Ինչպես հայտնի է, ըստ նոր կանոնակարգի, այս տարվանից ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերը գլխավորող մարզիչները պետք է անպայման A կարգի մարզչական արտոնագիր ունենան, այլապես նրանց չի թույլատրվի զբաղեցնել գլխավոր մարզչի պաշտոնը:
Ներկայումս ֆուտբոլի ֆեդերացիայում սկսվել են A կարգի արտոնագրի դասընթացները, որոնք վարում են Արմեն Սանամյանը, Ալբերտ Սաֆարյանը, Սուրեն Չախալյանն ու Աշոտ Ավետիսյանը: Դասընթացներին մասնակցող մի խումբ երիտասարդ մարզիչների հետ պարապմունքների է հաճախում նաեւ մեր հանրապետության բանիմաց ու փորձառու մասնագետներից մեկըՙ Արկադի Անդրեասյանը, որը ներկայումս «Արարատի» փոխնախագահն է: Ինչպես եւ կանխատեսել էինք, 64-ամյա Արկադի Անդրեասյանը ստիպված է կրկին մարզչական աշխատանքով զբաղվել, քանի որ ներկայումս «Արարատը» մնացել է առանց գլխավոր մարզչի: Այս օրերին արարատցիները մարզվում են Էդգար Սաֆարյանի եւ դարպասապահների մարզիչ, «Արարատ-73-ի» անվանի դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի գլխավորությամբ, որոնց իր խորհուրդներով օգնում է Անդրեասյանը:
«Արարատի» հետ արդեն պայմանագիր է կնքել Արա Հակոբյանը, իսկ նրա եղբորՙ Արամի հետ նմանատիպ գործարք տեղի կունենա մոտ օրերս: Թիմում փորձաշրջան է անցնում դարպասապահ Ալեքսանդր Պետուխովը: