ԱՄՆ առաջին փոխպետքարտուղար Ջեյմս Սթայնբերգի այցելությունը Հայաստան եւ Ադրբեջան, ի թիվս այլ հարցերի, կոչված էր նպաստելու նաեւ տարածաշրջանում լարվածության թուլացմանը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Փետրվարի 24-ին ԱՄՆ-ում հերթական ճեպազրույցում այցն այսպիսին է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին:
Ըստ Քրոուլիի, Օբամայի վարչակազմը ցանկանում է, որ հարավկովկասյան պետությունները «կարգավորեն իրենց տարաձայնությունները սահմանները բացելու, հարաբերություններն առավել նորմալ դարձնելու առնչությամբ»: Քրոուլին ընդգծել է, թե ԱՄՆ-ը մտադիր է ակտիվորեն փոխազդել այս երկրների հետ, խրախուսել, որպեսզի միջոցներ գտնվեն երկու երկրների միջեւ գոյություն ունեցող մտահոգություններն ու հակասությունները վերացնելու ուղղությամբ:
Միեւնույն ժամանակ, Միացյալ Նահանգներն, ի դեմս Քրոուլիի, հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ գտնում է, որ որեւէ մեկն ավելին ցանկանալ չի կարող, քան հենց ներգրավված կողմերը: Քրոուլին հավատացրել է, որ ԱՄՆ-ը կշարունակի ջանքեր գործադրել իրավիճակի նորմալացման ուղղությամբ, «հասկանալով, որ այս փուլում իրավիճակը մնում է բարդ»:
Եվ այն ժամանակ, երբ Քրոուլին հայ-թուրքական գործընթացում առանձնակի առաջըթնաց չի տեսնում վերջին ժամանակների համար, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում ինչ-որ դրական միտումներից է խոսում այս օրերին հարավկովկասյան տարածաշրջան այցելությունն ավարտած ԱՄՆ առաջին փոխպետքարտուղար Ջեյմս Սթայնբերգը: «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ԱՄՆ ներկայացուցիչը նաեւ հավաստիացնում էր, թե ԱՄՆ-ը ցանկանում է աջակցել այդ «միտումների հետագա զարգացմանը»:
ԱՄՆ առաջին փոխպետքարտուղարի հայտարարությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները ԱՄՆ արտաքին քաղաքական գործունեության համար հիմնական ուղղություն են: Ադրբեջանական այն պնդումների առնչությամբ, թե Ռուսաստանը ստանձնել է միանձնյա միջնորդություն եւ դա չի համաձայնեցվում համանախագահող մյուս երկրների հետ, Սթայնբերգը չի համաձայնել, հիշեցնելով, որ թեկուզ վերջին կարեւոր փաստաթուղթը, որ ստորագրվեց Աստանայում, ներկայացնում է բոլոր համանախագահող երկրների ներկայացուցիչների մոտեցումը` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրության հետ մեկտեղ:
Ավելին, ԱՄՆ առաջին փոխպետքարտուղարը ողջունելի է համարել Ռուսաստանի` վերջին շրջանի նախաձեռնությունները, ընդգծելով, որ համանախագահող երեք երկրներն էլ ակտիվ աշխատում են` իրենց ներդրումն ունենալով հակամարտության կարգավորման գործում:
Սթայնբերգը, թերեւս դժվար հասկացողների համար, ընդգծել է. «Մենք գտնում ենք, որ կարգավորման միակ ուղին խաղաղ դիվանագիտական ճանապարհն է, եւ մենք ջանում ենք սա հասցնել երկու կողմերին», երկու կողմերն էլ, ամենայն հավանականությամբ, նշելով որպես հավասարակշռություն:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ