Հայտարարել է նախկին քաղաքապետ Ալիբեյօղլուն
Հ. ՉԱՔՐՅԱՆ
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալմանը զուգընթաց սպառվում են թուրքական ժխտողականության դիրքերը: Չնայած դրան, Թուրքիան շարունակում է ուրանալ պատմական փաստը: Քանի որ թուրքական ժողովրդական զանգվածները սիրահոժար մասնակցել են հայերի բնաջնջմանը, կողոպտելով նաեւ իրենց անմիջական զոհերին, ուստի ցեղասպանության ուրացման հարցում ի սկզբանե պաշտպանել են իշխանություններին: Այսպիսով, Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի շուրջը ձեւավորվել է իշխանություն-հասարակություն համերաշխությունը:
Դրա հիմքում թերեւս հանցագործի հոգեբանությունն է, որն իշխանությունների պարագայում արտահայտվում է Հայաստանի եւ հայերի նկատմամբ որդեգրած թշնամական քաղաքականությամբ, քաղաքական կուսակցությունների պարագայումՙ հայկական դավադրության որոնումներով, որոնց հետեւանքով հայ ազգային փոքրամասնությունը երկրում դիտարկվում է թուրքական պետության ազգային անվտանգության սպառնալիքը, իսկ հասարակությունը, չհաշված մի քանի ազնիվ մտավորականների, ընդհանուր առմամբ ունի անբարյացակամ վերաբերմունք, որը հաճախ ատելության բնույթ է ստանում: Այդ առումով պատահական չէին Հրանտ Դինքի սպանությունից հետո տարբեր մարզադաշտերում հնչած «բոլորս Օգյուն Սամասթ ենք» բացականչությունները:
Քանի որ այդ բացականչությունները հնչել են տարբեր քաղաքների մարզադաշտերում, ուստի հայերի նկատմամբ ատելությունը ընդհանուր է դառնում ոչ միայն մարզասերների եւ ազգայնամոլների, այլեւՙ բազմաթիվ քաղաքների համար: Դրանցից ատելության առավել դրսեւորումներով առանձնանում էր Կարսի թուրք եւ ադրբեջանցի բնակչությունը, ի տարբերություն քուրդ բնակչության: Սակայն հայերի եւ թուրքերի հետ գոյակցությունը խորհրդանշող «մարդասիրության» հուշարձանը որոշվեց հենց Կարսում կառուցել:
Հուշարձանի կառուցումը սկսվել էր դեռեւս 2006-ին, այսինքնՙ նախորդ քաղաքապետիՙ Նաիֆ Ալիբեյօղլուի օրոք: 2008-ին կառուցումը կասեցվեց, 2010-ին որոշվեց քանդել, 2011-ինՙ Կարսի քաղաքային խորհուրդը հաստատեց որոշումը: Հուշարձանը քանդելու որոշումը լայն արձագանք գտավ ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Դրան թուրքական կենտրոնական թերթերի հետ արձագանքեց նաեւ ամերիկյան եւ եվրոպական մամուլը: Արձագանքներում այդ որոշումը պայմանավորվեց վարչապետ Էրդողանի հետ, որը հուշարձանը որակել էր «ավելի քան անճոռնի»:
Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը: Այդ հարցին «Մարմարա» համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը, ինչպես փետրվարի 28-ին նշել է «euractiv.com» կայքը, պատասխանել է Կարսի նախկին քաղաքապետ Ալիբեյօղլուն: Նա «ինչպես ծագեց հուշարձան կառուցելու միտքը» հարցին ի պատասխան, ասել է. «Ըստ առասպելի, մարդկությունը երկրագնդի վրա տարածվել է աշխարհագրական այս վայրից: Մենք էլ որոշեցինք միեւնույն աշխարհագրությունից աշխարհին մարդասիրական ուղերձ հղել: Մտադիր էինք «մարդասիրության» հուշարձանով հակակշռել Հայաստանում, Լիոնում, Փարիզում եւ այլուր տեղակայված ցեղասպանության զոհերի հուշարձանները, որովհետեւ այդ հուշարձաններն այցելող յուրաքանչյուր հայ դառնում է թուրքի թշնամին: Այդ կարգի հուշարձանները ժողովուրդների միջեւ ատելություն են սերմանում: Ելնելով այս ամենից, ինչպես նաեւ հաշվի առնելով պատերազմների պատճառած վիշտը, ի վերջո մենք այս վայրերում 90 հազար զոհ ենք տվել եւ 40 տարի կրել ենք օտարերկրյա տիրապետություն Կարսը ռուսներին հանձնելու պատճառով, առաջարկեցի հուշարձան կառուցել քաղաքի մուտքի մոտ: Ցանկանում էի, որ քաղաքը խաղաղության կղզի դառնա Կովկասում: Այդ նպատակով եղա Գյումրիում, հանդիպեցի քաղաքապետի հետ, ասացի, որ լավ կամ վատ ժողովուրդներ չեն լինում, իսկ թշնամությունը չի կարող հավերժ լինել»:
«Ինչն է խորհրդանշում է արձանը» հարցի առնչությամբ Ալիբեյօղլուն նշել է. «Այդ արձանը պատկերում է կիսված մարդու մարմինը: Իրականում խոսքը մեկ մարդու մասին է: Մեկը նրան ձեռք է մեկնում, իսկ մյուսըՙ քաշում է, այսինքնՙ մեկը բարության, մյուսըՙ չարիքի խորհրդանիշն է»:
Այնուհետեւ նա անդրադառնում է հուշարձանը քանդելու որոշմանը, ընդգծում է, որ այդ որոշումը որեւէ առնչություն չունի պատմական, գերեզմանի կամ այլ պատճառաբանություններին, բուն պատճառը ինքը չի կարող բացատրել, ապա եւ ավելացնումՙ «Հուշարձանը քանդում են մեկի խնդրանքով: Այդ մեկը հենց Ադրբեջանի նախագահն է (Իլհամ Ալիեւ): Մենք կախում ունենք ադրբեջանական նավթից եւ գազից: Դա է գլխավոր պատճառը: Չենք կարողանում նախապաշարմունքները հաղթահարել: Դեռ հուշարձանի կառուցումը չավարտված, արձակեցին դրա մահվան դատավճիռը: Աստվածները զոհ էին պահանջում, ուստի եւ անխուսափելի դարձավ քանդման համար պատճառաբանությունների որոնումը»: