Երեք հանդիպումներով այսօր կտրվի ֆուտբոլի Հայաստանի գավաթի հոբելյանականՙ 20-րդ խաղարկության մեկնարկը: «Հրազդան» մարզադաշտում քառորդ եզրափակիչի առաջին խաղում ուժերը կչափեն «Ուլիսն» ու «Արարատը»: «Բանանցը» սեփական մարզադպրոցի մարզադաշտում կհյուրընկալի «Գանձասարին», իսկ «Շիրակը» «Փյունիկի» հետ կմրցի Իջեւանում: Վաղը «Միկան» սեփական հարկի տակ կհյուրընկալի «Իմպուլսին»:
Նշված 4 զույգերից միայն երկուսում են մրցակիցները նախկինում մրցել միմյանց հետ: Առավել հաճախակիՙ 3 անգամ գավաթային մրցավեճում հանդիպել են «Փյունիկն» ու «Շիրակը»: Բոլոր հանդիպումներն էլ կայացել են 1990-ականներին: Ընդ որում այդ մրցավեճում առավել հաջողակ են գտնվել «Շիրակի» ֆուտբոլիստները, որոնք 2 անգամ հաղթահարել են «Փյունիկի» արգելքը: Գավաթի անդրանիկ խաղարկությունումՙ 1992-ին հաջողությունն ուղեկցել է այն ժամանակ ՀՄԸՄ անվանումով հանդես եկող փյունիկցիներին: Ընդ որում Երեւանում կայացած խաղում ՀՄԸՄ-ն հաղթել է 3-0 հաշվով, իսկ հաշիվը 11 մ հարվածով բացել է թիմի խաղացող-մարզիչ Խորեն Հովհաննիսյանը: Մեկ այլ ուշագրավ փաստն էլ այն է, որ այդ խաղին մասնակցել են «Փյունիկի» եւ «Շիրակի» ներկայիս ավագներըՙ 39-ամյա Սարգիս Հովսեփյանն ու 41-ամյա Հովհաննես Թահմազյանը, որոնք այսօր իրենց խաղընկերներին կրկին խաղադաշտ դուրս կբերեն: Պատասխան խաղում «Շիրակը» թեեւ Գյումրիում հաղթեց 2-0 հաշվով, բայց եզրափակիչի ուղեգիրը նվաճեց ՀՄԸՄ-ն:
Իսկ ահա 1994-ին եւ 1995-ին 2 խաղերի ընդհանուր արդյունքով հաջորդ փուլ է մտել «Շիրակը»:
«Արարատը» եւ «Ուլիսը» 2 անգամ են մրցել գավաթի մրցաշարերում: Երկու դեպքում էլ հաջողությունն ուղեկցել է արարատցիներին: 2007-ին նրանք շահել են 2 հանդիպումներն էլ (2-0, 2-1): Հաջորդ խաղարկությունում «Ուլիսն» առաջին խաղում հաղթել էր 1-0 հաշվով, սակայն պատասխան խաղում արարատցիները 2 անպատասխան գնդակ խփեցին մրցակցի դարպասն ու վճռեցին մրցակցության ելքը:
Հայաստանի գավաթի նախորդ 19 խաղարկություններում միայն 5 թիմի է հաջողվել նվաճել մրցանակը: Յուրօրինակ ռեկորդակիրներն են «Արարատը», «Փյունիկն» ու «Միկան», որոնք 5-ական անգամ դարձել են գավաթակիրներ: 2-ական անգամ գավաթը նվաճել են «Ցեմենտի» եւ «Բանանցի» ֆուտբոլիստները, ընդ որում վերջիններս Հայաստանի առաջին գավաթակիրներն են: 1992-ին «Բանանցը» եզրափակիչում 2-0 հաշվով հաղթել է ՀՄԸՄ-ին: Այդ տարի «Բանանցը» գլխավորում էր Վարուժան Սուքիասյանը: Ի դեպ, նա մարզիչներից ամենահաջողակն է: Նրա գլխավորած թիմերը 4 անգամ գավաթակիր են դարձել: Բացի «Բանանցից», Սուքիասյանը գավաթային բարձունքը 2 անգամ նվաճել է «Ցեմենտի», մեկ անգամՙ «Արարատի» հետ: Միայն 2007-ին նրա գլխավորությամբ «Արարատին» չի հաջողվել նվաճել գավաթը:
Վերջին 4 խաղարկություններում «Բանանցին» հաջողվել է եզրափակիչի ուղեգիր նվաճել «Միկայի» հետ մրցավեճում: Բայց միայն 2007-ին են «Բանանցի» ֆուտբոլիստները մրցանակով պատվո շրջան կատարելՙ 3-1 հաշվով հաղթելով «Արարատին»: Հաջորդ տարի արարատցիները վճռորոշ խաղում ռեւանշի են հասել (2-1), իսկ վերջին 2 տարիներին «Բանանցը» եզրափակիչում պարտվել է «Փյունիկին» (0-1, 0-4):
Գավաթի մրցաշարերի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներն են Տիգրան Գսպեյանն ու Արմեն Պետիկյանը, որոնք հնգակի գավաթակիրներ են: Գսպեյանը հաջողության է հասել «Արարատում» եւ «Ցեմենտում», իսկ Պետիկյանըՙ միայն «Միկայում»: Ընդ որում վերջինս 2 անգամ որպես «Միկայի» ավագ ՀՖՖ նախագահից ստացել է գավաթը:
Գավաթի հանդիպումների լավագույն ռմբարկուն Գեղամ Հովհաննիսյանն է (32 գոլ), իսկ բոլորից շատ խաղ (81) անցկացրել է Հովհաննես Թահմազյանը: