Այսօր մեկնարկում է ֆուտբոլի ՀՀ 20-րդ առաջնությունը
«Միկա»-«Շիրակ» եւ «Արարատ»-«Բանանց» հանդիպումներով այսօր կտրվի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հոբելյանականՙ 20-րդ առաջնության մեկնարկը: «Միկան» մրցակցին կհյուրընկալի սեփական մարզադաշտում, իսկ ահա արարատցիները, որ սեփական հարկի տակ կայանալիք հանդիպումներն անցկացնելու են «Հրազդանում», մեկնարկային խաղը կանցկացնեն Արարատի «Այգ» մարզադաշտում: Այդ նույն մարզադաշտում մարտի 6-ին Դիլիջանի «Իմպուլսը» կհյուրընկալի երկրի չեմպիոն «Փյունիկին», քանի որ Իջեւանի մարզադաշտը դեռեւս ամբողջությամբ պատրաստ չէ: Նույն օրը Կապանում նշանակված «Գանձասար»-«Ուլիս» հանդիպումը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել է ու կկայանա մարտի 24-ին:
Վերջին տարիներին Հայաստանի առաջնություններն անցնում են բավական հետաքրքրական եւ անհաշտ մրցապայքարում: Կարծում ենք, որ բացառություն չի կազմի նաեւ հոբելյանական առաջնությունը: Մասնակից 8 թիմերից 7-ը հագեցած ուսումնամարզական հավաքներ են անցկացրել արտերկրում, մի շարք ստուգողական հանդիպումներում ստուգել են ֆուտբոլիստների պատրաստվածության մակարդակը, համալրել են կազմերը: Ինչ վերաբերում է «Արարատին», ապա թեեւ թիմը նախապատրաստվել է միայն Հայաստանում, սակայն ծանոթ լինելով Արկադի Անդրեասյանի մարզչական հմտություններին, հուսով ենք, որ արարատցիներն էլ արժանի մրցակից կլինեն մյուս թիմերի համար:
Անցած գրեթե 20 տարիների ընթացքում շատ բան է փոխվել հայկական ֆուտբոլում: Զգալիորեն բարելավվել են մարզումային պայմանները, հզորացել են ֆուտբոլային ակումբները, որոնց մի մասը ժամանակակից մարզաբազա ու մարզադաշտ ունի, ֆինանսական առումով էլ ներկայիս թիմերը չես համեմատի 20 տարվա առաջվա ակումբների հետ: Սակայն այս ամենով հանդերձ, խիստ անհանգստացնում է Հայաստանում ֆուտբոլային թիմերի սակավաթվությունը: Համեմատության համար նշենք, որ 1992-ին առաջին անգամ անցկացված Հայաստանի ազգային առաջնությունում միայն բարձրագույն խմբում հանդես էր գալիս 24 թիմ: Իսկ այսօր, ավելի նպաստավոր պայմաններում Հայաստանում ընդամենը 8 թիմ է մնացել: Մրցաշրջանի մեկնարկից առաջ լուծարվեց «Կիլիկիան»: Դեռ լավ է, որ անցած մրցաշրջանի կեսերից «Շիրակը» վերջապես ֆինանսապես կայուն սեփականատեր ունեցավ, այլապես Գյումրիի թիմն էլ կարող էր «Կիլիկիայի» տխուր ճակատագրին արժանանալ:
Ինչեւէ, այսօր սա է մեր ֆուտբոլային իրականությունը: Ֆուտբոլային նոր մրցաշրջանի մեկնարկը միշտ էլ յուրատեսակ տոն է ֆուտբոլիստների, մարզիչների ու ֆուտբոլասերների համար: Հուսանք, որ այդ տոնական տրամադրությունը կպահպանվի ողջ մրցաշրջանի ընթացքում, ականատես կլինենք գեղեցիկ ու դիտարժան ֆուտբոլի եւ որ ամենակարեւորն է, իր հաջող ելույթներով բոլորիս կուրախացնի Հայաստանի ազգային հավաքականըՙ Եվրո-2012-ի ուղեգիր նվաճելով: