«Թուրքմենբաշու գավաթի» խաղարկությունում հաջող մրցելույթներ ունեցող Կապանի «Գանձասարին» տեղի մրցավարները թույլ չտվեցին մրցաշարի հաղթող ճանաչվել: Կիսաեզրափակիչում 11մ հարվածներով հաղթելով (7-6) Թուրքմենստանի չեմպիոն ու գավաթակիր «Նեբիտչիին» (հիմնական եւ լրացուցիչ ժամանակում դարպասները մնացել էին անառիկ), կապանցիները մտել էին եզրափակիչ, որտեղ մրցեցին տեղի «Ալթին Ասիրի» հետ: Այդ թիմին խմբային մրցաշարում «Գանձասարը» հաղթել էր 1-0 հաշվով:
Ծանոթ լինելով հայկական թիմի ներուժին, որը մինչեւ եզրափակիչ հանդիպումը դարպասն անառիկ էր պահել, մրցաշարի կազմակերպիչներն ամեն ինչ արեցին, որպեսզի գավաթը մնա Թուրքմենստանում: Խաղի օրը հայտնի դարձավ, որ «Գանձասարի» առանցքային ֆուտբոլիստներ Արթուր Քոչարյանն ու Գորան Օբրադովիչը որակազրկված են եւ իրավունք չունեն մասնակցելու վճռորոշ հանդիպմանը: Այնուհետեւ իրենց «սեւ» գործը կատարեցին մրցավարները, որոնք 3 11մ հարված նշանակեցին «Գանձասարի» դարպասին, որոնցից երկուսն անվրեպ իրացնելով, «Ալթին Ասիրը» հաղթեց 2-1 հաշվով (կապանցիներից գոլի հեղինակ դարձավ Վահե Դավթյանը) ու դարձավ գավաթակիր:
«Գանձասարը» 2-րդ տեղը գրավելու համար պարգեւատրվեց 10 հազար դոլարով: Կապանցիները 4-րդ անգամ մասնակցեցին «Թուրքմենբաշու գավաթի» խաղարկությանը: