«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2011-02-26 | #35, 2011-03-01 | #36, 2011-03-02


ԳԴՀ ՆԱԽԿԻՆ ԿԱՆՑԼԵՐԸ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բարոյականության երկակի ստանդարտներ

Գերմանական Հաննովեր քաղաքում մեկնարկել է CeBIT համակարգչային ամենամյա տոնավաճառը: Այս տարի տոնավաճառի գործակից երկիրը Թուրքիան է, հետեւաբար վարչապետ Էրդողանի Դյուսսելդորֆ-Հաննովեր այցը տոնավաճառը հանդիսավոր բացելու առիթով էր պայմանավորված: Շաբաթներ առաջ պաշտպանության նախարար Ցու Գութթենբերգի հրաժարականի պահանջին, որ երեկ բավարարվեց, գերմանական քաղաքական դաշտը շաբաթասկզբին մեկ ուրիշՙ հրաբխային ընդերքում եռացող ու միշտ պոռթկումի պատրաստ քննարկում հավելեցՙ թուրքերի ինտեգրումը: Էրդողանի այցով լավան նորից եռ տվեց ու զայրույթ բորբոքեց:

Սրան դեռ կանդրադառնանք, բայց առավել քան հիասթափեցնող է, երբ պաշտպանության նախարարի դոկտորականը արտագրելուՙ բարոյականության մասին աջուձախ հնչող գերմանացիների քարոզների ֆոնին Հայոց մեծ ողբերգության շահարկումը, այն հարաբերականացնելու փորձը նույն քաղաքական վերնախավի զայրույթ-բողոքը չի հարուցում: Բարոյականության երկակի ստանդարտնե՞ր:

Նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը փետրվարի 26-ին 60 000 տպաքանակով լույս տեսնող PAZ Peiner Allgemeine Zeitung-ին տված «Գլոբալ դերակատարման համար Եվրոպան Թուրքիայի կարիքն ունի» վերնագրյալ մեծածավալ հարցազրույցում, որ արվել է Հաննովերում անցկացվող ամենամյա CeBIT համակարգչային տոնավաճառի առիթով, թե՛ Բեռլինին, թե՛ Բրյուսելին հորդորում է Թուրքիայի հետ բոլոր ասպարեզներում գործակցությունը սերտացնել: «Ի՞նչ դեր է խաղում Թուրքիան Եվրոպայի համար» իր իսկ հնչեցրած հարցին նախկին կանցլերը պատասխանումՙ հստակ է, այն տնտեսական եւ քաղաքական կայունության խարիսխ է:

«Թուրքիայի հանդեպ թերահավատություն կա նաեւ իր պատմությանը հարաբերվելու իմաստովՙ մասնավորապես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայկական փոքրամասնության հանդեպ իրականացրած կոտորածների հիշողությամբ, որ շատերը որպես ցեղասպանություն են որակում» թերթի ակնարկին սոցիալ դեմոկրատ ԳԴՀ նախկին կանցլերը պատասխանում է». Ոմանք դեպքերը նույնիսկ Հոլոքոսթի հետ են նույնացնում: Սա անթույլատրելի է եւ հարաբերականացնում է Հոլոքոսթը, առաջին հերթին գերմանացիները պիտի առարկեն: Թուրքիայի սխալը վարչապետ Էրդողանի մոտ չէ, նրա ղեկավարմամբ է պատմությունը վերանայվում, պատճառները տասնամյակներ առաջ քեմալականների եւ զինվորականության դերերի իդեալականացման մեջ է: Այդ պատճառով Հայկական թեման տեւական ազդեցություն կգործի, Էրդողանին հաջողվել է վերջապես Թուրքիայում քաղաքականության վրա զինվորականության գերիշխող դերն ավարտել, որը վճռական առաջընթաց է քաղաքացիական հասարակության ճանապարհին»:

Հայոց ցեղասպանությունը հարաբերականացնելու Գերհարդ Շրյոդերի փորձը խիստ դժգոհություն է առաջացրել գերմանահայ համայնքում: Ոմանք մտածում են դատական հայց հարուցել նախկին կանցլերի դեմ, իսկ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, դատապարտելով Շրյոդերի բնորոշումները, բողոքի նամակ է հղել զանգվածային լրատվամիջոցներին:

Ի դեպ, Շրյոդերի հիշյալ հարցազրույցին հետեւել է Էրդողանի հետ «Հաննովերիշե ալգեմայնեի» հարցազրույցը, ուր ի թիվս այլ հարցերի խոսվում է Հայաստանի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու հարցի մասին: Մարտի 1-ին ավստրիական «Դեր շտանդարտին» հյուրընկալած ՀՀ արտգործնախարար Նալբանդյանի հարցազրույցը անուղղակի պատասխան է Էրդողանիՙ միջազգային հանրությանը մոլորեցնելու, հարցը պատմաբանների հանձնաժողովի առկայությամբ պայմանավորելու կրկնություններին:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4