«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2011-02-24 | #33, 2011-02-25 | #34, 2011-02-26


ՓՐԿԵԼ ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԸ` ՄԵԼԳՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

Մելգոնյան կրթական հաստատության փակման հարցն ու շենքի հետագա ճակատագիրն արդեն տեւական ժամանակ Հայաստանի եւ Սփյուռքի լայն շրջանակների ուշադրության եւ մտահոգության կենտրոնում են:

Մելգոնյան կրթական հաստատության կենսագրության սկիզբը 1921թ. է, երբ Կարապետ Մելգոնյանը կտակ է կազմում եւ իր ունեցվածքը նվիրաբերում Պոլսո հայոց պատրիարքին` պայմանով, որ նա այդ գումարով դպրոց կառուցի: 1925 թ. կնքվում է գործարք, որով Պոլսո հայոց պատրիարք Զավեն Եղիայանը ՀԲԸՄ-ին է փոխանցում դպրոցի տնօրինության հետ կապված բոլոր արտոնությունները: Համաձայն այդ պայմանագրի` ՀԲԸՄ-ի տնօրինության տակ են անցնում հաստատության շարժական ու անշարժ գույքը, սակայն պայմանով, որ ՀԲԸՄ-ն պարտավոր է պահպանել հաստատությունը:

1926-ին նույն համաձայնագրում կատարվում են լրացումներ, եւ ՀԲԸՄ-ն ազատվում է բոլոր սահմանափակումերից եւ դառնում Մելգոնյան վարժարանի լիիրավ սեփականատեր: Հաստատությունն իր դռները բացում է 1926-ին ու իր գործունեությունը շարունակում է մի քանի տասնամյակ:

2004 թ. մարտի 14-ին ՀԲԸՄ վարչությունը միաձայն որոշում է կայացնում փակել հաստատությունը: Դպրոցի փակման առնչությամբ դատավարություններ են կայացել Կիպրոսում եւ ԱՄՆ-ում, սակայն երկու պետությունների դատարանները հարցը որոշել են հօգուտ ՀԲԸՄ-ի: Հետեւաբար իրավական ճանապարհով անհնար է պայքարել դպրոցի բացման համար:

Կիպրոսի կառավարությունը հաստատության գույքի մի մասն արգելադրել է: Դպրոցն ընդգրկված է պետական հուշարձանների ցանկում: Արգելվում է քանդել շենքը եւ կառավարության որոշմամբ կարող է օգտագործվել միայն որպես կրթական կամ մշակութային հաստատություն: Սարսափելի վիճակում է դպրոցի գրադարանը:

«Մելգոնյան դպրոցի վերածնունդ» նախաձեռնող խումբն ավելի քան մեկ տարի գործունեություն է իրականացնում Մելգոնյանի հիմքի վրա հայկական դպրոց կառուցելու համար:

Նախաձեռնող խմբի անդամներից տեր Մեսրոպ քահանա Արամյանը փաստում է, որ տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ Կիպրոսի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Տեղի են ունեցել հանրային լսումներ` կրթության ոլորտի մասնագետների ու գործարարների մասնակցությամբ: Տեր հոր ներկայացմամբ` բազմիցս դիմել են ՀԲԸՄ-ի ղեկավարությանը, առաջարկությամբ վարձակալել շինությունը եւ ստեղծել 21-րդ դարի չափանիշերին համապատասխանող դպրոց, սակայն ՀԲԸՄ-ն որեւէ պատասխան չի տվել:

Արամյանի ներկայացմամբ` եթե ՀԲԸՄ-ն շարունակի լուռ քաղաքականություն իրականացնել, ապա նախաձեռնող խմբի անդամները կշարունակեն Կիպրոսում հայկական դպրոց կառուցելուն ուղղված ջանքերը: Նրանք մտադիր են Նիկոսիայում Մելգոնյանի հիմքի վրա նոր դպրոց կառուցել: Մշակվել է ծրագիրը, որը, ըստ Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի, շատ լավն է եւ աշխատող: «Ներդրումային ծրագիրը բազմաթիվ գործարարների հավանությանն արժանացավ եւ օր առաջ պետք է կյանքի կոչվի», Մելգոնյան կրթական հաստատության «Փառավոր անցյալ, անորոշ ներկա» խորագրով պատմա-իրավաբանական ուսումնասիրության ներկայացման ժամանակ «Ազգ»-ի հետ զրույցում ասաց Արսեն Ղազարյանը: Տեր Մեսրոպ քահանա Արամյանն էլ փաստեց, որ կա մարդկանց մի խումբ, որ պատրաստ է ներդրումներ կատարել:

Նա հավելում է, որ ԵՄ-ն արեւմտահայերենն անհետացող լեզուների շարքում է դասել եւ անհետացող լեզուները պաշտպանելու քաղաքականություն մշակել: Այսօր արեւմտահայերենի պաշտպանության խնդիր կա, Կիպրոսն էլ, որպես ԵՄ անդամ պատրաստ է արեւմտահայերենի պաշտպանության ծրագիր իրականացնել:

«Կիպրոսում այսօր չկա արեւմտահայերենով ուսուցանվող ավագ դպրոց, եւ երկիրը ողջունում է այդ բացը լրացնելու նախաձեռնությունները: Հետեւաբար, Մելգոնյան նոր դպրոցը հրաշալի օրինակ կարող է հանդիսանալ»:

Իրավական ճանապարհով հարցի լուծման բանալին անհնար է գտնել, հետեւաբար պետք է որոշման վրա ազդել հասարակական կարծիքի օգնությամբ: Արամյանն ասաց, որ նախատեսվում են նմանատիպ լսումներ անցկացնել հասարակական տարբեր շերտերի մասնակցությամբ եւ հիմք դնել հայկական դպրոցի մրցունակության համար: Այս տարի լրանում է դպրոցի հիմնադրման 85-ամյա հոբելյանը: Մելգոնյանի տարբեր տարիների շրջանավարտները մայիսին Հայաստանում կկազմակերպեն տոնական միջոցառում:

ՀՍՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4