Ժամանակակից լրագրողների միությունը «հայկական ծագմամբ 10 լրագրողների անուններ» է ավելացրել 1915-ին Թուրքիայում սպանված լրագրողների ցուցակում: Մարտի 8-ի իր համարում այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուզը», ընդ որում, հոդվածի հեղինակը հայազգի Վերջիհան Զիֆլիօղլուն է: Օսմանյան Թուրքիայում սպանված հայ լրագրողների անունները պաշտոնապես կավելացվեն այդ ժամանակաշրջանում Թուրքիայում սպանված լրագրողների ցուցակում հենց ապրիլի 24-ին:
Ըստ հրապարակման, Թուրքիայում սպանված լրագրողների ցուցակում կավելացվեն Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Ռուբեն Զարդարյանի, Սիամանթոյի եւ վեց այլոց անունները:
Ժամանակակից լրագրողների միության ղեկավար Ահմեթ Աբակայը հայտարարել է, որ այս ամենը չէր արվել մինչ օրս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով: «Մենք բացթողումը հասկացանք, երբ ապրիլի 24-ին լրագրող Ալի Բայրամօղլուն գրեց հայկական ծագմամբ, սպանված լրագրողների մասին: Մենք հասկացանք, որ ցուցակն ամբողջական չէ», ասել է Աբակայը: Հարցին, թե արդյոք հայ լրագրողների անունները ցուցակում ավելացնելու առնչությամբ արձագանքից մտահոգ չե՞ն, Աբակայը պատասխանել է. «Ես շատ կուզենայի, որ մենք տեղեկությունը ավելի վաղ ունենայինք եւ այս քայլը կատարած լինեինք արդեն: Մենք` թուրք ժողովուրդը, ցավոք, չգիտենք այլ բան, քան այն, ինչ ասում է պաշտոնական պատմությունը: Ճշմարտությունը մեզնից թաքցված է եղել»:
76 անուն ներկայացնող ցուցակում հայտնի անուններ են, որտեղ, սակայն, հայերից միայն Հրանտ Դինքին անունն էր ներառվել: «Հանցագործություն է թուրքական մամուլում ներդրում ունեցածների անունները թաքուն պահելը մարդկանցից», ասել է Աբակայը:
«Ազգի» անունից ավելացնենք, որ այս գործում մեծ ներդրում է ունեցել նաեւ թուրք իրավապաշտպան, հրատարակիչ Ռագըբ Զարաքոլուն:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ