«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2011-03-05 | #40, 2011-03-08 | #41, 2011-03-10


«ՖԻԳԱՐՈՆ»ՙ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

«Ֆիգարո» թերթը մարտի 9-ի համարում հրապարակել է իր մոսկովյան թղթակից Պիեռ Ավրիլի հոդվածը «Ազերիները պատրաստ են վերանվաճել Լեռնային Ղարաբաղը» վերնագրով: Հեղինակը մասնավորապես գրում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր Լեռնային Ղարաբաղը «սառեցված» հակամարտությունների ցանկում է, վիճելի տարածք է անորոշ ճակատագրով, չնայած միջազգային ընկերակցության դիվանագիտական ջանքերին: 1992-1994 թթ. պատերազմից (22 հազար զոհ) հետո հաստատված հրադադարին հակառակ, իրավիճակը լարված է: Անցյալ տարի ռազմաճակատի գծում սպանվել է 25 զինվոր (2011-ինՙ արդեն 3):

Չճանաչված հանրապետություն Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այս օրերին Փարիզում է, բայց նրա հետ պաշտոնական հանդիպումներ չեն կայանում: Բաքուն ստալինյան ժամանակներում ստացած Ղարաբաղը շարունակում է համարել իր տարածքի մասը եւ ուզում է զենքի ուժով հետ նվաճել: Նավթային եկամուտներից խթանվող Ադրբեջանի ռազմական բյուջեն 2011-ին 45 տոկոսով կաճի 2010-ի համեմատությամբՙ կազմելով 3,1 մլրդ դոլար (երկրի բյուջեի 1/5¬ը):

Մինսկի խումբը չի կարողանում քաղաքական լուծում գտնել մասնավորապես հարյուրհազարավոր ադրբեջանցի փախստականների պատճառով: «Եթե նախագահ Ալիեւը որոշի պատերազմ սկսել, մեր ամբողջ համայնքը պատրաստ կլինի մասնակցել դրան», ասում է Ղարաբաղի 80¬հազարանոց ադրբեջանական համայնքի համակարգիչ խորհրդի նախագահ Մեհդի Աբդուլլաեւը:

Միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, սահմանային որեւէ փոքր «միջադեպ» կարող է 2012-ին ընդհանուր պատերազմի առիթ դառնալ: Իրանը եւ Թուրքիան կարող են ներքաշվել հակամարտության մեջ, կարծում են Ճգնաժամային խմբում: Ռուսաստանը վախենում է Կովկասի «բռնկումից»: Մարտի 5-ին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Սոչիում հերթական հանդիպումն անցկացրեց նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ:

«Ֆիգարոն» հաղորդում է նաեւ Բակո Սահակյանի փարիզյան այցի եւ հանդիպումների մասին: Մարտի 8-ի երեկոյան նախագահ Սահակյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայկական միությունների խորհրդի հետ: Մարտի 9-ին նա ոչ պաշտոնական կոնֆերանս է անցկացրել Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, ապա հանդիպել երեք տասնյակ պատգամավորների հետ, որոնցից մի քանիսը Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ են: Մոտ 500¬հազարանոց ֆրանսահայ համայնքը զգալի քաղաքական ու ֆինանսական նեցուկ է Ղարաբաղի համար: Բակո Սահակյանը չի կարողացել հանդիպել Մինսկի խմբի նախագահ Բեռնար Ֆասիեի հետ. ի տարբերություն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներիՙ Սահակյանը չի մասնակցում Ղարաբաղի ապագային նվիրված բանակցություններին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4