Մարտի 4-6-ը Փարիզում անցկացվելիք թեթեւ ատլետիկայի Եվրոպայի ձմեռային առաջնությանը պատշաճ ձեւով նախապատրաստվելու նպատակով փետրվարի 21-ից մեր հանրապետության առաջատար 5 մարզիկներ համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ֆրանսիայում այդ երկրի հավաքականի անդամների հետ: Հավաքին մասնակցում են հեռացատկորդ Վարդան Փահլեւանյանը, վազորդներ Արման Անդրեասյանը (100 մ), Ամալյա Շառոյանը (400 մ), Արամ Դավթյանը (400 մ) եւ Սեւակ Եղիկյանը (3000 մ):
Մեր թեթեւատլետների մարզումները ղեկավարում է Փարիզում բնակվող անվանի հեռացատկորդ, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմիյանը, որը ներկայումս մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահն է:
Քանի որ մեր մարզիկները համապատասխան վարկանիշային միավորներ չունեն, ուստի թեթեւ ատլետիկայի միջազգային ֆեդերացիան Հայաստանին 2 տեղ է հատկացրել Եվրոպայի ձմեռային առաջնությունում (մեկական կին եւ տղամարդ): Սակայն Ռոբերտ Էմիյանը ներկայումս բանակցում է մարզաձեւի եվրոպական ֆեդերացիայի հետ, որպեսզի բացառության կարգով Փարիզում մարզվող մեր 5 մարզիկներին էլ թույլատրեն մասնակցել Եվրոպայի առաջնությանը: