«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2011-03-03 | #38, 2011-03-04 | #39, 2011-03-05


Orange-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մրցանակակիրը 6-ամսյա վճարվող պրակտիկա կանցնի Ֆրանսիայում

Orange-ը մեկնարկեց 2011թ. նորարարության մրցույթը Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) երեւանյան եւ մարզային մասնաճյուղերի ուսանողների համար: Մրցույթի արդյունքում լավագույն նորարարական գաղափարի հեղինակը ճանաչված ուսանողը կմեկնի Ֆրանսիա` 6-ամսյա վճարվող պրակտիկայի Orange-ի գիտահետազոտական լաբորատորիաներից մեկում եւ կաշխատի նորարարական նախագծերի վրա:

«Հայ երիտասարդներն ունեն նոր գաղափարներ առաջ քաշելու հսկայական պոտենցիալ, ցանկություն եւ գիտելիքներ: Այս երիտասարդներին հաճախ պակասում է միայն մի բան` փոքրիկ հնարավորություն, փայլուն նախագծերի հեղինակը դառնալու եւ իրենց դրսեւորելու համար, եւ մենք ուզում ենք տալ նրանց այդ հնարավորությունը: Orange Արմենիան մեծ միջազգային խմբի մասն է կազմում, եւ մեր գործունեությունը Հայաստանում կտա առավելություն հայ ուսանողներին` կատարելագործվելու մեր խմբի բազմաթիվ գիտահետազոտական լաբորատորիաներից մեկում: Վստահ եմ, որ հաղթողը կվերադառնա Հայաստան որպես պատրաստի մասնագետ եւ օգտակար կլինի ինչպես իր համալսարանին, այնպես էլ երկրին», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան երեկ կայացած ասուլիսի ժամանակ:

Երկու համալսարանների ռեկտորները ողջունել են Orange-ի այս նախաձեռնությունը եւ ամեն կերպ աջակցել մրցույթի անցկացմանը` հատկապես կարեւորելով հայ ուսանողների համար այսօրինակ աշխատանքային պրակտիկայի ընձեռած ապագա հնարավորությունները, ինչպես նաեւ հետագայում գիտական աշխատանքի պատրաստվող մասնագետների համար նորանոր հմտությունների ձեռքբերումը:

Մրցույթին կարելի է մասնակցել` մինչեւ ապրիլի 20-ը գրանցվելով Orange-ի պաշտոնական վեբկայքում հատուկ ստեղծված կայքէջում եւ էլեկտրոնային ձեւաչափով ուղարկելով նախագիծը եւ կենսագրությունը:

11 հոգուց կազմված Ժյուրին, որի կազմում են Orange Արմենիայի հայ եւ արտասահմանցի 7 մասնագետներ, Orange Lab-երի 2 ներկայացուցիչ, ինչպես նաեւ` մեկական ներկայացուցիչ ԵՊՀ-ից եւ ՀՊՃՀ-ից, կգնահատի ներկայացված գաղափարներն ըստ հետեւյալ չափանիշների. նորարարական, հետաքրքրական, օգտակար եւ հեշտ կիրառվող: Գաղափարը պետք է վերաբերի հեռահաղորդակցության ոլորտին (ցանց եւ ինժեներիա, ծրագրային ապահովում եւ հավելվածներ, շարժական կապի նորարարական եղանակներ, սարքավորումներ եւ այլն) եւ ներկայացված լինի անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով: Այս լեզուներից մեկի բավարար տիրապետումը անհրաժեշտ է հետագայում Ֆրանսիայում պրակտիկան անցնելու համար: Մրցույթի հաղթողի անունը կհրապարակվի Orange-ի կայքում մայիսի 20-ին:

Մրցույթի մասնակցության մասին մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.orangearmenia.am/innovation-prize/ կայքէջը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4