«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2011-03-03 | #38, 2011-03-04 | #39, 2011-03-05


ԱՖՂԱՆԱԿԱՆ ՕՊԻՈՒՄԻ 40%-Ն ԱՆՑՆՈՒՄ Է ԻՐԱՆՈՎ ՈՒ ԿԱՐՈՂ Է «ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԻՐ ՈՒՂԻՆ» ՎՐԱՍՏԱՆՈՎ

Իրանի հետ անցագրային ռեժիմի պարզեցումը կարող է Վրաստան թմրանյութերի մեծ հոսք առաջացնել: Այսպիսի եզրակացություն է արված, ըստ վրացական լրատվամիջոցների, ԱՄՆ պետքարտուղարության` թմրանյութերի միջազգային վերահսկողության առնչությամբ ամենամյա հաշվետվությունում:

«2010-ին Վրաստանը անցագրային ռեժիմի պարզեցման համաձայնագիր է ստորագրել Իրանի հետ», նշված է հաշվետվությունում, ընդգծելով, որ դեռեւս հստակ չեն այդ համաձայնագրի` ուժի մեջ մտնելու ժամկետները:

ԱՄՆ պետքարտուղարությունը հարկ է համարել նշել. «Եթե համապատասխան ստուգում եւ զննում չապահովվեն, այդ համաձայնագիրը կարող է մեծացնել թմրանյութերի հոսքը Վրաստան»: Ըստ հաշվետվության, «Դա լիովին հնարավոր է, քանի որ աֆղանական օպիումի 40 տոկոսն անցնում է Իրանով: Լուրջ հիմքեր կան մտածելու, որ թմրանյութեր վաճառողները օգտագործում են Իրանի եւ Վրաստանի միջեւ պարզեցված տեղաշարժման նոր երթուղիները»:

Ամերիկացի փորձագետները գտել են, որ Վրաստանն իր աշխարհագրական դիրքի արդյունքում դառնում է հիմնական միջանցք Ասիայից Եվրոպա թմրանյութերի հոսքի համար: Ուստի, ըստ նույն այդ փորձագետների, Վրաստանի` թմրանյութերի վերահսկողության համակարգը բարեփոխումների կարիք ունի:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4