«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2011-02-24 | #33, 2011-02-25 | #34, 2011-02-26


ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԸ ԿՎԱՃԱՌՎԵՆ ՄԻԱՅՆ ԱԿՑԻԶԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՄԲ

Սակայն ձայնագրման ստուդիաների սեփականատերերը չգիտեն` որտեղից ձեռք բերել ակցիզ

Երեւանում գործող ձայնասկավառակների եւ ձայնագրման ստուդիաների սեփականատերերը դժգոհ են ԱԺ ընդունած եւ նախագահի ստորագրած «Հսկիչ նշանների, տեսաձայնային եւ մագնիսական միջոցով պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքից, որն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից:

Խանութների սեփականատերերը փաստում են, որ սկզբնական շրջանում նրանց ասել են, որ օրենքը նպատակ ունի պաշտպանել հայ հեղինակին, հայ կատարողին: Նրանք հանդիպել են շուրջ երկու տասնյակ պատգամավորների, ովքեր վստահեցրել են, որ սույն օրենքը չի տարածվելու արտասահմանից ներկրվող ձայնա եւ խտասկավառակների վրա: Ստացվում է, այնպես, որ պատգամավորներն էլ տեղյակ չեն եղել օրենքի մանրամասնություններին եւ ամենայն հավանականությամբ առանց կարդալու կողմ են քվեարկել օրինագծին:

Մինչդեռ գարնան առաջին օրվանից ուժի մեջ մտնող օրենքով արտասահմանից ներկրվող սկավառակները պետք է ձեռք բերված լինեն արտադրողից եւ ունենան համապատասխան պայմանագիր:

HI-Fi ձայնասկավառակների խանութների ցանցի տնօրեն Արտաշես Բոստանջյանը հավելում է, որ իրենք կողմ են օրենքի ընդունմանը, սակայն մեխանիզմները թերի են ու երբեմն անհասկանալի: Նա հավելում է, որ Հայաստանի նման փոքր երկիրը չի կարող այնպիսի միջոցներ ունենալ, որ կարողանա պաշտոնապես ներկրել սկավառակներ ու դրանց վաճառքից շահ ունենալ:

«Ոչ ոք ամենաքիչը 5.000 դրամ չի վճարի, որպեսզի գնի այն ինչ կարող է անվճար ներբեռնել ինտերնետից»:

«HI-FI» եւ «Disc world» խանութների սեփականատերերը դիմել են մոսկովյան մի շարք արտադրողների` պաշտոնապես արտադրանք ներկրելու համար, սակայն նրանք հումորով եւ սարկազմով են ընդունել հայ գործընկերների այդ պահանջն ու ծիծաղել, որ Հայաստանի նման փոքրաթիվ շուկա ունեցող պետության համար պետք է պայմանագիր կնքել ու պաշտոնապես ձայնասկավառակ վաճառել: Միջազգային արտադրողներից ստացած բացասական պատասխանն էլ ավարտվել է հարցով. «Իսկ որտե՞ղ է Հայաստանը»:

«Կողմ ենք, որ դաշտը մաքրվի, սակայն դա պետք է արվի փուլ առ փուլ: Հայ հեղինակների հետ պայմանագրեր ունեք, իսկ օրենքով նոր տեսակի պայմանագրեր են սահմանվում, եւ պետք է հետ գնալ, բոլոր պայմանագրերը չեղյալ համարել եւ նոր պայմանագիր կնքելու համար հսկայական ծախսեր անել»:

Նոր օրենքով որեւէ ձայնասկավառակ կամ ֆիլմ գնելու համար նախ պետք է հեղինակի կամ հեղինակի իրավահաջորդի հետ պայմանագիր կնքել, պայմանագրում նշել, թե քանի սկավառակ են ցանկանում գնել, յուրաքանչյուրի համար պետք է ձեռք բերել ակցիզ, պայմանագրում նշել, թե որքանով եմ մտադրված ձայնասկավառակը վաճառել, հասույթի 15 տոկոսը պետք է տրամադրել «Հայ հեղինակ» հեղինակային իրավունքի պաշտպանության ՀԿ-ին եւ 10 օրվա ընթացքում պայմանագիրը ներկայացնել ձայնագրման խոշոր ընկերություններին:

Մինչդեռ նախկինում խանութի սեփականատերերը ֆիրմայից գնում էին ձայնասկավառակը, վճարում հարկերն ու այն վաճառում:

Մարտի 1-ից արգելվելու է առանց ակցիզային դրոշմանիշի ձայնա եւ խտասկավառակների վաճառքը, սակայն մինչ այսօր խանութի սեփականատերերը չգիտեն, թե ումից պետք է ստանան ակցիզ եւ ինչ մեխանիզմով է դա կիրառվելու:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4