Դորտմունդի համերգային լեփ-լեցուն դահլիճում անցավ «Դորտմունդի օպերայի եւ համերգի բարեկամներ» անունը կրող կազմակերպության հղացած օպերային շքահանդեսըՙ «Eur-oper- Gala»-ն: Երկու բաժնից բաղկացած ծրագիրը, որ կազմվել էր տուրք տալով հանդիսատեսի ճաշակին, ոչ այլ ինչ էր, քան եվրոպական մի ճամփորդություն: Սիբելիուսի «Կարելիա սյուիտ»-ովՙ Ֆինլանդիա, Գրիգի «Պեր Գյունտի» Սոլվեի հետՙ Նորվեգիա, Վագների «Թռչող հոլանդացին» մեզ առաջնորդում էր ազատությունների ու ջրանցքների երկիր, իսկ «Թաննհոյզերի» Էլիզաբեթը Գերմանիա բերում, Բրամսի «Հունգարական պարը» մոռացնել էր տալիս ամեն տեսակ հոգնություն, Բեթհովենի «Ֆիդելիոն» նորից ղեկը Գերմանիա էր պտտում, այնուհետ հարեւան Չեխիաՙ եթե Դվորժակի «Սլավոնական պարը» ծանոթ հանգրվան է, ապա համեմատաբար քիչ հնչող «Ջրահարսի» լուսնին ձոնված երգն այնքան թախծոտ ու քնքուշ էր, որ դժվար էր առանց հուզվելու հայտնվել Չայկովսկու «Պիկովայա դամայի» Լիզայի նույնքան զգացմունքային աշխարհում, հետո Շտրաուսի հետՙ Ավստրիա, Պուչչինիի «Մանոն Լեսկո»-ի ու «Ջաննի Սկիկիի» Լաուրետայի հետՙ Իտալիա, ուր երաժշտական մեր նավագնացության ղեկն իր ձեռքն է առնում Վերդինՙ «Օթելլոյի» Յագոյի հետ, «Ճակատագրի ուժը» օպերայի Լեոնորայի, այնուհետ «Տրուբադուրի» Լեոնորայի ու Կոնտե Լունայի զուգերգով մեզ հասցնում Իսպանիա:
Համաձայնեք, դժվար ճամփորդություն էր, հանդիսատեսի մի մասը պարզապես զարմացած էր, թեՙ տրամադրությունների, երաժշտական, նաեւ լեզվական տարաբեւեռ այդպիսի մի ճամփորդություն ինչպե՞ս են առանց հոգնության նշույլի գեղեցիկ իրականություն դարձնում բեմում կանգնած արտիստները: Եթե Դորտմունդի ֆիլհարմոնիկի երաժշտական գլխավոր տնօրեն հոլանդացի Յակ վան Սթիինի (Jac van Steen) աշխույժ, հումորախառն տեքստով լեցուն դիրիժորական նավավարումը մեզ ծանոթ աղերս էր գծում Լորիս Ճգնավորյանի ժամանակներին, ապա մենակատարների բուռն ծափերով ուղեկցվող ներկայությունը վկայում էր, թե երաժշտական թռիչքները բարենպաստ վայրէջքներով են պսակվում այն ժամանակ, երբ բեմում, ինչպես ձեւակերպեց համերգավարըՙ աստղազույգ է: Բարիտոն Սայմըն Նիլը (Simon Neal) համեմատաբար քիչ երեւաց բեմում, իսկ Հասմիկ Պապյանը, որ աներեւակայելի արագ մի կերպարից, մի լեզվից անցնում էր մյուսին, միայն իրեն հատուկ հմայքով, լեգատոների նրբասահ, հաճախ աղոթք հիշեցնող պիանիսիմոներով, ըստ պահանջիՙ նաեւ հախուռն դրամատիզմով ու իր հանդեպ առանձնահատուկ պահանջկոտությամբ գերմաներենի, իտալերենի, ռուսերենի իր իմացությանը հավելել էր երկու չքնաղ կերպարներիՙ Սոլվեի ու ջրահարսի բնագիր նորվեգերենն ու չեխերենը: Անկասկած, հենց նրա ներկայությամբ էր պայմանավորված երաժշտական այդ իրադարձությունը շքահանդես կոչելը:
Համերգի ավարտին ճեմասրահում ջազի հնչյունների ներքո կարելի էր օգտվել բարի ծառայություններիցՙ վայելելով օրվա արտիստների ներկայությունը: Այդ օրը նորից համոզվեցինքՙ Պապյանի շնորհիվ շատերի շուրթերին էր Հայաստան անունըՙ պայծառ, հզոր շեշտադրմամբ: «Մի ուրույն երկյուղածությամբ եմ հետեւում, երբ ծրագրում Չայկովսկու «Պիկովայա դաման» է ընդգրկվում: Ձեր Լիզան իր հրաշալի ռուսերեն հնչումով սիրտս տակնուվրա արեց», հուզմունքը տեղ-տեղ նույնիսկ չզսպելով ասաց մի ռուս հանդիսատես: «Աստված ոչինչ չի խնայելՙ թե՛ գեղեցիկ ձայն, թե՛ չքնաղ արտաքին, թե՛ երջանիկ ընտանիք», Հասմիկի երկրպագուների աչքից չվրիպեց նրան ուղեկցող ամուսնու, սկեսրայրի ու դստեր սիրագորով հայացքները: Պապյանին շնորհավորելու, նրա հետ լուսանկարվելու պահը շատերը բաց չթողեցին: Մենք էլ նրան ուղղեցինք մեր ձայնագրիչը:
- Ի՞նչ կասեք համերգային ծրագրի մասին:
- Երկար ընդմիջումները, մի երկրից, մի արիայից մյուսը թռիչքներն ինձ համար շատ դժվար էին ու անսպասելի: Բայց նաեւ հետաքրքր ական էր: Դժբախտաբար ընդամենը մի փորձ էինք արել եւ կենտրոնանալ հսկայական ծրագրի, տարբեր լեզուների, մեկից մյուսն անցումներին մի քիչ դժվար էր, բայց վերջին հաշվով այդպիսի դաստիարկչական ծրագիրն էլ իր նպատակն ունի եւ կարծեմ տեղ հասավ:
- Այս համերգին ցույց տվեցիք, որ ոչ միայն նոր դերերգեր, այլեւ նոր լեզուներ սովորելու Ձեր ընթացքը չի վերջանում:
- Այո: Այս անգամ չեխերեն եւ նորվեգերենն էին: Իհարկե սովորելու բան միշտ կա, եւ դա չի վերջանում: Նորվեգերենը մի քիչ դժվար էր, որովհետեւ հենակետ չունեի, պարզապես պիտի մեխանիկորեն անգիր սովորեի, դա էլ լավ է, որովհետեւ բժիշկներն ասում ենՙ հիշողությունը թարմ պահելու համար ուղեղին այդպիսի վարժությունները պետք են: Բայց բավականին մեծ աշխատանք էր ինձ համար:
- Կողքից նայելով թվում է, թե 25 տարվա բեմական կյանքում հաջողել եք բոլոր մեծ հեղինակներին, մեծ կերպարներին բնագիր լեզուներովՙ իտալերեն ու գերմաներեն, անգլերեն ու ֆրանսերեն, հայերեն ու ռուսերեն անդրադառնալ: Ձեզՙ մի 25 տարի էլ բեմական կյանքՙ սովորելու մյուս լեզուները:
- 25 տարի հաստատ չէ, ես շատ լավ գիտակցում եմ, որ 25 տարին բավականին երկար ժամանակ է: Բեմում պիտի մնամ այնքան, ինչքան որ կկարողանամ գոհացնել հանդիսատեսին: Իմ ուսուցչուհին, որ Մեծ տիկինն էր Հայաստանի եւ մեր ազգի (Տաթեւիկ Սազանդարյանի մասին է խոսքը- Ան. Հ.), միշտ ասում էրՙ ավելի լավ է 5 տարի շուտ, քան 5 րոպե ուշ հեռանալ բեմից: Այնպես որ ես դա շատ լավ գիտակցում եմ:
- Ձեր ձայնի գեղեցկությունը, լեփ-լեցուն դահլիճը, մամուլի գնահատականները վկայում են, թե դեռ հեռու է այդ պահը: Դառնանք ծրագրին: Քաղաքական ենթատեքստ կա՞ՙ եվրոպական այսպես կոչված ճամփորդությունը նպատակ ունի՞ երկրները մերձեցնել:
- Ես համերգի ծրագրի պատրաստմանը բոլորովին չեմ մասնակցել: Դա եղել է տվյալ գործերը կատարելու պատվեր: Իհարկե լինում են նաեւ այսպիսի դեպքեր, երբ փոխզիջումների պետք է գնալՙ հասկանալով ունկնդրի պահանջը, հաշվի առնելով սպասելիքները: Եթե ինձ մնար, ուրիշ տեսակ կկազմեի ծրագիրը:
- Համերգի կազմակերպիչ մարմնի մասին խոսենք: Սատարո՞ւմ են դասական երաժշտության տարածմանը:
- Նախ եւ առաջ հովանավորների խնդիրը կա: Այսպիսի համերգները նրանց համար կարծես հաշվետվություն են, ինչ-որ տեղ երախտագիտության խոսքՙ հովանավորներին դահլիճ բերելու, նրանց ցույց տալու իրենց արածի արդյունքը: Դվորժակի «Ջրահարսը» հենց այդ պատճառով երգեցի, դա շնորհակալություն ասելու մի ժեստ էր. հովանավորները շատ մեծ գումարներ են ծախսել օպերայում այդ ներկայացումը բեմադրելու համար: Իսկ կազմակերպիչներըՙ «Դորտմունդի օպերայի եւ համերգի բարեկամները» օպերայի մեծ սիրահարներ են, ճամփորդում են, շատ բան գիտեն, շատ բան սովորում են: Նրանց հիմնական նպատակն է երիտասարդներին ներգրավել իրենց շարքերը, որ շատ խրախուսելի է:
- Իսկ Հայաստանում տեսնու՞մ եք նման կառույցի ստեղծման անհրաժեշտություն: Մենք էլ ունենք օպերա, դասական երաժշտություն սիրող, գնահատող մարդիկ:
- Եվ շատ ունենք: Ունենք այնպիսի ունկնդիր, որի առջեւ խոնարհվել կարելի է: Ամենամեծ ուրախությունը, ամենամեծ հաճույքն ինձ համար «Աիդան» կատարելիս այդպիսի դահլիճ տեսնելն էր, այն հանգամանքը, որ մենք դեռեւս ունենք լավագույնը ներկայացնելու արժանի ունկնդիր: Պարզապես այդ ունկնդիրը որեւէ խմբավորման մեջ չի ընդգրկվել, անհատներ են: Մեզ մոտ իհարկե տարբեր են կառուցվածքները:
- Կարելի՞ է մոդելը կիրառել:
- Իհարկե: Մոդելը կիրառելուց առաջ օպերային թատրոնի ղեկավարությունը պիտի աշխատի երիտասարդներին բերել թատրոն, ինչպես դա արվում էր իմ ժամանակ: Առաջին անգամ առաջին դասարանի աշակերտուհի էի, երբ աբոնեմենտով մեր դպրոցին օպերա էին տարել: Նույնիսկ հիշում եմՙ այնպիսի տեղում էի նստած, որ ոչինչ չէր երեւում, միայն լսում էի եւ այնպես էի տպավորված, որ ամիսներ շարունակ չէի կարող մոռանալ: Այնպես որ առաջին հերթին դա է պետք վերականգնել: Առանց դրա հնարավոր չէ երիտասարդներին օպերային թատրոն բերել եւ կրթել:
- «Աիդայի» ունկնդիրը հույս տալի՞ս էր:
- Շատ, շատ մեծ հույս: Եվ իհարկե նկատելի էր այն ծարավը, որ մարդիկ ունեին: Ինչպիսի հաճույքով, ինչպիսի մեծ գիտելիքներով եւ ինչպիսի սուր աչքով եւ ականջով էին եկել: Այնպիսի՛ հարցեր էին տալիս, նույնիսկՙ մասնագիտական, նաեւ քննադատություն հնչեց, որ ուրախանալ կարելի է միայն: Հայաստանը ունկնդրի իմաստով դեռեւս ունի մշակութային մակարդակ:
- Հաջորդ անգամ Պապյանին ո՞ր երկրի ո՞ր բեմահարթակում է վիճակված տեսնել:
- Հիմա պատրաստվում եմ «Ֆրանչեսկա դա Ռիմինի» երգել, բոլորովին նոր, սարսափելի դժվար մի գործՙ 4 գործողություն, անընդհատ երգեցողություն եւ շատ դրամատիկ դերերգ: Քիչ բեմադրվող ստեղծագործություն է, եւ իր ստեղծման օրից կարծեմ ընդամենը 4-5 երգչուհի են երգել: Ընդունված է ասելՙ հանձնարարում են միայն մեծ Դիվաներին, ուստի մեծ պատիվ է արժանանալ այս դերերգին: Հիմա ես այն շատ ինտենսիվ սովորում եմ, հույս ունենալով, որ կկարողանամ հաղթահարել առկա դժվարությունները:
Իտալացի Ռիկարդո Ցանդոնայի 1914-ին գրած «Ֆրանչեսկա դա Ռիմինի» օպերան Հասմիկ Պապյանի գլխավոր դերակատարմամբ ներկայացվելու է իտալական Տրիեստի Ջուզեպպե Վերդի թատրոնումՙ ապրիլի 19-ին, 22-ին, 26-ին, 30-ին: Ազնվական իտալուհի Ֆրանչեսկա դա Ռիմինին (մոտավոր. 1255-1285 թթ.) Դանթեի «Աստվածային կատակերգություն» պոեմի գործող անձն է , ողբերգական սիրո գրական տիպար: Նրա կերպարին են անդրադարձել տարբեր արվեստագետներՙ ինչպես գրականության, այնպես էլ նկարչության, քանդակագործության, երաժշտության մեջ: Հայ գրողներից մեզ հայտնի է Պարույր Սեւակի անդրադարձը: Պապյանի վերոնշյալ դերակատարմանը կանդրադառնանք պրեմիերայից հետո:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Դորտմունդ, Գերմանիա