«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2011-03-03 | #38, 2011-03-04 | #39, 2011-03-05


ԲԱՆԸ ՀԱՍՑՐԻՆ ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆ

«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» Բաքվում «պաշտոնական կայքէջի շնորհանդես է» կազմակերպել: Իլհամ Ալիեւի աշխատակազմում քարոզչության հարցերով պատասխանատու Էլնուր Ասլանովն էլ ասել է, թե փաստը, որ «կայքէջի նյութերը ներկայացվում են նաեւ հայերեն, վկայում է Ադրբեջանի հանդուրժողականության մասին»:

Փաստորեն ադրբեջանական կողմն ընտրել է քարոզչական «պատերազմը» նաեւ հայերենով ծավալելու մարտավարություն, որը, սակայն, իշխանության ներկայացուցիչը համարում է «հանդուրժողականություն»: Ստացվում է, որ հայերը պետք է «երախտապարտ լինեն», որ Ադրբեջանը հիմա էլ Արցախի պատմությունն ու ներկան խեղաթյուրում է հայերենով:

Որպեսզի պարզ լինի, թե ինչ «հայերենի» մասին է խոսքը, մի մեջբերում անենք. «Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի հնագույն բնակավայրերից մեկը: Ղարաբաղի անունը, որը համարվում է Ադրբեջանի անբաժանելի մասը, բաղկացած է երկու մասիցՙ ադրբեջանական «Ղարա» (սեւ) եւ «բաղ» (այգի) բառերից: «Ղարա» եւ «բաղ» արտահայտությունը, ինչպես նաեւ Ադրբեջանի ժողովուրդը, ունեն հնագույն պատմություն: Ամբողջ աշխարհում այդ արտահայտության վերագրումն Ադրբեջանի կոնկրետ տարածքին հանդիսանում է անժխտելի ճշմարտություն: «Ղարաբաղ» բառը, որով ադրբեջանական ժողովուրդը անվանել է իր հայրենի հողի մի մասը, հիշատակվում է սկզբնական աղբյուրներում 1300 տարի առաջ»:

Խոսք չկա, հենց որ Արցախում հայերը կարդան սույն «պատմագիտական հիմնավորումը», իսկույն «կհավատան, որ 1300 տարի առաջ», ինչպես Հրանտ Մաթեւոսյանը կասեր, «Ջահանդամդարասիից մի ոջլոտ չոբան եկել, տեսել է անմարդաբնակ այս տարածքը, սքանչացել նրա գեղեցկությամբ եւ կնքել «Ղարաբաղ»»:

Իլհամ Ալիեւի նախագահական «հնարամտությունն», այսպիսով, հերթական անգամ ի ցույց է դրվում: Նման մտավարժանքներն արժանի են միայն եւ միայն խղճահարության: Եվ եթե բանը հասցվում է հիմարության, ապա մենք իրավասու ենք նրան դիմել իր իսկ ժողովրդի հայտնի խոսքով. «Աշուղի ասելիքը որ սպառվում է, սկսում է նեյնիմ-նեյնիմ նվագել»:

Սա այդ դեպքն է: Ուրեմն` նա ասելիք այլեւս չունի: Իսկ ո՞ւմ է պետք պետության այն ղեկավարը, որի ասելիքն արդեն սպառված է: Բացի հիմարություններից:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4