«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2011-02-24 | #33, 2011-02-25 | #34, 2011-02-26


ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ «ՓԱՍՏԱՑԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ». ՈՒՐ ԷՐ ԹԵ...

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն , անկախ անցած ճանապարհից, դիվանագիտական վարքագիծ դրսեւորելու հարցում հաստատապես կաղում է, հատկապես եթե նկատի ունենանք, որ նրա վարժ անգլերենն ու քիչ պակաս, բայց էլի բարձրության վրա գտնվող ռուսերենը չեն օգնում Վաշաձեին առավել կոռեկտ ու հանգիստ խոսել այնպիսի թեմաների մասին, որոնք վրացական արտաքին քաղաքականության օրակարգում են, եւ դրանցից խուսափելու Վաշաձեի ընտրած ձեւերն ուղղակի հիշեցնում են սեփական վարքագիծն ու լեզուն վերահսկելու իմացության չգոյության մասին:

Վրաստանի արտգործնախարարն, իր ժամանակին, այնքան ոչ դիվանագետ գտնվեց, որ իրեն թույլ տվեց հենց Երեւանում հայտարարել, թե աշխարհում գոյություն չունի «Ջավախք» հասկացություն, այլ միայնՙ Սամցխե-Ջավախեթի: Որքան էլ տհաճ լինեն հարցադրումները, դիվանագետ ներկայացողին վայել չէ չթաքցվող վրդովմունքով ու հեգնանքով արձագանքել լրագրողների հարցերին:

«Ազատություն» ռադիոկայանին տված վերջին հարցազրույցով էլ Վաշաձեն ապացուցել է, որ բարեկրթություն կամ համբերություն ասվածն իրեն չի վերաբերում: Լրագրողի բոլոր հարցերին արձագանքները սկսվում կամ ավարտվում են «աստծո սիրուն» ու նմանատիպ այլ արտահայտություններով:

Այդուհանդերձ, ըստ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության կայքէջի, մարտի 4-ին Ժնեւյան բանակցությունների նոր փուլից առաջ Վրաստանի ԱԳ նախարարը առանձնակի լավատեսությամբ չի խոսել, նշելով, թե Ռուսաստանին, ըստ իրեն, չեն հետաքրքրում ոչ Աբխազիան, ոչ Հարավային Օսիան, այլ Վրաստանը: Ընդ որում, Վրաստանի հանդեպ ռուսաստանյան հետաքրքրության մի շարք հիմքերի կողքին Վաշաձեն նաեւ ներկայացրել է, թե «Հայաստանում երկաթգիծն ամբողջությամբ տնօրինող Ռուսաստանին չի հերիքում վրացական հատվածը` իրականացնելու հյուսիս-հարավ երկաթգծային կապը»:

Ռուսաստանից ուժի չկիրառման երաշխիքներ պահանջող Վրաստանի արտգործնախարարը վերջնական չի համարում իր երկրի ազգային անվտանգության հայեցակարգի նախագիծը, որտեղ Ռուսաստանը ներկայացվում է որպես համար մեկ թշնամի:

Իսկ թե ինչպես է Վաշաձեն պատկերացնում հարեւանների` մասնավորապես Հայաստանի հետ լավ հարաբերությունները, երբ Հայաստանի համար թիվ 1 գործընկեր Ռուսաստանը Վրաստանի թիվ 1 թշնամի է դիտվում, Վաշաձեն փորձել է լինել դիվանագետ, բայց կրկին չի ստացվել. «Որեւէ մեկի` Ռուսաստանի հետ բարեկամության առումով ես զերծ կմնայի մեկնաբանություններից, քանի որ այդ բարեկամությունն այնպիսին է, որ քիչ թող չթվա, եւ որպես կանոն այդ բարեկամությունից հետո քարը քարին չի մնում»: Ամեն դեպքում, Վաշաձեն հայտարարել է, որ Հայաստանը, ինչպես եւ Վրաստանը, կարող է ընկեր լինել ուզած երկրի, կարեւորը, որ դա չխանգարի երկկողմ հարաբերություններին:

«Փառք աստծո, որ դա չի խանգարում», նկատի ունենալով հայ-ռուսական հարաբերությունները` ասել է Վրաստանի ԱԳ նախարարը:

Իսկ կոնկրետ Հայաստանի հետ հարաբերությունների առումով Վաշաձեն նշել է. «Հայաստանի հետ Վրաստանի հարաբերությունները հավերժ բարեկամության մասին կովկասյան երդումներով չեն, այլ հստակ, անհրաժեշտ, կոնկրետ են... Հավատացեք ինձ, եթե փորձենք բնութագրել Վրաստանի եւ Հայաստանի հարաբերությունները, ապա ես կասեի, որ դա փաստացի ռազմավարական գործընկերություն է, որն այդպիսին չի անվանվում»:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4