Հայ-լատվիական համագործակցության նոր փուլ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ռիգա
Առավոտյան ժամը 10-ին Ռիգայի միջազգային օդանավակայանում վերջին նախապատրաստություններն էին ընթանում: Շարժասանդուղքին կարմիր գորգ էր փռած, Հայաստանի եւ Լատվիայի հանրապետությունների դրոշները բարձրացված էին, պատվո պահակախմբի զինվորներն էլ վերջին հանձնարարությունն էին ստանում: Նախագահ Սերժ Սարգսյանին օդանավակայանում դիմավորեց Լատվիայի արտաքին գործերի նախարար Վալդիս Կրիստովսկիսը: Թեպետ սա նախագահի առաջին պաշտոնական այցն էր Լատվիա, սակայն նախկինում (2005-ին Սերժ Սարգսյանը որպես պաշտպանության նախարար այցելել է Լատվիա-Հ.Հ.) ոչ միայն գործերի բերումով, այլեւ որպես զբոսաշրջիկ, հաճախ է եղել այստեղ: Նախագահը խոստովանում է, որ երջանիկ է կրկին հյուրընկալվել Լատվիայում, ու հրավիրում է լատվիացիներին Հայաստան` խոստանալով, որ այնտեղ կարող են վայելել ինքնատիպ ու վառ տպավորություններով լի հանգիստ:
Պաշտոնական դիմավորման արարողությունը Ռիգայի ամրոցում էր` Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի եւ առաջին տիկին Լիլիտա Զատլերեի մասնակցությամբ: Այն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում էր երկրի հանրային հեռուստաընկերությամբ: Հաջորդիվ Հայաստանի մասին 30-րոպեանոց ճանաչողական ֆիլմի ցուցադրությունն էր:
Առանձնազրույցից եւ փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո երկու երկրների նախագահները մամուլի ասուլիսի ժամանակ իրենց հանդիպումը գնահատեցին բովանդակային ու շատ արդյունավետ` ընդգծելով քաղաքական երկխոսության կարեւորությունն ու անհրաժեշտությունը:
Նախագահների առանձնազրույցի հիմքում Երեւանում եւ Ռիգայում դեսպանատների բացումն էր, Երեւան-Ռիգա ուղիղ չվերթերի ակտիվացումն ու առեւտրատնտեսական, մշակութային, զբոսաշրջության ոլորտներում առավել սերտ համագործակցությունը:
Օրակարգում է առեւտրատնտեսական միջկառավարական հանձնաժողովների ստեղծումն ու միջխորհրդարանական կապերի ամրապնդումը: Առավել սերտ համագործակցության նպատակով եվրոինտեգրման համաձայնագիր կնքվեց Հայաստանի եւ Լատվիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ: Մշակութային ոլորտում եռամյա համագործակցության համաձայնագիր կնքեցին Հայաստանի եւ Լատվիայի մշակույթի նախարարները:
Շեշտելով, որ Լատվիան «Արեւելյան գործընկերություն» ծրագրի ջատագովներից է եւ հարուստ փորձ ունի Եվրոմիության ընդգրկման առումով, նախագահ Սարգսյանն ասաց, որ «Արեւելյան գործընկերությունը» հատկապես կարեւոր է երկրի տնտեսական կյանքի աշխուժացման համար, ինչին կհետեւի սոցիալական պայմանների բարելավումը: Նախագահի ակնկալիքները «Արեւելյան գործընկերության» ծրագրից բազմաթիվ են: Նա առանձնացնում է երկու կարեւոր գերակայություն` վիզային ռեժիմի դյուրացում եւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքում:
Ի պատասխան լատվիացի լրագրողի հարցիՙ նախագահ Սարգսյանն անդրադարձավ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ու եւս մեկ անգամ հայտարարեց, որ հայկական կողմը պատրաստ է փոխզիջումների միջոցով, խաղաղ պայմաններում լուծել հիմնախնդիրը: «Հայաստանը շարժվել ու պատրաստ է շարժվել ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության իրավունքների սկզբունքներով», ասաց նախագահը:
Վալդիս Զատլերսն էլ փաստեց, որ Լատվիան ընդունում է հակամարտության միայն խաղաղ հանգուցալուծում` դիվանագիտական եւ խաղաղ բանակցությունների միջոցով: «Որեւէ այլ գործողություն, որը կարող է միտված լինել իրավիճակի էսկալացիայի` ընդունելի չէ մեզ համար», ասաց Լատվիայի նախագահը:
Հայ-լատվիական գործարար համաժողով
Օրվա երկրորդ կեսին նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց Լատվիայի Սեյմի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ, ինչին հաջորդեց հայ-լատվիական գործարար համաժողովի բացումը: Կարեւորելով հայ-լատվիական գործարար կապերի ամրապնդումը` Լատվիայի նախագահը փաստեց, որ դահլիճում ներկա են մի քանի տասնյակ հայ եւ լատվիացի գործարարներ, որոնք պատրաստել են ոչ միայն փորձ փոխանակել, այլեւ ամուր հիմքեր ստեղծել հետագա համագործակցության համար:
«Հայաստանը մեր լավագույն գործընկերներից է Հարավային Կովկասում: Թեպետ մեր երկրների միջեւ տնտեսական համագործակցությունն այնքան էլ ինտենսիվ չէ, սակայն որոշակի դինամիկա նկատվում է: Շատ խոստումնալից են դեղագործական արդյունաբերության ասպարեզը, շինարարությունը, զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները», ասաց նա:
Նախագահ Սարգսյանն էլ շեշտեց, որ համագործակցություն կարող է լինել ոչ միայն զբոսաշրջության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, այլեւ գյուղատնտեսության ու սննդի արտադրության, որովհետեւ այդ ոլորտներում էլ կա հսկայական ներուժ, որը պետք է օգտագործել: Ազատ առեւտրի համաձայնագրի անհրաժեշտության մասին խոսելիս Սերժ Սարգսյանն ասաց, որ խնդրի մասին զրուցել է Լատվիայի նախագահի հետ: Այսօր դա վարչապետ Վալդիս Դոմբորվսկիսի հետ առանձնազրույցի օրակարգում է:
Հ.Գ. - Ռիգայի հենց սրտում երկու երկրների նախագահները ծաղկեպսակ դրեցին Անկախության հուշարձանին: Հավաքված բազմությունը շատ էր ու հանդիպումըՙ չծրագրված, բայց չափազանց կարեւոր: Նախագահ Սարգսյանին մոտեցած լատվիացին պարզեց նախագահի լուսանկարն ու խնդրեց ինքնագիր: