Մկրտչյանն առայժմ անհաջող է խաղում
Դոհայում ընթացող շախմատի կանանց Գրան պրիի խաղարկության 4-րդ տուրում ուշադրության կենտրոնում Էլինա Դանիելյանի - վրացի շախմատիստուհի Նանա Ձագնիձեի մրցավեճն էր: Մրցաշարում վերելքով հանդես եկող Էլինան, որ 3 անընդմեջ հաղթանակ էր տոնել, կրկին իրեն գերազանց դրսեւորեց ու շարունակեց հաղթարշավը: Սեւերով խաղացող Դանիելյանը դարձյալ նյութական առավելություն էր ստացել հանձին նավակի: Եվ դա վճռորոշ դեր խաղաց ու Ձագնիձեն 40-րդ քայլին հանձնվեց: Էլինան 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնելով, էլ ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքը` 1,5 միավորով առաջ անցնելով մոտակա մրցակիցներից` Մարի Սեբագից ու Մարթա Ֆիեռոյից: Միայն ափսոսալ կարելի է, որ Էլինան այնքան էլ հաջող հանդես չէր եկել Գրան պրիի խաղարկության նախորդ երեք մրցաշարերում: Հակառակ դեպքում նա ներկայիս ցուցադրած խաղով կարող էր միավորների ընդհանուր հաշվարկով դառնալ Գրան պրիի խաղարկության հաղթող եւ պայքարել աշխարհի չեմպիոնուհու թագի համար:
Ցավոք մրցաշարն անհաջող է սկսել մեր մյուս առաջատար շախմատիստուհին` Լիլիթ Մկրտչյանը, որն աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեի հետ պարտիայում 2-րդ պարտությունը կրեց` հանձնվելով 52-րդ քայլին: Լիլիթը 1 միավորով մոնղոլ շախմատիստուհի Բատույագ Մոնգոնտուլի հետ բաժանում է 11-12-րդ տեղերը: Վերջինս պարտություն կրեց Սյու Յուհուայից:
Մրցաշարի մասնակիցներից բոլորից խաղաղասիրաբար է տրամադրված շվեդ շախմատիստուհի Պիա Կրամլինգը, որը 4-րդ անընդմեջ պարտիան ավարտեց ոչ-ոքի` հաշտություն կնքելով Մարթա Ֆիեռոյի հետ: Ոչ-ոքի մյուս արդյունքը գրանցվեց Համպի Կոներուի եւ Անտուանետա Ստեֆանովայի պարտիայում: 2-րդ հաղթանակը տոնեց Մարի Սեբագը` առավելության հասնելով Չժու Չենի նկատմամբ:
Այսօր մրցաշարում կկայանան 5-րդ տուրի հանդիպումները: Էլինա Դանիելյանը սպիտակներով կխաղա Սյու Յուհուայի հետ, որը 4 հնարավորից վաստակել է 2 միավոր: Իսկ Լիլիթ Մկրտչյանը սեւերով կմրցի իր հետ աղյուսակը եզրափակող Բատույագ Մոնգոնտուլի հետ: Հուսանք, որ գոնե այդ պարտիայում Լիլիթին վերջապես կհաջողվի անդրանիկ հաղթանակը տոնել: