Իտալական Բրեշիա քաղաքում անցկացված գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությանը մասնակցեցին 45 երկրների 532 հրաձիգներ: Հայաստանի մարզիկներից առավել հաջող հանդես եկավ Նորայր Բախտամյանը: 40-ամյա փորձառու հրաձիգը 10 մետր մրցատարածության օդամղիչ ատրճանակի մրցաձեւում 61 մասնակիցների մեջ 583 միավորով գրավեց 7-րդ տեղը: Նա ընդամենը 6 միավոր զիջեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին արժանացած 37-ամյա ֆրանսիացի Ֆրանկ Դամուլիին:
Մեր մյուս երկու հրաձիգներըՙ Անդրանիկ Փիլոսյանն ու Նորայր Առաքելյանը համեստ արդյունքներ ցույց տվեցին եւ չկարողացան մտնել եզրափակիչ փուլ: Փիլոսյանը 567 միավորով 48-րդն էր, իսկ Առաքելյանը 561 միավորով գրավեց 51-րդ տեղը: Հայաստանի հավաքականը թիմային պայքարում 1716 միավորով 15 ընտրանիների մեջ գրավեց 13-րդ տեղը:
Աղջիկների մրցաշարում 10 մետր օդամղիչ ատրճանակի մրցումներին մասնակցած Լիլիթ Նիկողոսյանը 366 միավորով 51 մասնակիցների մեջ գրավեց 24-րդ տեղը:
Ուկրաինայի հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն, 38-ամյա Արթուր Այվազյանը 10 մետր օդամղիչ հրացանի մրցումներում 595 միավորով 6-րդն էր: Ուկրաինայի հավաքականը թիմային հաշվարկով դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Երիտասարդների Եվրոպայի առաջնությունում ՌԴ հավաքականի կազմում հանդես եկած Կիրիլ Գրիգորյանը դարձավ բրոնզե մրցանակակիր թիմային հաշվարկով: