի հետ լիբիական բարձրորակ նավթից կախում ունի նաեւ Գերմանիան: Այլ կերպ, Արեւելյան եւ Հարավային Միջերկրականի ապակայունացումը չի կարող չանդրադառնալ ԵՄ-ի առաջնակարգ այնպիսի երկրների տնտեսական եւ քաղաքական շահերին, ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, էլ չենք խոսում Եգիպտոսի հետ Մեծ Բրիտանիայի ավելի քան ավանդական, բազմակողմանի կապերի մասին:

Հետեւաբար Հյուսիսային Աֆրիկայում եւ տարածաշրջանում ծավալվող խռովությունները, որպես Արեւելյան եւ Հարավային Միջերկրականի երկրների ապակայունացման միջոց չեն կարող բխել Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, նաեւ Մեծ Բրիտանիայի շահերից, հատկապես այն դեպքում, երբ քաղաքական զարգացումներն այս երկրներում ընթանում են անկանխատեսելի հունով, որքան էլ կազմակերպված ընդդիմության բացակայությամբ բանակը նրանցում դառնա տապալվող վարչակարգերի այլընտրանքն ու այն կարող ուժը, որն ի վիճակի է վերահսկել քաղաքական զարգացումների ընթացքը:

Ի՞նչ դիրք կգրավի արաբական երկրներում տարիներ շարունակ բռնատիրական վարչակարգերի համար պատվարի դեր կատարած բանակը իսլամական շարժումների ծավալման պարագայում, կպաշտպանի՞ շարժումը, թե՞ դուրս կգա իսլամ-արմատականության նկատմամբ հակում ունեցող ժողովրդի դեմ, դժվար է ասելը: Բայց որ դեմ դուրս գալու դեպքում ակամա շարժումն է խթանելու եւ երկրում այլեւս չի դիտվելու որպես բռնատիրական վարչակարգի այլընտրանքը, ակնհայտ է: Այսինքն, բանակը լիարժեք չի ապահովում արաբական երկրներում ընթացող քաղաքական զարգացումների կանխատեսելիությունը: Քանի որ նրա վերահսկողությունը անհամատեղելի է նաեւ ժողովրդավարության հետ, ուստի վերահսկողության պահպանման դեպքում որքան էլ բռնատերերը տապալվեն, նրանք ընդամենը փոխարինվում են բռնատիրական վարչակարգերի համար պատվարի դեր կատարած բանակով, ընդ որումՙ առանց արմատական շարժումների դեմ հստակ դիրքորոշման եւ դրանց հնարավոր ծավալումը ճնշելու իրական կարողության:

Այլ կերպ, Արեւելյան եւ Հարավային Միջերկրականի երկրներում բանակի վերահսկողությունը թեեւ խախտում է բռնատիրական վարչակարգերով հաստատված ստատուս քվոն, փոխարենը, սակայն, այդ երկրների հետ ապակայունանում է նաեւ Միջերկրական ծովի ավազանը, առանց իսլամական արմատականության վտանգի չեզոքացման: Ահա թե ինչու սկզբնական փուլում Եվրոմիությունը հակակառավարական ցույցերի նկատմամբ հստակ դիրքորոշում չէր արտահայտումՙ նախընտրելով սպասել իրադարձությունների հետագա զարգացմանը: Երբ իրադարձությունները դուրս եկան գործող վարչակարգերի վերահսկողությունից, եվրոպական այս կառույցը սկսեց շեշտել կայունության կարեւորությունը:

Ակնհայտ է, որ կայունության բացակայությունը կասկածի տակ էր դնում Միջերկրականի ավազանի երկրներին ընդգրկող ամեն մի նախագիծ: Քանի որ այդ կարգի նախագիծը շահագրգռում է Ֆրանսիայի գլխավորությամբ Հարավային Եվրոպայի երկրներին, ուստի նրանք հակված էին պաշտպանել Միջերկրականի ավազանում ստատուս քվոյի պահպանման գաղափարը, իսկ Հյուսիսային Եվրոպայի երկրներըՙ մասնավորապես Գերմանիան, արտահայտվեցին ժողովրդական շարժումները պաշտպանելու օգտին, պահանջելով միաժամանակ, որ ԵՄ-ը դադարեցնի բռնատիրական վարչակարգերին ցուցաբերած աջակցությունը:

Այսպիսով, արաբական երկրներում ծավալվող խռովությունները պատճառ դարձան ԵՄ-ի երկրների միջեւ տարաձայնությունների առաջացմանը, բաժանելով նրանց երկու խմբի: Հարկ է սակայն նշել, որ Միջերկրականի ավազանի ապակայունացման պարագայում Հարավային Եվրոպայի երկրների խնդիրը Հյուսիսային Աֆրիկայի եւ տարածաշրջանի արաբական պետությունները չեն միայն, այլՙ Բալկանյան թերակղզին, որտեղ հետզհետե սրվում է լարվածությունը, ինչպես Բալկանյան երկրների ներքաղաքական կյանքում, այնպես էլ միմյանց հետ հարաբերություններում, որի հետեւանքով պայթունավտանգ է դառնում նաեւ Հյուսիսային Միջերկրականը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4