Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Սեւանա լճի հիմնահարցերի վերաբերյալ հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են երկրի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամներն ու համապատասխան գերատեսչությունների ղեկավարներ: ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթների եւ հանրապետության ղեկավարի հանձնարարականների շրջանակում 2010-ին իրականացված աշխատանքներն ու 2011-ի ծրագրերը: 2010թ. նախանշված միջոցառումները, Վլադիմիր Մովսիսյանի հավաստմամբ, իրականացվել են լիարժեքորեն եւ սահմանված ժամկետներում: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ լճի հետ կապված մի շարք հիմնախնդիրների, որոնք այսօր էլ արդիական են:
Ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների մասին զեկուցել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նախագահը նշել է, որ թեպետ հանձնաժողովն իր գործունեության գրեթե երկու տարիների ընթացքում զգալի աշխատանք է իրականացրել` եղել են հանձնաժողովի բազմաթիվ նիստեր, կարեւորագույն մի շարք հարցերի շուրջը մասնագիտական քննարկումներ, այդ հարցերի հիմնական մասն առաջարկությունների տեսքով ներկայացվել կառավարություն, եւ դրանց հիման վրա ընդունվել են որոշումներ, այդուհանդերձ, խնդիրների լուծման տեմպերը դեռեւս բավարար չեն: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ կատարված աշխատանքը եւ որոշակի առաջընթացը, մասնագետներից բացի, պետք է տեսանելի լինեն նաեւ Սեւան այցելողի համար: Խորհրդակցության ավարտին Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովին եւ նրա նախագահին, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարին, բնապահպանության, տրանսպորտի եւ կապի նախարարներին, Գեղարքունիքի մարզպետին եւ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահին:
Հ. Ա.