«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2011-03-03 | #38, 2011-03-04 | #39, 2011-03-05


ՆԱԽԱՐԱՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԲՐԱՏԻՍԼԱՎԱՅՈՒՄ

Չեխ դիվանագետ կգործուղվի Երեւան

Մարտի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մասնակցել է Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) հանդիպմանը, որին մասնակցել են նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների, ինչպես նաեւ Գերմանիայի արտգործնախարարները, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւ հարեւանության ու ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Հանդիպումը տեղի էր ունենում Վիշեգրադյան քառյակի հիմնադրման քսանամյակի շրջանակներում եւ նվիրված էր արեւելյան գործընկերների եւ Եվրոպական միության համագործակցության հեռանկարներին, ակնկալիքներին եւ հետագա անելիքներին: Նախարար Նալբանդյանը հանդես է եկել ելույթով: Արձագանքելով Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ մեկնաբանություններին, նախարար Նալբանդյանը նշել է, որ Արեւելյան գործընկերությունը ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումների եւ կարգավորման ձեւաչափը չէ, միջազգային հանրության կողմից ձեւավորված եւ աջակցվող միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է:

Բրատիսլավայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել իր սլովակ գործընկեր Միկլոշ Ձյուրինդայի հետ` քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Սլովակիայի նախագահին ուղղված ՀՀ նախագահի Հայաստան այցելելու հրավերը: Նախարարները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Միկլոշ Ձյուրինդան տեղեկացրել է, որ շուտով Սլովակիան մուտքի արտոնագրեր կտրամադրի Երեւանում Լեհաստանի դեսպանության միջոցով: Այս ենթատեքստում նաեւ քննարկվել է մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը:

Բրատիսլավայում Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգի հետ էր: Չեխիայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել անցյալ տարի Պրահայում Հայաստանի դեսպանության հիմնումը նշելով, որ դա լուրջ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Նախարար Շվարցենբերգը տեղեկացրել է, որ մինչ Հայաստանում դեսպանության բացումը Չեխիան շուտով դիվանագետ կգործուղի Երեւանում գործող եվրոպական երկրներից մեկի դեսպանություն: Նախարարները համաձայնություն են ձեռք բերել ԱԳՆ-ների միջեւ խորհրդատվությունների ակտիվացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման վերաբերյալ, քննարկել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Էդվարդ Նալբանդյանն ու Կարել Շվարցենբերգը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, ասոցիացման համաձայնագրի բանակցությունների, խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքների, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանն առնչվող հարցերի վերաբերյալ:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4