Եթե ընդունենք, որ կյանքում ամենաբարդը շիտակ ապրելու կամքն է, ուրեմն կգիտակցենք նաեւ այդպիսի մարդկանց բաժին հասած ճանապարհի դժվարությունըՙ անձնական թե աշխատանքային:
Զգացմունքային ու կարեկից սիրտ էր բաբախում Հասմիկ Ավետիսյանի մեջ: Անհանգիստ սիրտ, որ ջերմ բաբախում էր մերձավորների ու բոլոր նրանց համար, ում ինքն իրեն մոտ էր ընդունում: Գուցե դժվարահաճ էր այդ ընտրության մեջ, բայց խորքում իրավացի էր, որովհետեւ ներքին սլաքը ճշմարտության ու արդարության կողմն էր, զգայուն էր, ուրիշի ցավը ըմբռնող-վերապրող: Եվ եթե բռնկուն էր երբեմն այդ զգացմունքը ու երբեմն էլ ըմբոստ, ապա դարձյալ ճշմարտասիրությունն էր պատճառը, ուղղամտությունը:
Ապրեց կարճ, թեեւ լեցուն էր կյանքով, լայն-խաժ աչքերի մեջՙ լույս ու ջերմություն: Ու պատճառը նաեւ մեր կյանքն էր ու մեր միջավայրը, բայց ամենից ավելիՙ իր անհատական նկարագիրը, իր վերաբերմունքները, անտարբեր չապրելու, անարդարին ու կեղծիքին չհամակերպվող իր բնույթը: Հանրային կյանքի մեր տագնապներն ու անհանգստությունները, սոցիալական անարդարություններն ու բարոյական ցնցումները, արժեքների ներկայիս վայրիվերումները ապրում էր անկեղծորեն ու ապրում կրքով ու ամենակարեւորըՙ բարձրաձայնող էր, արտահայտվող, խոսքը անսեթեւեթ էր, ուղիղ, երբեմն նույնիսկ անսպասելի կտրուկ, անգամՙ շեշտակի սուր:
Միջավայրի համատարած լռության ու անտարբերության մեջ ինքն այն քչերից էր, որ ուներ իր մեջ ազնվությունն ու համարձակությունըՙ լավին լավ ասելու, վատինՙ վատ: Մեզ շա՜տ պակասող այդ շիտակությունն ու արդարամտությունը: Ու որքան ափսոսանք ուներ կորսվող լավի ու ցցվող միջակի, համատարած գորշության հանդեպ որքան արհամարհանքՙ անթաքույց: Այդ ափսոսանքն էր, որ հաճախ իր հայացքը հետ էր տանում, հիշեցնում նախկին աշխատանքային միջավայրը, կարգ ու կանոնն ու պատասխանատվությունը: Իսկ նա անցել էր աշխատանքային կայուն դպրոցՙ խորհրդային ղեկավար այրերի գլխավորությամբ աշխատելով Սփյուռքի կոմիտեում, նախագահ Վարդգես Համազասպյանի, ապա Կարլեն Դալլաքյանի մոտ: Ու հաճախ հիշում էր այդ մթնոլորտըՙ մի տեսակ կարոտով. «Ի՜նչ մարդիկ էին»:
Իր աշխատանքային կենսագրությունը «Ազգ» օրաթերթին, հիմնադրման առաջին տարիներից կապեց: Գործավարն էր ու գրաշար միաժամանակ: Բանասիրական կրթությունը ոչ միայն զուտ լեզվական գրագիտության առումով էր առավելություն, նաեւ տեքստերի հանդեպ վերաբերմունքի. կարեւոր եւս մի հանգամանքՙ ամենաանընթեռնելի ձեռագրեր վերծանելիս ինքը փնտրված էր:
1992-94 թվականներին եւ դրանից հետո «Ազգի» մատենաշարով հրատարակած բոլոր գրքերի համակարգչային շարվածքը իր վարժ մատների տակով անցավ: Այդ թվումՙ «Ազգ Մշակույթ. Հավելվածի» շատ հոդվածներ եւս:
Մենք կորցրեցինք «Ազգի» բազմամյա աշխատակցուհուն, շիտակ ու զգայուն կնոջը, մտակից, սրտակից մտերմուհուն: Կորցրինք շա՜տ անսպասելի, անհավատալի արագ: Արձակուրդը վերցրեց Պետերբուրգ մեկնելու, հիվանդ քրոջը տեսակցելու: Ինքն արդեն վերջին տարիներին տկար էր, վատառողջ, ու հիվանդ սիրտը չդիմացավ: Չհասցրին կանխել, կրկնակի կաթվածը ընդհատեց ջահել կյանքը. հեռացավ 55 տարին նոր-նոր բոլորած-անավարտ մի կյանքՙ հուսաբեկ այս ճանապարհի...
... Մենք երբեք նրան այդքան երկար չէինք սպասել: Անսովոր սպասում էր, որի ավարտի հանդիպումը վերջին հրաժեշտն էր նրա հետ: Էջմիածնի հին գերեզմանատանը մեր սպասումը թվում էր, անվերջ է:
Այլ իրականություն էր ու խոսքն էր ուրիշ: Այստեղ ձայները գալիս էին շատ հեռվից, անծանոթ խորքերից, ընդհատ-ընդհատ, անգույն, անկյանք: Դուդուկի մեղեդին վիրավոր սրտի արձագանքն էր հնչեցնում: Հնչյունները կախվում էին մանրաճյուղ, չոր ծառերից, իջնում, փափուկ տարածվում թարմ շիրմաթմբին: Լռություն էր:
Այնտեղՙ տաճարում հանգչում էին մերՙ քիչ առաջ վառած մոմերը...
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ, 01.03.2011