Արաբական աշխարհը արդեն մեկուկես ամիս աննախադեպ ժողովրդական խռովությունների թատերաբեմ է: Ի տարբերություն արաբների, հայերը դեռ մի որոշ ժամանակ պետք է սպասեն իրենց ներկան տնօրինելու համար:
Եմենից մինչեւ Հորդանան, Պաղեստինյան ինքնավարությունից մինչեւ Սուդան բողոքների աննախադեպ ալիք է բարձրացել ազատ ընտրությունների անցկացման, մարդու իրավունքների հարգման եւ սոցիալական արդարության պահանջներով: Հնօրյա Կարթագենի երկիր Թունիսից սկսվելովՙ հեղափոխական հուզումները տարածվեցին, ճանապարհին տապալելով Թունիսի եւ Եգիպտոսի բռնապետներին: Մաղրիբում ի հայտ են գալիս անկասելի երիտասարդություն, ինտերակտիվ նոր լրատվամիջոցներ, սոցիալական շարժումների նոր ձեւեր, որոնք սպառնում են սասանել թվացյալ հսկաների անկայուն քաղաքական հավասարակշռությունըՙ իսլամական վտանգի վերաբերյալ նրանց հնացած ամբոխավարական ելույթներով հանդերձ: Ինտերնետի եւ Պարսից ծոցից մինչեւ Ատլանտյան օվկիանոս արաբական աշխարհը հեղեղող արբանյակային հանդուգն ալիքների ժամանակաշրջանում կյանքը ծանր է թվում բռնակալներին:
Եթե Իսրայելը դողում է այն մտքից, որ «Մուսուլման եղբայրները» կարող են իշխանությանը տիրել Կահիրեում կամ Ամմանում, Միջերկրականի հարավից ստացվող լուրերը իրոք ուրախացնում են: Մի կողմից, դրանք վերջ են դնում իսլամի եւ բազմակարծության ժողովրդավարության արժեքների անհամատեղելիության պնդմանը, մյուս կողմից, դրանք ցուցադրում են արեւմտյան տերությունների (կամա թե ակամա) կուրությունը բռնապետական վարչակարգերի դեմ հանդիման, որոնք (բացառությամբ Թունիսի) չեն աշխարհիկացրել իրենց հասարակությունները:
Ինչպես ընդգծում է արաբական-մահմեդական աշխարհի մասնագետ Ժիլ Կեպելը , 2001-ի սեպտեմբերի 11-ի իրադարձությունների խորացած հոռի շրջանը պարփակել է տարածաշրջանը ավտորիտար զնդանի եւ իսլամիստական մուրճի արանքում: Այսպիսով, արաբական աշխարհը հարոս էր թողնված համաշխարհային պատմությունից հեռու, դրսում էր մնացել Իսրայելի հետ հակամարտության եւ նավթային եկամուտների պատճառով: Արդ, մենք տեսանք, որ այդ շրջանը աստիճանաբար ճեղքվում է: Բայց նրանք ինչպե՞ս կարողացան հաջողության հասնել այնտեղ, որտեղ հայերը ցավալի ձախողում կրեցին 2008-ի գարնանը:
Թունիսի (մասամբ էլ Ալժիրի) դեպքում վերցնենք հետեւյալ բաղադրատոմսը. սոցիալական լարված իրավիճակ, դիպլոմավոր գործազուրկ եւ ապաքաղաքական երիտասարդներ (ի տարբերություն` մեծահասակների): Ժողովրդի սքողված հուսախաբության այդ մթնոլորտում հրդեհի բռնկման համար անհրաժեշտ պատկերը ոչ թե մահապարտ ջիհադիստի կերպարն է, այլ վշտաբեկ դիպլոմավոր երիտասարդը, որն ինքնակիզման է դիմում, հուսահատության ճիչ արձակելով: Վառոդի բռնկման պես համախմբումը տարածվեց ուրիշ շրջաններում, միավորելով քաղաքային աղքատ երիտասարդներին, բարոյալքված ուսանողներին, իշխանավորների անխիղճ ու գիշատչական շահագործմանը ենթակա միջին խավի ներկայացուցիչներին:
Ամեն երկիր ունի իր առանձնահատկությունները: «Եգիպտական ինթիֆադան» արտահայտում էր ժողովրդի հիասթափությունը իշխանության համատարած կաշառակերությունից, 2010-ի նոյեմբեր-դեկտեմբերի օրենսդրական ընտրությունների շրջափակումից, ղպտիների կոտորածների հետեւանքով միջազգային ասպարեզում Եգիպտոսի վարկի անկումից եւ այլն: Հաղթանակների բերկրանքից հետո այդ ժողովուրդներն արթնացան բերանում դառը համի կանխազգացողությամբ: Քանզի պայծառ ապագայից խոսելը կնշանակեր անտեսել անապահության վախը, 80 միլիոն եգիպտացիների մեջ ընտրախախտումների ենթակա 40 տոկոս անգրագետների գոյությունը, ժողովրդագրական առումով աննշան միջին խավը, գաղափարախոսության պակասը... Մի խոսքով, բազմաթիվ գործոններ, որոնց պատճառով 2011-ի իրադարձությունները նման չեն 1950-ականների ձախամետ զինվորական հեղափոխություններին, որոնք բանակը կանգնեցրին իշխանության գլուխ: Դա մեզ խորհել է տալիս, որ վերջին 60 տարիներին Եգիպտոսում իշխանության ղեկի մոտ կանգնած բանակը ամեն ինչ կանի իր իշխանությունը պահպանելու համար, ժողովրդականություն չվայելող նախագահին փոխարինելով ավելի բարեհամբավ մի գեներալով:
Հարկ է հիշեցնել, որ Եգիպտոսում ընդդիմությունը կառուցված չէ քաղաքական ճշգրիտ ծրագրի շուրջը (ինչպես Թունիսում եւ Եմենում): Բացառությունը «Մուսուլման եղբայրներն» են, որոնք վարժված են ընդհատակին եւ, չնայած մասնատվածությանը, համբերատար կերպով շարունակում են հասարակության կառուցումը (նրանք վերահսկում են արհեստակցական միավորումների մեծամասնությունը): Այդ բոլոր վտանգների դեմ հանդիման արաբական այս գարնան ապագան բավական անորոշ է թվում... «Մոնդ» թերթում հրապարակած մի հոդվածում ժամանակակից իսլամի հայտնի սոցիոլոգ Օլիվիե Ռուան իրեն հարց է տալիս, թե ուր են կորել իսլամիստները: Ցուցարարների նկարագիրը տալիս նա ուղղակիորեն խոսում է հետիսլամիստական սերնդի մասին, որը գործնական է եւ չի հետաքրքրվում գաղափախոսությամբ:
Հին բռնակալների հրաժարականներով ավարտված ցույցերի գլխավոր պահանջներն էին մարդու արժանապատվությունը եւ ժողովրդավարությունը: Նման ընդհանրական արժեքները պարտադիր չէ, որ ներմուծվեն, եթե դրանք կարող են աստիճանաբար հարմարեցվել տեղական իրողություններին: Օլիվիե Ռուան ընդգծում է մեկ ուրիշ տարօրինակ երեւույթ. նախագահ Օբամայի հանդուրժողականությունը, ըստ երեւույթին, թույլ տվեց, որ տեղական պահանջներն ամենայն օրինականությամբ արտահայտվեն այնպիսի պայմաններում, երբ Արեւմուտքը ժողովրդավարության առաջընթացը շաղկապում է երրորդ երկրի գործերին միջամտելու հետ եւ նույնիսկ աղետալի հետեւանքներով ռազմական միջամտության հետ:
Իր հերթին հարավային Սուդանի ժողովուրդը երկարատեւ քաղաքացիական պատերազմից հետո կարողացավ իր կամքը թելադրել Խարթումի վարչախմբին: Հասնելով տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ ինքնորոշման իրավունքի գերակայությանը, հարավցիները անկախություն կստանան առաջիկա հուլիսին: Սա բարի լուր է Լեռնային Ղարաբաղի համար, որը փորձում է ամրապնդել իր ինքնիշխանությունը, մինչ Ադրբեջանը ամեն առիթով ավելի ու ավելի բացահայտորեն է ցուցադրում իր ռազմատենչ նկրտումները:
Իսկ Հայաստանի իշխանությունները կկարողանա՞ն արդյոք մշտապես պարծենալ, որ իրենք կայունության միակ եւ անփոխարինելի երաշխավորն են: Այլ կերպ ասած, Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը կնպաստի՞ արդյոք հիմնարար ազատությունների ճնշմանը: Քաղաքացիական հասարակության սաղմը եւ փխրուն կառույցները (անկախ մամուլ, ոչ կառավարական կազմակերպություններ, համալսարաններ...) ի՞նչ կարող են անել, որպեսզի Հայաստանում վիճարկման մի նոր քամի փչի, չփլուզելով խախուտ շենքը: Իրականում անթափանցության եւ լուրջ բանավեճի բացակայության պատճառով Հայաստանը հեռու է մնացել այսպես կոչված «գունավոր» հեղափոխություններից:
Սփյուռքը հուսախաբված է Արեւմտահայաստանի կորստից, Հայաստանի դեպքերի վրա ազդելու անկարողությունից, մինչդեռ հայ երիտասարդ մարտիկները շտապում են տեսնել Թուրքիայում 1915-ի Ցեղասպանության ճանաչումը եւ պատմության առջեւ այդ երկրի բարդույթի վերացումը:
Ճամփաբաժանի վրա պետք է հիշել. Հայաստանի գործերին սփյուռքյան կառույցների որեւէ միջամտություն կավարտվի ձախողմամբ: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի վերջին ձեռնարկումները կշարունակեն դժգոհություն հարուցել Սփյուռքում: Քարացածությունը հուսախաբության ակունքներից մեկն է: Սրան գումարվում է Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդության գաղափարախոսության պակասը, ինչպես նաեւ ժողովրդավարական քննարկման կանոնների չիմացությունը: Հայաստանի երիտասարդությունը (եւ արաբական աշխարհինը) հիմա ավելի անհատապաշտ է եւ ձգտում է մարդավայել կյանք գտնել արտագաղթի միջոցով, ինչը դատարկում է Հայաստանը եւ մի նոր մտահոգություն պատճառում Սփյուռքին:
«Արաբական հեղափոխությունները» գուցեեւ ներշնչանքի աղբյուր դառնան հայերի համար: Բայց չպետք է մոռանալ, որ Հայաստանը նյութապես ի վիճակի չէ զանգվածային բողոքների արշավ ծավալելու օլիգարխների վարչակարգի դեմ, ինչպես դա ցույց տվեց 2008-ի գարնանային փորձը:
Հայաստանում եւ Սփյուռքում առկա է մեկ ուրիշ հուսախաբություն, երբ անտարբեր դիտում ենք նույն ընտրախավերի նորացումը, որպեսզի ընտրություն կատարենք կաշառասուն վարչակարգի եւ քաոսի միջեւ: Բայց վերջին հաշվով օլիգարխիայի իշխանությունը եւ քաոսի վախը միեւնույն խաբեության երկու կողմերն են, որոնք սնում են միմյանց:
ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, France-Arme՛nie, Fe՛vrier 2011, Ֆրանս. թարգմ. Պ. Ք.