«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2011-02-26 | #35, 2011-03-01 | #36, 2011-03-02


ՄԻՆՉ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԱՅՏՆՎԵԼԸ ՏՈԼՄԱ ՉԷԻ՞ՆՔ ՈՒՏՈՒՄ

Մեծարգո խմբագիր,

  «Ազգ» օրաթերթի 2011 թվականի փետրվարի 24-ի համարում տպագրվել է թերթի թղթակից Ինգա Պետրոսյանի հարցազրույցը «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ, ճանաչված խոհարար Սեդրակ Մամուլյանի հետ:

Հարցազրույցի վերջում զարմանքով տեսանք խմբագրության հավելումը, թե խմբագրությունը համաձայն չէ խոհարարի հետ տոլմա բառի ծագումնաբանության հարցում եւ տոլմա ճաշատեսակը հայկական չէ, անվանումն էլ թուրքերեն է:

Ինչպես նշել է պրն Մամուլյանն իր հարցազրույցում, մեր կազմակերպությունն արդեն երկար տարիներ զբաղվում է հայկական ավանդական ուտեստների վերհանմամբ ու մասսայականացմամբ եւ այդ առումով մենք բանահավաքչություն ենք կազմակերպում ՀՀ մարզերում, Արցախում, Ջավախքում: Անգամ ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ բանահավաքչական աշխատանքներ ենք իրականացնում հայկական գաղթօջախներում: Մեր աշխատանքներում ներգրավված են ոչ միայն խոհարարներ, այլեւ պատմաբաններ, ազգագրագետներ: Եվ մենք խմբագրության արած հավելումը համարում ենք ոչ մասնագիտական, կամայական մոտեցում խնդրին, որն անթույլատրելի է:

Նախ տոլմա բառն առաջացել է ուրարտերեն ուդուլի բառից, որը նշանակում է խաղողի վազ: Այդտեղից էլ առաջացել է տոլինՙ խաղողածին: Անգամ որոշ մասնագետների պնդմամբ, Անատոլիա բառը թարգմանաբար նշանակում է խաղողի հայրենիք, այլ ոչ հունարեն արեւելք...

Ինչեւէ. եթե ընդունելու լինենք տոլմայի թուրքական ծագումը, նշանակում է, որ մեր նախնիները մինչ թուրքերիՙ այդ տարածաշրջանում հայտնվելը տոլմա չեն օգտագործել, կամ, ծայրահեղ դեպքում խոհանոցը համարվում է մեր ոչ նյութական մշակութային արժեքների կարեւորագույն, բաղկացուցիչ մասը, եւ նման կերպ վերաբերվել հարցինՙ կարծում եմ, անթույլատրելի է: Մինչեւ ե՞րբ մենք պիտի կամովին հրաժարվենք մեր արժեքներից: Էլ ինչո՞ւ ենք մեղադրում թուրքերին եւ մեր մյուս հարեւաններին պատմական կեղծարարության մեջ, երբ մենք ինքներս ենք տեղիք տալիս մեր գործելաոճով նման կեղծարարությանը:

Անկեղծ հարգանքովՙ

ՎԱՀԵ ԱՆԹԱՆԵՍՅԱՆ, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման ՀԿ խորհրդի քարտուղար

Խմբագրության կողմից.- Մի խեղաթյուրեք մեր խոսքերը. պրն խոհարարապետ. մենք չենք ասել, որ տոլմա ճաշատեսակը հայկական չէ, այլՙ միջերկրականյան, ելնելով այն հանգամանքից, որ այդ եւ հարակից երկրներում, այդ թվում Կիլիկիայում եւ Հայաստանում, տոլմայի տարատեսակները տարածված են եղել եւ են: Ինչ վերաբերում է «տոլմա» անվանը, իրոք թուրքերեն է, եւ ճաշատեսակը հենց այդ անվամբ ծանոթ է Անատոլիայի, Պոնտոսի, Կիպրոսի եւ Հունաստանի տարածքներում նաեւ: Ճաշատեսակն այդ անունով ծանոթ չէ միայն Սիրիայում եւ Լիբանանում, որտեղ «տոլմայի» փոխարեն օգտագործվում է արաբերեն «մեհշի» բառը, որը նշանակում է լիցք, լցոնված, մինչ հայաստանյան հասկացությամբ թփով տոլմային դարձյալ ասում են «ուարաղ անաբ», այսինքնՙ «խաղողի տերեւ»: Պետք է հիշել նաեւ, որ թփով կամ կաղամբով փաթաթված ճաշատեսակին Արեւելյան Հայաստանում նույնպես տոլմա են ասում, այնինչ նախկին օսմանյան երկրներում այն անվանվում է «սարմա», որը թուրքերեն է եւ նշանակում է փաթաթված, փաթույթ:

Ազգային սնապարծությունն այստեղ տեղ չպետք է ունենա: Մանավանդ որ ոչ ոք չի կարող բացառել, որ «տոլմա» եւ «սարմա» բառերը կարող էին հայերն առաջինն օգտագործած լինել, ինչպես թուրքերեն շատ այլ բառեր եւ արտահայտություններ: Խոհարար-ուսումնասիրողներիդ է մնում տոլմայի տարատեսակներից որոշել մեզ համար ամենահարազատը եւ անունը դնել «հայկական տոլմա»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4