«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2011-03-02 | #37, 2011-03-03 | #38, 2011-03-04


ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ, ՌԻՍԿԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ Է

Հարավային Կովկասի երկրները, թմրամիջոցների տարանցման առումով, հայտնվել է ռիսկի գուտում: Այս մասին, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, նշված է ՄԱԿ-ի` թմրամիջոցների շրջանառությունը վերահսկող միջազգային խորհրդի տարեկան զեկույցում: «Հարավային Կովկասը Աֆղանստանում արտադրված թմրանյութերի համար շատ ավելի հաճախ է օգտագործվում որպես տարանցիկ ուղի: Որպես հետեւանք` թմրանյութերի օգտագործումը տարածաշրջանում աճում է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հարավային Կովկասը սահմանակից է Իրանին, Թուրքիային եւ Ռուսաստանին, ինչպես նաեւ գտնվում է Սեւ եւ Կասպից ծովերի ափերին, խորհուրդը մտավախություն ունի, որ թմրանյութերի օգտագործման եւ տարանցման առումով իրավիճակը Ադրբեջանում, Հայաստանում եւ Վրաստանում կարող է է՛լ ավելի վատթարանալ»: Իրադարձությունների նման սցենարից խուսափելու համար ՄԱԿ-ի փորձագետները խորհուրդ են տալիս. «Անհրաժեշտ է տեղեկատվության փոխանակում իրականացնել պետությունների միջեւ, սահմանների հսկողությունն առավել արդյունավետ դարձնել, համակարգել թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարին միտված բոլոր քայլերը` թե՛ ազգային եւ թե՛ տարածաշրջանային մակարդակներում, ինչպես նաեւ ջանքեր գործադրել թմրանյութերի պահանջարկի կրճատման համար»:

Կոնկրետ Հայաստանի վերաբերյալ զեկույցում նշված է. «2010 թվականի հոկտեմբերին խորհրդի առաքելությունը ժամանել է Հայաստան` արձանագրելով երկրի իշխանությունների պատրաստակամությունը թմրամիջոցների շրջանառությունը վերահսկող եւ Հայաստանի ստորագրած միջազգային երեք կոնվենցիաների պահանջների կատարման գործում: Խորհրդի անդամները, սակայն, որոշ թերություններ են հայտնաբերել այս ոլորտում աշխատող տարբեր պետական մարմինների գործողությունների համակարգման եւ տեղեկատվության փոխանակման խնդրում: ՄԱԿ-ի մասնագետները կոչ են արել Հայաստանի կառավարությանըՙ լրացնել այս բացը»: Դրա հետ մեկտեղ, զեկույցի հեղինակները նկատում են, որ Հայաստանում ակտիվացել են թմրանյութերի անօրինական բիզնեսով զբաղվող հանցավոր խմբերը: Այս խմբերը, ըստ զեկույցի հեղինակների, զբաղված են թմրանյութերի անօրինական արտադրությամբ, ինչի վկայությունն էին 2010 թվականին Հայաստանում հայտնաբերված ընդհատակյա լաբորատորիաները: Զեկույցի հեղինակները նկատում են, որ թմրանյութերով զբաղվող հանցավոր խմբերի ակտիվացման ուղղակի հետեւանքը այս տիպի հանցագործությունների կտրուկ աճն է: «2010-ի առաջին կիսամյակում Հայաստանում թմրանյութերի եւ հոգեմետ դեղերի անօրինական շրջանառության հետ կապված 811 հանցագործություն է գրանցվել, ինչը 50 տոկոսով ավելի է, քան 2009-ի նույն ժամանակահատվածում», արձանագրում են ՄԱԿ-ի մասնագետները:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4