Ադրբեջանի կառավարող կուսակցության ներկայացուցիչ, խորհրդարանի պատգամավոր եւ քաղաքագետ Մուբարիզ Գուրբանլին միջազգային հանրությանը կոչ է արել «դատապարտել ադրբեջանցի 9-ամյա երեխայի սպանության մեղավորներին»: Այդ խնդրով Հայաստանի իշխանություններին հղած նամակ է տարածել Ղրիմի ադրբեջանական համայնքի ղեկավար Ռահիմ Հումբաթովը:
Հիշեցնենք. ըստ ադրբեջանական կողմի, մարտի 8-ին Աղդամի շրջանի Օրթա Գարվենդ գյուղի բնակիչ 9-ամյա Ֆարիզ Բադալովն «սպանվել է Հայաստանի զորքերի կողմից հրադադարի խախտման հետեւանքով»: Աղդամի շրջանի դատախազ Իսմայիլ Գասիմովի բառերով, «Ֆարիզ Բադալովը ժամը 17-18-ի սահմաններում գլխից վիրավորվել է Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված Շիխլար գյուղի ուղղությունից արձակած կրակոցով, երբ խաղալիս է եղել իրենց տան բակում»:
Նույն «փաստի» առթիվ Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Էլդար Սաբիրօղլուն ասել է, որ «ժամը 16:58-ին հայ դիպուկահարի կրակոցից սպանվել է Օրթա Գարվանդ գյուղի բնակիչ Ֆարիզ Արիֆ օղլու Բադալովը»:
Ֆարիզ Բադալովը քաղաքացիական անձ էր, երեխա: Եվ, բնականաբար, նրա «սպանության» հանգամանքներին քաղաքացիական իշխանություններն ավելի քաջատեղյակ պիտի լինեին, քան` զինվորականները: Իսկ այս դեպքում Աղդամի շրջանի դատախազը նշել է, որ դեպքը «տեղի է ունեցել ժամը 17-18-ի սահմաններում, Բադալովը վիրավորվել է գլխից, երբ խաղալիս է եղել իրենց տան բակում», մինչդեռ զինվորական գերատեսչության մամլո խոսնակը նշում է «դեպքի» ստույգ ժամ` 16:58 եւ որեւէ խոսք չի ասում Ֆարիզ Բադալովի վիրավորվելու մասին: Դատախազն անորոշ խոսում է «Շիխլար գյուղի ուղղությունից արձակած կրակոցի», իսկ ՊՆ ներկայացուցիչը` «հայ դիպուկահարի կրակոցի» մասին:
Ակնհայտ է, որ դատախազության նախնական տեղեկությունը ՊՆ մամլո ծառայությունում ենթարկվել է «անհրաժեշտ ուղղումների»: Բայց, ինչպես միշտ, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը դա արել է ապաշնորհ ձեւով:
Բանն այն է, որ Աղդամի շրջանի դատախազը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ «Ֆարիզ Բադալովը վիրավորվել է գլխից, տեղափոխվել հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել»: Պաշտպանության նախարարության խոսնակը, սակայն, ասում է, որ «Ֆարիզ Բադալովն սպանվել է», ինչից պետք է ենթադրել, որ «երեխայի մահը վրա է հասել անմիջապես»:
Սաբիրօղլուն ռազմական գերատեսչության ներկայացուցիչ է եւ հասկանում է, որ պարզապես անիմաստություն է ասելը, թե «հայ դիպուկահարի կրակոցից» 9-ամյա երեխան «գլխից վիրավորվել է, տեղափոխվել հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել», որովհետեւ բոլորն էլ գիտեն, որ դիպուկահար զենքի հարվածային ուժն ավելի մեծ է, եւ նրա կրակոցից շատ հաճախ անգամ սաղավարտով պաշտպանված զինվորներն են տեղնուտեղը զոհվում, երբ խոցվում են գլխից: 9-ամյա երեխան, այո, դիպուկահարի կրակոցից կսպանվեր վայրկենապես:
Բայց չէ՞ որ Աղդամի շրջանի դատախազն ասել է, որ երեխան տեղափոխվել է հիվանդանոց, սակայն չի հաջողվել փրկել նրա կյանքը: Դրանից հետեւում է, որ երեխան հիվանդանոց է հասցվել դեռեւս կենդանի, բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն փրկել չեն կարողացել: Դա նշանակում է, որ Ֆարիզ Բադալովը դիպուկահարի կրակոցի զոհ չէ, որ դարձել է: Նա պարզապես գլխի շրջանում հրազենային վերք է ստացել, որի հետեւանքով էլ մահացել է:
Հրազենային կրակոցի փոխարեն օգտագործելով «հայ դիպուկահարի կրակոց» արտահայտությունը, Ադրբեջանի ՊՆ-ի մամլո խոսնակը հետապնդել է եւս մեկ նպատակ` ցույց տալ, որ «Ֆարիզ Բադալովը հասանելի է եղել միայն դիպուկահար զենքի համար»: Իսկ դա պատասխանատվությունն ադրբեջանական զինված ուժերի` նույն Օրթա Գարվանդ-Շիխլար ուղղությունում տեղաբաշխված ստորաբաժանումներից հեռացնելու նպատակով է միայն արվել:
Այսպիսով, Աղդամի շրջանի դատախազի եւ Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակի` նույն միջադեպի առթիվ տարածած` միմյանց բովանդակային առումով հակասող հաղորդագրությունների անգամ թռուցիկ վերլուծությունից պարզ է դառնում, որ հրադադարի խախտում, ինչպես ասել է ԼՂՀ ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը , այդ եւ նախորդ օրերին նշված ուղղությունում չի եղել: Բացառված չէ, որ Ֆարիզ Դադալովը զոհվել է ադրբեջանցի կարգազանց զինվորի պատահական արձակած գնդակից կամ դարձել վրեժխնդրության զոհ:
Բայց ի՞նչ իմաստ ունի քաղաքականացնել երեխայի մահը: Մանավանդ` այդքան «քարանձավային» ոճով:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ