«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2011-02-25 | #34, 2011-02-26 | #35, 2011-03-01


ՏԱՔ ԻՐԱՎԻՃԱԿ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

«Ժառանգության» բոյկոտը»

Ազգային ժողովի երեկ սկսված նիստի սկզբում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում նկատեց, թե ԱԺ օրակարգը չի արտացոլում Հայաստանի քաղաքացիների պահանջները` նա նկատի ուներ հայ-թուրքական արձանագրությունները, որոնց նկատմամբ ԱԺ-ն, ըստ պատգամավորի, պետք է վերաբերմունք դրսեւորի: Իսկ արդեն անդրադառնալով վերջին կոալիցիոն հուշագրին` Ր. Հովհաննիսյանն այն անվանել է հակաիրավական եւ հակասահմանադրական: Ըստ նրա` պետական ինքնիշխանությունն ու ազգային շահը զիջող քաղաքականւթյունն այդ հուշագրի տրամաբանությամբ շարունակվելու է եւս 7 տարի, այդ թվում` արտագաղթը, անարդարությունը, անօրինականությունը խթանող ներքին քաղաքականությունը: Ըստ Հովհաննիսյանի` կեղծված ընտրությունների արտացոլանք խորհրդարանի տեղերը չեն բավականացնում մեծամասնության կուսակցապետների ախորժակը, ու նրանք իրենց հայացքն ուղղել են սակավաթիվ ընդդիմադիր աթոռներին:

Զանգ հնչեցնելով` նրան ընդհատեց եւ հակադարձեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը , նկատելով, որ Ր. Հովհաննիսյանը ճիշտ չի ընկալել հուշագիրը: Ր. Հովհաննիսյանը շարունակում էր խոսել անջատված խոսափողից. «Առեք, կերեք, սա է ձեր «Ժառանգությունը», ասաց նա: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւս արձագանքեց, ասելով, թե հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի նախագահը սառեցրել է, Ազգային ժողովը լիազորություն չունի դրանք քննարկելու. «Կարելի է ասել, որ մենք այդպիսի հարց չունենք», նկատեց նա:

Ր. Հովհաննիսյանի ելույթից հետո «Ժառանգության» պատգամավորները դուրս են եկան դահլիճից, դրանից հետո ՀՅԴ-ն 20 րոպե ընդմիջում վերցրեց` պարզություն մտցնելու համար իրավիճակում: 20 րոպե ընդմիջումը լրանալուց հետո Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե «Ժառանգություն» խմբակցության եւ վարչության ժողով է հրավիրելու` որոշելու համար իր հետագա պահելաձեւը: Անգամ խոսքն այն մասին էր, թե «Ժառանգությունը» կարող է հրաժարվել մանդատներից` կոալիցիոն հուշագրի ջգրու:

Այստեղ ընդամենը հիշեցնենք, որ «Ժառանգությունը» կրկնում է ինքն իրեն, քանի որ տարբեր առիթներով մի երկու անգամ այսպիսի իրավիճակ ստեղծել է Ազգային ժողովում: Երեկոյան, նիստի ավարտին դեռ «Ժառանգության» որոշման մասին ոչինչ հայտնի չէր:

Երեկ քննարկվող օրինագծերից կարելի է առանձնացնել Ժամանակավոր անաշխատունակության օրենքում նոր փոփոխությունը, որն, ըստ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի , հոկտեմբերի 27-ին ընդունված եւ դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած նույնանուն օրենքում թույլ տրված սխալն է ուղղում, երբ բարձր աշխատավարձ ստացող հղի կանանց 10 տոկոսը միայն չփոխհատուցված էր մնալու: Իսկ ըստ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի` նոր փոփոխությունը լավ օրից չէ, քանի որ նախկինում օրենքը սողանցք ուներ, եւ գործատուներն այդ սողանցքն օգտագործելով` մեծ գումարներ էին ֆիքսում եւ վնաս տալիս բյուջեին, այդ պատճառով օրենքով վարձատրության շեմ սահմանվեց: Սակայն գործողության մեջ է երեւում օրենքի թերությունը, եւ հիմա կառավարությունն ուղղում է իր սխալը, անգամ Էռնեստ Սողոմոնյանը դեմոգրաֆիկ նշանակություն տվեց այս փոփոխությանը: Սակայն խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող Արծվիկ Մինասյանը այս նոր առաջարկում էլ թերություններ գտավ, նշելով, որ կառավարությունը նախ մի վատ օրինագիծ է բերում, հետո ուղղում այն` իբր հասարակության դիմադրողականությամբ բարելավում է: Նա մտահոգություն ուներ, որ կինը կարող է վնաս կրել 140 օրվա հաշվարկում, քանի որ հստակեցված չէ` այդ հաշվարկը հնգօրյակի, թե վեցօրյակի վրա է հիմնվում, վերջին դեպքում կինը տուժում է: Այսպես թե այնպես` հղիների իրավունքներով զբաղվողները հասան իրենց նպատակին, եւ այս նոր փոփոխությամբ առավել նորմալ պայմաններով է բարձր աշխատավարձ ստացող հղի կինը գնում ֆիզարձակուրդ:

Ի դեպ, երեկ, օրվա վերջում, նկատելով ԱԺ համարյա դատարկ դահլիճը, Հովիկ Աբրահամյանը բավական բորբոքված տոնով դիտողություն է արել պատգամավորներին. «Եվ սա ի՞նչ աշխատանքի ոճ է` գալ 12:00-ին, քվեարկել ու գնալ: Ուրեմն սրանից հետո վարողները, 1-2 օր հետո, իհարկե, խմբակցությունների ղեկավարների հետ պայմանավորվելուց հետո, երբ հարցն ավարտվի, կազմակերպելու են քվեարկություն: Եվ, իմ կարծիքով, իրենք պետք է մտածեն իրենց ապագայի մասին, որ մեկ ամսվա ընթացքում 3-4 օր են գալիս նիստի, բայց այդ 4 օրն էլ չեն բարեհաճում գոնե դահլիճում 6 ժամ անցկացնել»:

Երեկ, ի դեպ, Ազգային ժողովի իններորդ նստաշրջանի սկզբում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին սումգայիթյան զոհերի հիշատակը: «Այդ ողբերգական իրադարձությունները, որոնց զոհ գնացին բազմաթիվ մեր հայրենակիցներ, եւս մեկ անգամ ցույց տվեցին Ադրբեջանի իսկական դեմքը, ինչպես նաեւ ապացուցեցին, որ ցեղասպանությունները կարող են կրկնվել, քանի դեռ աշխարհը չի դատապարտել նման ոճրագործությունները», քառօրյան բացելով իր ելույթում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4