«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2011-02-24 | #33, 2011-02-25 | #34, 2011-02-26


«ՍԱՀՄԱՆ» ՖԻԼՄԸՙ «ՆԻԿԱ» 2011-Ի ՆՈՄԻՆԱՆՏ

Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը ԱՊՀ-ի տարածքի այլ 13 ֆիլմերի հետ ներկայացվել էր Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի «Նիկա» 2011 մրցույթի «ԱՊՀ-ի եւ մերձբալթյան երկրների լավագույն ֆիլմ» անվանակարգում: Ներկայացված ֆիլմերից միայն 4 են դարձել նոմինանտ, որոնց թվում է նաեւ «Սահմանը»:

«Նիկա» 2011-ի մյուս նոմինանտ ֆիլմերն են` լատվիացի ռեժիսոր Անդրիս Գաույայի «Ընտանեկան գործեր», ղրղզ ռեժիսոր Ակթան Առիմ Կուբատի «Սվետ-ակե» եւ ադրբեջանցի ռեժիսոր Ռուսթամ Իբրահիմբեկովի «Ուրվականի աչքերով» կինոժապավենները: Մրցանակների հանձնումը տեղի կունենա ապրիլի 7-ին Մոսկվայում: Ռուսաստանի ազգային կինոակոդեմիայի նախագահ, անվանի կինոդերասան Ալեքսեյ Բատալովը անձնական հրավեր է ուղարկել Հարություն Խաչատրյանին մասնակցելու հանդիսավոր արարողությանը:

«Սահման» ֆիլմը 2009-ին Ռոտերդամի 38-րդ կինոփառատոնում կայացած համաշխարհային պրեմիերայից հետո ներկայացվել է ավելի քան 45 միջազգային կինոփառատոներում, արժանացել բազմաթիվ` այդ թվում գլխավոր մրցանակների:

Իրանցի հանրահայտ կինոռեժիսոր Աբաս Քիառոսթամին «Սահմանի» մասին գրել է. «Նա (Հարություն Խաչատրյանը) կարողացել է շատ անսովոր ձեւով կինո բերել նոր հերոսի: Ես այլեւս ոչ մի տեղ նման բան չեմ տեսել: Քո առջեւ գոմեշ է, եւ նայելով նրան` հասկանում ես, որ նա էլ ունի գիտակցություն եւ զգացմունքներ: Այսօրվա համաշխարհային կինոն նկարում է պոռնիկների, մաքսանենգների, մարդասպանների` նրանց, ում դժվար է մարդ անվանել: Իսկ Խաչատրյանի ֆիլմում մենք տեսնում ենք մի գոմեշի, որն ավելի մարդկային է, քան թվարկածս արարածները: Ինչպես կարող էր նման ֆիլմը չտպավորվել եւ չփոխել իմ աշխարհընկալումը: Այդ ֆիլմը այնպիսի տպավորություն է գործել ինձ վրա, որ ես այն երբեք չեմ մոռանա»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4