«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2011-03-05 | #40, 2011-03-08 | #41, 2011-03-10


ՍԱՍՈՒՆՑԻ ՀԱՅԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Այդ մասին հայտարարել է սասունցի հայերի փոխօգնության, համերաշխության եւ մշակույթի միության նախագահը

Բիթլիսից, Վանից, Բաթմանից, Մուշից եւ Սղերդից արտաքսված կամ հալածանքներին ենթարկվելու գնով դեռեւս այդ շրջաններում գոյատեւող հայերի խնդիրներով հետաքրքրվող այս միությունը տարիներ շարունակ պայքարում է, որ վակուֆ (հիմնադրամ) ստեղծի:

Թեեւ այդ նպատակով դեռեւս 2 տարի առաջ համապատասխան մարմիններին էր դիմել միության նախագահ Ազիզ Դաղջին 5 հիմնադիր անդամների հետ, սակայն Ստամբուլի վարչական 5-րդ դատարանը պատճառաբանելով, թե թուրքական օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ կետը արգելում է «հայ փոքրամասնություններին համայնքի անունն օգտագործելու միջոցով վաքուֆ ստեղծելը», մերժել է դիմումը:

Ըստ քրդական ANF գործակալության, Դաղջին, ուշադրություն հրավիրելով Թուրքիայում սասունցի հայերի միություն կազմավորելու, հիմնադրամ ստեղծելու, հայերեն լեզվով կրոնական ուսուցում ստանալու եւ մայրենի լեզվով ժողովներ գումարելու իրավունքների ոտնահարման փաստերին, շարունակել է. «Վակուֆ հիմնադրելու մեր պահանջը կանխվեց եւ արգելված է, խղճի ու կրոնի ազատություն չունենք: Օրենքի առջեւ իրավահավասար չենք, մեր դեմ խտրականություն են անում»:

Այնուհետեւ Դաղջին ասել է, որ ապրիլին կմեկնի Ստրասբուրգ անձամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար: Նա ընդգծել է, որ հայ փոքրամասնությանը մայրենի լեզվով կրոնական ուսուցում ստանալու իրավունքը դեռեւս Լոզանի պայմանագիրն է տվել, ուստի դատարանը պետք է հարգի իրենց պահանջը: Հիմնադրվելու դեպքում սասունցի հայերի վակուֆը նախատեսում է եկեղեցական պսակադրությունը կատարել հոգեւորականի միջոցով, իրականացնել նորածինների կնունքը, հուղարկավորությունը կազմակերպել եկեղեցում, պարսպապատել Սասունի հայկական եկեղեցիներն ու գերեզմանները:

Ներկա պահին Բաթմանի վարչական տարածքում ընդգրկված Սասուն գավառը, քրդական գործակալության վկայությամբ, ցեղասպանությունից առաջ մեծապես հայերով էր բնակեցված: 1914-ին ունեցել է ավելի քան 20 հազար հայ բնակչություն, 127 եկեղեցի, 6 վանք եւ 15 հայկական վարժարան:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացի սասունցիներից, մնացած թուրքահայերը, որքան էլ Ստամբուլում բնակվելու լինեն, գրեթե չեն տիրապետում հայերենին, իսկ դա ինքնաբերաբար մեծացնում է եկեղեցու դերը հայապահպանման գործում, ուստի սասունցի հայերի եկեղեցական պսակադրություն կատարելու, երեխաներին կնքելու եւ հուղարկավորությունը եկեղեցում կազմակերպելու պահանջների նշանակությունը ավելի քան կարեւորվում է հատկապես ճակատագրի քմահաճույքով մահմեդականացված այն հայերի համար, որոնք աստիճանաբար վերադառնում են ազգային եւ կրոնական ակունքներին:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4