Ես արվեստի մարդ չեմ: Ես հասկանում եմ, որ բարոյական իրավունք չունեմ միանշանակ գնահատականներ եւ եզրակացություններ տալու Վահրամ Պետրոսյանին եւ նրան քննադատող մասնագետներին, եթե հարցը վերաբերում է արվեստին, երգին, հայկական երաժշտությանը եւ մշակութային այլ բնագավառներին:
Ես երբեք չեմ սիրել ադրբեջանական մուղամը եւ կլկլոցը: Ինչպես եւ թուրքականը: Ես երբեք չեմ ցանկանա, որ հայկական երգը նմանվի ադրբեջանականին եւ թուրքականին: Բայց ես նաեւ պարտավոր եմ հայտնել իմ անհամաձայնությունը Վահրամ Պետրոսյանին քննադատողներին, որոնք տալիս են հետեւյալ հիմնավորումը:
«Ազգը» «Stop, Գեորգի Վանյան, Վահրամ Պետրոսյան...» հոդվածում գրում է. «Սակայն «Ուրբաթ» ակումբում նրա սիրո խոստովանությունը` ադրբեջանական եւ թուրքական երաժշտությանը, ստիպեց մեզ անդրադառնալ նրան»:
Այսինքն, եթե Վահրամ Պետրոսյանը «ադրբեջանական եւ թուրքական» բառերի փոխարեն օգտագործեր «ֆրանսիական եւ գերմանական» բառերը, ապա «Ազգ» օրաթերթը չէր անդրադառնա այդ թեմային: Այսինքն, Վահրամ Պետրոսյանը քննադատվում է մի բանի համար, որը դեռ ոչ մի կապ չունի այդ երգերի երաժշտությանը եւ ոճային որակներին:
Միգուցե հեղինակը համարում է, որ «ադրբեջանական եւ թուրքական» երգերը եւ երաժշտությունը ընդհանրապես չեն կարող լինել ճաշակով եւ որակով: Եթե ես ճիշտ եմ հասկանում հեղինակին, ապա ինձ թույլ եմ տալիս կասկածել, որ որեւէ մեկը մասնագիտական եւ բարոյական իրավունք ունի հանրությանը հայտարարելու, որ ադրբեջանական եւ թուրքական երգն ու երաժշտությունը անճաշակ եւ անորակ են ի սկզբանե:
Իսկ եթե հեղինակը նկատի ուներ, որ անթույլատրելի է ադրբեջանական եւ թուրքական երաժշտական ոճերը ներմուծել հայկական երաժշտության եւ երգերի ասպարեզ, ապա նորից անհասկանալի է դառնում «Ազգում» նման մտքերի ներկայացումը:
Ստացվում է, որ անթույլատրելի է ոչ միայն «ադրբեջանական եւ թուրքական» երաժշտական ոճեր ներմուծելը, այլեւ ընդհանրապես այս բնագավառում օտար ազդեցությունների առկայությունը: Եթե հեղինակը դեմ չէ օտար ազդեցություններին եւ դեմ է միայն «ադրբեջանական եւ թուրքական» ազդեցությանը, ապա կարելի է ասել, որ հեղինակը ազգայնամոլ է, եւ նման հրապարակումը ռասիզսի բացահայտ օրինակ է:
Ցավոք, վերջին միտքը հիմնավորվում է վերնագրում Գեորգի Վանյան անվան առկայությամբ:
Հարգանքով`
ՎԱԼԵՐԻ ՄԱՐԿԱՐՅԱՆ