«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2011-03-03 | #38, 2011-03-04 | #39, 2011-03-05


ՍՊԱՍԵՆՔ «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ» ՕՊԵՐԱՅԻ ՊՐԵՄԻԵՐԱՅԻՆ

Մարտի 6-ին եւ 9-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հայտնի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայի պրեմիերան:

Օպերան առաջին անգամ բեմադրվել է 1969 թ. մայիսին: Բեմադրության գեղարվեստական ղեկավարն էր Վարդան Աճեմյանը, բեմադրող դիրիժորըՙ Արամ Քաթանյանը:

Արամ Խաչատրյանը Ալեքսանդր Հարությունյանին ասել է. «Հիացած եմ քո օպերայով, դու Սայաթ-Նովայի երգարվեստը մեյդանից բարձրացրեցիր բեմ»:

«Սայաթ-Նովա» օպերայի նոր բեմականացումը սպասվում էր անցած տարի, սակայն Ալեքսանդր Հարությունյանը դժգոհ է եղել վրաց ճանաչված բեմադրիչ Գիզո Ջորդանիայի ռեժիսորական մոտեցումներից, ինչի պատճառով էլ աշխատանքները դադարեցվել էին: Կային նաեւ նյութական պատճառներ: Իսկ այս տարի «Սայաթ-Նովա» օպերան բեմադրում է ռեժիսոր Արամ Սուքիասյանը: Օպերան բաղկացած է երեք մասից, լիբրետոյի հեղինակը Հակոբ Խանջյանն է, բեմադրող դիրիժորըՙ Յուրի Դավթյանը, բեմադրության ու զգեստների նկարիչը` Արաքսի Քուչուկյանը, որ Ալեքսանդր Հարությունյանի թոռնուհին է: Երաժշտական մասի խմբավարն է Կարեն Սարգսյանը, դիրիժորը` Կարեն Լավչյանը:

«Սայաթ-Նովա» օպերայի մասին նախ զրուցեցինք բեմադրող ռեժիսորի` Արամ Սուքիասյանի հետ:


- Խնդրում եմ ներկայացրեք Սայաթ-Նովայի կերպարի եւ նրա ժամանակաշրջանի Ձեր մեկնաբանությունը:

- Մենք հավատարիմ ենք մնացել ժամանակաշրջանին, մոդեռն լուծումներ բեմադրության մեջ տեղ չեն գտել, մնացել ենք դասական լիբրետոյին հարազատ, օպերան բեմադրված է դասական սկզբունքներով:

- Գուցե եւ տեղին չէ համեմատությունը, սակայն Սայաթ-Նովայի կերպարին ժամանակին անդրադարձել են ռեժիսոր Կիմ Արզումանյանը «Սայաթ-Նովա» ֆիլմում, այնուհետեւ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը «Նռան գույնը» ֆիլմում, որտեղ ավելի շեշտված էին խորհրդանիշ-պատկերները: Ինչպիսի՞ն են Ձեր մոտեցումները:

- Այս բեմադրության վրա աշխատել են եւս 2 բեմադրող ռեժիսորներ, շուրջ 3 տարի: Հեղինակի եւ առաջին ռեժիսորի որոշ անհամաձայնությունների պատճառովՙ շարունակությունը չի կայացել եւ ավարտին չի հասել:

Մինչ ինձ հրավիրելը, արդեն հստակեցված էին Սայաթ-Նովայի կերպարային մոտեցումները, այնպես էլ բեմադրական աշխատանքները, նկատի ունեմ դեկորացիան, ռեկվիզիտները: Անգամ ամենամեծ ցանկության դեպքում, չէի կարող այլ մեկնաբանություն տալ: Հիմնական աշխատանքը կատարված էր, ես ավելի շատ ավարտին եմ հասցրել գործը:

- Որքան էլ դժվար է անկեղծ պատասխանել, սակայն կխնդրեի մի քանի խոսք դերասանական կազմի մասին:

- Մեծամասամբ երիտասարդներ են: Անշուշտ, նրանք դերասանական վարպետությամբ հասուն չեն, այդ խնդիրը միշտ էլ եղել է: Իհարկե, պետք չէ օպերային արվեստի դերասանին համեմատել դրամատիկական թատրոնի դերասանի հետ: Այստեղ, իհարկե, առաջնահերթությունը ձայնի որակն է, երգերի գրագետ կատարումը: Ստեղծագործական կազմից կարելի է առանձնացնել երգչախմբին, որ բավական բարձր մակարդակի է:

- Պրն Սուքիասյան, իսկ մինչ այս ի՞նչ բեմադրություններ եք կատարել:

- Մեծ մասամբ մասսայական հանդիսություններ, երաժշտաթատերական ծրագրեր, պետական կառավարական համերգներ: Դասական օպերայում առաջին անգամ եմ բեմադրություն անում: Ես նաեւ երկու ռոք օպերայի հեղինակ եմ:

- Ի՞նչ եք կարծում, Ձեր ռեժիսորական մտահղացումները ամբողջությամբ իրականացե՞լ են:

- Ոչ, իհարկե, ոչ:

Մենք նաեւ զրուցեցինք Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի հետ:

- Ձեր կարծիքով «Սայաթ-Նովա» օպերան հաջողվա՞ծ է:

- Գնահատականը պրեմիերայից հետո կտա մեր հանդիսատեսը: Այս ներկայացումը շատ երկար տեւեց, որոշ պատմություններով, դժվարություններովՙ եկանք հասանք պրեմիերային, իհարկե անկախ մեզանից: Կարծում եմ, պատվով դուրս եկանք այդ իրավիճակից: Մարտի 6-ին եւ 9-ին ներկայացումը կհանձնենք հանդիսատեսի դատին:

- Ի՞նչ կասեք ռեժիսորական աշխատանքների մասին:

- Մեր դժվարությունները հեղինակի եւ ռեժիսորների միջեւ տարակարծություններն էին:

- Ի՞նչ կասեք կազմակերպչական աշխատանքների մասին:

- Օպերային թատրոնի արդեն որերորդ ներկայացումը հաստատում է, որ կազմակերպչական աշխատանքները մեր թատրոնում դրված են լավ հիմքերի վրա: Ներկայացումը ավարտին հասցնելու համար շատ ծառայություններ են մասնակցում, միմյանց շաղկապված, առանց մեկը մյուսի անհնար է լիարժեք աշխատանք, պիտի ասեմ, որ բոլոր ծառայությունները գործել են բավարար:

- Որքա՞ն գումար է կազմել բեմադրության ծախսը:

- Մոտավորապես 50 մլն. դրամ:

Հանդիպեցինք նաեւ Ալեքսանդր Հարությունյանի դստեր, «Սայաթ-Նովա» օպերայի պրոդյուսեր Նարինե Հարությունյանի հետ (որ մեր դիտարկմամբ ներկայացման ռեժիսորի գործառույթները նույնպես իր վրա էր վերցրել): Նա ասաց. «Ռեժիսուրան պատրաստ էր, ամեն ինչ պատրաստ էր: Այժմ ես եմ վազվզում, զբաղվում կազմակերպչական գործերով, իսկ ինքըՙ ռեժիսորը ոչ մի բանով չի զբաղվում: Իմ բոլոր մտահղացումները փորձեցի իրականացնել եւ դեռ աշխատում եմ խաղի վրա, փորձում եմ մի քիչ աշխուժացնել: Ես իրեն (ռեժիսորին) բերեցի, որպեսզի նա աշխատի դերասանների եւ երգչախմբի հետ, այդ հարցում ինձ օգնեց երգչախմբի ղեկավարը: Գիզո Ջորդանիան ավելի շատ է աշխատել, քան նա: Ես եմ պրոդյուսերը եւ իրավունքներ ունեմ: «Սայաթ-Նովա» օպերան առաջին անգամ բեմադրել է 1969թ. Վ. Աճեմյանը, 20 տարի օպերան եղել է բեմում: Անկախացումից հետո դադարեցվեց, եւ հիմա մենք ցանկանում ենք վերականգնել: Հայրս ինձ նշանակեց այս օպերայի պրոդյուսեր, իսկ դուստրս` Արաքսի Քուչուկյանը բեմի եւ հագուստների նկարիչն է: Շատ դժվար էր գտնել ռեժիսոր: Սկզբում ես ռեժիսոր էի գտել Մոսկվայից... Այնուհետեւ գնացի Թբիլիսի, առաջարկեցին Գիզո Ջորդանիային, բայց նա տարիքով մարդ է եւ ես ժամանակ չունեի ստուգելու, թե նա ինչ էր արել... Գործի 90 տոկոսը արդեն արել էինք: Ջորդանիայի համար ամեն ինչ գրված էր... Հետո ես գտա նոր ռեժիսոր` Արամ Սուքիասյանին: Օպերայի կազմակերպիչները, աշխատակազմը, Յուրի Դավթյանը եւ երգչախմբի ղեկավարը` Կարեն Սարգսյանը ինձ շատ օգնեցին բեմադրությունը իրականացնել»:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4