Եվրոմիությունը չի հավակնում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերին, բայց, միեւնույն ժամանակ, դա չի նշանակում, թե Եվրոմիությունը պետք է մի կողմ քաշվի: Իր առաքելությունը որպես Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ ավարտին հասցրած Պիտեր Սեմնեբիի ներկայացմամբՙ հենց այսպիսին է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության` որեւէ այլ ատյան քննարկումների տեղափոխման առնչությամբ:
Ըստ ադրբեջանական «News.az» կայքէջին տված հարցազրույցի, Սեմնեբին նշել է, թե Եվրոմիությունը տնօրինում է հնարավորություններ, որպեսզի հակամարտության կարգավորման գործում օգնություն եւ աջակցություն ցուցաբերի իր գործընկերներին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: «Մենք պետք է աջակցենք հակամարտության կարգավորման գործընթացին», ասել է եվրոպացի դիվանագետը:
Սեմնեբին նաեւ հույս է հայտնել, թե, հնարավոր է, որ մոտ ապագայում ձեռնարկվեն կարգավորման ուղղությամբ նշանակալի քայլեր, միեւնույն ժամանակ նշելով, որ մինչեւ վերջնական որոշում դեռեւս անելիքները շատ են: ԵՄ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ Եվրոմիությունը շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ, ինչի մասին է վկայում նաեւ ԵՄ հարաբերությունների զարգացումը հարավկովկասյան երկրների հետ:
Ա. Հ.