«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2011-03-03 | #38, 2011-03-04 | #39, 2011-03-05


ՀԱՂԹՈՂԻՆ ԿԱՆՎԱՆԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՏՈՒՐԸ

Դոհայում ընթացող շախմատի կանանց Գրան պրիի խաղարկության նախավերջին` 10-րդ տուրն անհաջող էր հայ շախմատիստուհիների համար: Էլինա Դանիելյանը պարտվեց Պիա Կրամլինգին` չկարողանալով կանխել անցողիկ զինվորի առաջխաղացումը: Չնայած պարտությանը, Էլինան 7,5 միավորով պահպանեց առաջատարի դիրքը:

Մրցաշարում անկայուն ելույթ է ունենում Լիլիթ Մկրտչյանը, որը սեւերով խաղում էր Էլինա Դանիելյանին հետապնդող Համպի Կոներուի հետ: Լիլիթին չհաջողվեց կասեցնել հնդիկ շախմատիստուհու հաղթարշավը: Վերջինս մեկ ձիու առավելություն ուներ, բացի այդ մատային սպառնալիքներ էր ստեղծել մրցակցի արքայական թեւում: Այս ամենի արդյունքում Մկրտչյանը ստիպված էր արդեն 44-րդ քայլին կանգնեցնել ժամացույցը: 10 հնարավորից վաստակած 4 միավորով Լիլիթը Սյու Յուհուայի, Մարթա Ֆիեռոյի եւ Բատույագ Մոնգոնտուլի հետ բաժանում է 7-10-րդ տեղերը: Իսկ ահա Համպի Կոներուն վաստակեց 7 միավոր եւ Մարի Սեբագի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Վերջինս հաշտություն կնքեց Մայա Չիբուրդանիձեի հետ:

5-ական միավոր են վաստակել վրացի շախմատիստուհիներ Մայա Չիբուրդանիձեն ու Նանա Ձագնիձեն, որը սպիտակներով պարտվեց մրցաշարի հետնապահ Չժու Չենին: Անտուանետա Ստեֆանովան ու Բատույագ Մոնգոնտուլը հաշտություն կնքեցին, Սյու Յուհուան հաղթեց Մարթա Ֆիեռոյին:

Այսօր կայանալիք 11-րդ տուրի հանդիպումներով կավարտվի շախմատի կանանց Գրան պրիի խաղարկության վերջին` 6-րդ փուլը: Հաղթողի հարցը կորոշվի Դանիելյան-Ստեֆանովա, Մոնգոնտուլ-Սեբագ, Չժու Չեն-Կոներու պարտիաներում: Լիլիթ Մկրտչյանի մրցակցուհին կլինի Մարթա Ֆիեռոն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4