«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2011-02-24 | #33, 2011-02-25 | #34, 2011-02-26


ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԵԼ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Փետրվարի 25-ին կայացել է Հայաստանում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը : Հանձնաժողովն ստեղծվել է հանրապետության նախագահի հրամանագրով` 2010 թվականին Ազգային անվտանգության խորհրդի նիստում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի հաստատումից հետո:

Նիստում ամփոփվել են նշված ծրագրով 2010 թվականին նախատեսված աշխատանքների արդյունքները:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը միացել է այս խնդրին առնչվող միջազգային բոլոր կոնվենցիաներին. «Հայաստանում գործում է պատշաճ օրենսդրական դաշտ, որը հնարավորություն է տալիս լիարժեք եւ արդյունավետ պայքար մղել այս երեւույթի դեմ: 2010 թվականի ընթացքում մեր երկրում արձանագրվել է հանցագործությունների 1524 դեպք, որը շուրջ 23 տոկոսով ավելի է, քան 2009 թվականի ցուցանիշները, առգրավվել է 126 կիլոգրամ թմրանյութ, քրեական պատասխանատվության է ենթարկվել 854 անձ 2009-ի 780-ի դիմաց: Այստեղ եւս աճ է գրանցվել, ինչը պետք է մի կողմից մտահոգի մեզ, մյուս կողմից` գոհացնի, քանի որ բացահայտման մակարդակն աճել է: Պետք է ավելի վճռական լինենք այս հանցագործությունների դեմ պայքարում»:

Նշելով, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՀԱՊԿ շրջանակում իրականացվող «Կանալ» օպերատիվ միջոցառումներին` Արթուր Բաղդասարյանը կարեւորել է այս ոլորտում միջազգային համագործակցության հետագա խորացումը:

Նիստում կարեւորվել է թմրամոլների սոցիալական վերականգնման գործընթացը պատշաճ կազմակերպելու, բնակչությանը թմրամոլության վնասակար ազդեցությունների մասին համապատասխան տեղեկատվություն տալով` թմրամոլության կանխարգելման հարցերը:

Նիստում որոշվել է մշակել «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծ թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ընթացքում հանդիպող որոշ խոչընդոտներ վերացնելու համար:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4