Լրանում է ականավոր հայ մաթեմատիկոս ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հանրի Բարսեղի Ներսեսյանի ծննդյան 75 ամյակը: Նա ծնվել է 1936 թ. փետրվարի 27-ին Ստալինգրադ (այժմ Վոլգոգրադ) քաղաքում: Լինելով մայրական գծով Հովհաննես Թումանյանի մոտիկ ազգականը` նա իր մանկությունն ու պատանեկությունը անցկացրել է Մեծ Լոռեցու ծննդավայրում` գեղատեսիլ Դսեղում, որի հետ պահպանում է սերտ կապերն առ այսօր:
1957 թվին ավարտելով Երեւանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը` Հ. Ներսեսյանը գիտական աշխատանքի է անցնում ԳԱ Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ինստիտուտում: Այստեղ ակադեմիկոս Մխիթար Ջրբաշյանի ղեկավարությամբ նա զբաղվում է ֆունկցիաների տեսության եւ դիֆերենցիալ հավասարումների տեսության խնդիրներով: Նրա գիտական եւ մանկավարժական գործունեության հիմնական փուլերից են Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի (1962) եւ դոկտորի (1977) աստիճանները, այնուհետեւ պրոֆեսորի կոչումը (1989):
I986 թվին Հ. Ներսեսյանն ընտրվել է ՀՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1996-ին` ակադեմիկոս:
Հանրի Ներսեսյանը ճանաչված մասնագետ է դիֆերենցիալ եւ ինտեգրալ հավասարումների տեսության, վեյվլետների տեսության եւ հաշվողական մաթեմատիկայի բնագավառներում: Մասնավորապես, նա ստացել է արժեքավոր արդյունքներ հիպերբոլական տիպի հավասարումների համար Կոշու խնդրի կոռեկտության, սինգուլյար գործակիցներով հավասարումների լուծումների գոյության եւ միակության, սովորական եւ մասնական ածանցյալներով հավասարումների արդյունավետ թվային լուծումների վերաբերյալ: Իր գիտական աշխատանքներում նա լայնորեն օգտագործում է ֆունկցիաների տեսության, այդ թվում` կոմպլեքս անալիզի մեթոդները:
Հանրի Ներսեսյանը հաջողությամբ զուգակցում է հետազոտական աշխատանքը մանկավարժականի հետ: 1969-79 թվերին նա ղեկավարում էր ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնը: Այստեղ նա մաթեմատիկայի բնագավառում հետազոտական աշխատանքի ներգրավեց մի խումբ շնորհալի ուսանող-ֆիզիկոսների, որոնք դարձան նրա աշակերտները: Հ. Ներսեսյանի ղեկավարությամբ եւ խորհրդատվությամբ պաշտպանվել է շուրջ 30 թեկնածուական եւ դոկտորական ատենախոսություն:
1979 թվից մինչեւ այժմ Ներսեսյանը ղեկավարում է ՀՀ ԳԱ Մաթեմատիկայի ինստիտուտի դիֆերենցիալ եւ ինտեգրալ հավասարումների բաժինը` գլխավորելով ինստիտուտի հիմնական գիտական ուղղություններից մեկը: Նա իր աշակերտների հետ միասին էական աշխատանք է կատարել բաժնի գիտական նախագծերի եւ ծրագրերի արդիականացման, մաթեմատիկայի ժամանակակից հաշվողական մեթոդների, համակարգչային ծրագրերի եւ ալգորիթմների մշակման ու ներդրման, Հայաստանում մաթեմատիկայի գծով էլեկտրոնային ազատ պարբերականի ստեղծման ուղղությամբ` սերտորեն համագործակցելով այդ բնագավառներում առաջատար հայրենական եւ արտասահմանյան կազմակերպությունների հետ:
Մի շարք տարիներ Հանրի Ներսեսյանը եղել է ՀՀ ԳԱԱ հիմնարար գրադարանի տնօրեն` իրեն յուրահատուկ եռանդով իր նպաստը բերելով ակադեմիական գրադարանային ֆոնդի համալրման եւ արդիականացման, ժամանակակից տեղեկատվական միջոցների ներդրման եւ օգտագործման ուղղությամբ:
Ակադեմիկոս Հանրի Ներսեսյանի գործընկերները եւ աշակերտները ջերմորեն ու սրտանց շնորհավորում են նրան հրաշալի հոբելյանի առթիվ, ցանկանում են քաջառողջություն, երջանկություն եւ գիտական նորանոր ձեռքբերումներ:
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ն.ԱՌԱՔԵԼՅԱՆ