Դոհայում ընթացող շախմատի կանանց Գրան պրիի խաղարկության նախորդ տուրում կրած պարտություններից հետո Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը վերելքով անցկացրին հերթական պարտիաները` հաղթանակներ գրանցելով իրենց օգտին:
9-րդ տուրում առաջինն իր մրցավեճն ավարտեց Լիլիթ Մկրտչյանը, որը սպիտակներով խաղում էր չինացի շախմատիստուհի Չժու Չենի հետ: Վերջինս մատի սպառնալիքի տակ ստիպված էր 50-րդ քայլին հանձնվել: Լիլիթը մրցաշարում 2-րդ հաղթանակը տոնեց ու վաստակելով 4 միավոր, Մարթա Ֆիեռոյի հետ բաժանում է 7-8-րդ տեղերը:
Էլինա Դանիելյանի մրցակցուհին սեւերով խաղացող Մարթա Ֆիեռոն էր: Էլինան կրկին իրեն հիանալի դրսեւորեց: Նրա անցողիկ զինվորը հասել էր 7-րդ հորիզոնական ու սպառնում էր վերածվել թագուհու: Միայն նյութական կորուստների գնով Մարթա Ֆիեռոն կարող էր կանխել զինվորի առաջխաղացումը, սակայն այդ դեպքում եւս խաղը փրկել չէր հաջողվի: Ուստի Ֆիեռոն ավելորդ ժամանակ չվատնելով, 51-րդ քայլին հանձնվեց: Սա Դանիելյանի 7-րդ հաղթանակն էր: Նա 7,5 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը:
Դանիելյանին հետապնդող Մարի Սեբագը սպիտակներով հաղթեց Նանա Ձագնիձեին ու վաստակեց 6,5 միավոր: Վերջինն իր մրցավեճն ավարտած Համպի Կոներուն Սյու Յուհուայի հետ պարտիայում երկարատեւ պայքարից հետո 106-րդ քայլին հաշտություն կնքեց: Կոներուն ունի 6 միավոր: Պիա Կրամլինգը պարտվեց Բատույագ Մոնգոնտուլին: Տուրի 2-րդ ոչ-ոքին գրանցվեց Մայա Չիբուրդանիձեի եւ Անտուանետա Ստեֆանովայի պարտիայում:
5 միավորով 4-րդ տեղում է Նանա Ձագնիձեն, որին հաջորդում են 4,5-ական միավոր ունեցող Պիա Կրամլինգն ու Մայա Չիբուրդանիձեն: 2,5 միավորով աղյուսակը եզրափակում է Չժու Չենը:
Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր: Այսօր կայանալիք 10-րդ տուրում Էլինա Դանիելյանը սեւերով կմրցի Պիա Կրամլինգի, իսկ վաղը սպիտակներով կխաղա Անտուանետա Ստեֆանովայի հետ: Լիլիթ Մկրտչյանի մրցակցուհիները կլինեն Համպի Կոներուն եւ Մարթա Ֆիեռոն: