«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2011-02-24 | #33, 2011-02-25 | #34, 2011-02-26


ԱՄԵՆ ՁԵՎՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԾՔՈՎ ՍՆՈՒՑՈՒՄԸ

Հայաստանում արգելվել է մինչեւ 6 ամսական երեխաների համար նախատեսված կաթնախառնուրդներն ու արհեստական կերերը գովազդելը, ինչի վերաբերյալ նախագիծ է մշակվել: Թեմային երեկ անդրադարձան «Հենարան» ակումբի բանախոսները: ԱԺ-ի առողջապահության, մայրության ու մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ ԱԺ-ն ու առողջապահության նախարարության (ԱՆ) աշխատակազմն անդրադարձել են այս հարցին, որովհետեւ որպես ռազմավարական խնդիր սա շատ կարեւոր է մեր պետության ու բնակչության համար: «Առաջին 6 ամիսների ընթացքում բացառապես կրծքով սնուցումը տալիս է ամենամեծ հնարավորությունները երեխայի առողջ աճի ու զարգացման համար»:

Անդրադառնալով նախագծին` ԱՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Սուրեն Քրմոյանը տեղեկացրեց, որ «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» օրինագիծը մաս է կազմում բարեփոխումների, որոնք այս տարի իրականացնում է նախարարությունը: Սուրեն Քրմոյանը հույս հայտնեց, որ ԱԺ-ի ու կառավարության արդյունավետ համագործակցությունը թույլ կտա արդեն մոտ ժամանակներում ընդունելու օրինագիծը:

Մյուս բանախոսը` ԱՆ մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը տեղեկացրեց, որ կուրծք ուտող երեխաները մոտավորապես 7 անգամ ավելի քիչ են հիվանդանում թոքաբորբով, շուրջ 20 անգամ ավելի քիչ` փորլուծությամբ: Կրծքի կաթով մեծացած երեխաների մահացության ռիսկը 10 անգամ ավելի ցածր է, քան արհեստական կերերով սնված երեխաներինը: Կարինե Սարիբեկյանի փոխանցմամբ` միջազգային վիճակագրությունը ցույց է տալիս է` եթե հանրությունն ապահովի երեխայի կրծքով կերակրումը` սկսած ծնվելու պահից, ապա մանկական մահացությունն առնվազն 10 տոկոսով հնարավոր է նվազեցնել: Մեր հանրապետության փորձը նույնպես ցույց է տվել, որ նշված ցուցանիշներն, իսկապես, կարող են իրականություն լինել: Կրծքով կերակրելը կարեւոր է նաեւ մայրերի առողջության համար: Ըստ Կ. Սարիբեկյանի` միջազգային գրականությունը փաստում է, որ կրծքով կերակրելը մայրերի մեջ նվազեցնում է տարբեր հիվանդությունների հավանականությունը:

Այնուհետեւ Կարինե Սարիբեկյանը ներկայացրեց մեկ այլ վիճակագրություն, ըստ որի` եթե կինը հղիացել է, կրել է հղիություն եւ ծննդաբերել է, ապա կարող է նաեւ կրծքով կերակրել. 95 տոկոսի դեպքում որեւէ խանգարող բան չկա: Ամենաշատը միայն 5 տոկոսի դեպքում կարող են լուրջ խնդիրներ լինել, դա էլ եզակի հիվանդությունների ժամանակ, երբ կրծքով կերակրելը հակացուցվում է: Օրինակ` ՄԻԱՎ վարակակիր մորից ծնված երեխային կրծքով կերակրելը հակացուցված է: Նման դեպքերում, ըստ Կ. Սարիբեկյանի, պետությունն ունի հստակ քաղաքականություն. այդ երեխաները ստանում են արհեստական կաթնախառնուրդ պետության միջոցների հաշվին:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4