Նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն ավարտվեց երեկ երկրի վարչապետի, այնուհետեւ լատվիահայ համայնքի հետ հանդիպմամբ: Լեռային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն առաջնային թեման էր ոչ միայն նախագահի եւ վարչապետի առանձնազրույցի, այլեւ լատվիահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: Վարչապետ Վալդիս Դոմբորվսկիսի հարցին` ի՞նչ առաջընթաց կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ, նախագահն ասել է. «Եթե այս հարցը տրվեր մեկ շաբաթ առաջ, ապա կասեի, որ որեւէ արդյունք, որեւէ դրական ելք չեմ ակնկալում: Բայց մարտի 5-ի Սոչիի հանդիպումից հետո կարելի է ասել, որ դրական տեղաշարժ կա ադրբեջանցիների դիրքորոշման մեջ: Եվ ես համարում եմ, որ մենք տեսանելի ապագայում կարող ենք հասնել որոշակի համաձայնությունների երեք` ուժի եւ սպառնալիքի չկիրառման, ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների շուրջը: Այդ սկզբունքներում համաձայնության գալուց հետո կարող է սկսվել բանակցությունների մի նոր փուլ, եւ այդ ժամանակ շատ հարցեր կմանրամասնվեն: Սկզբունքների շուրջը համաձայնության գալը դեռեւս սկիզբն է, դա ավարտ չէ»:
Փաստելով, որ հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ որեւէ նորություն չկա, նախագահ Սարգսյանն ընդգծեց, որ թուրքերը, ստորագրելով բանակցություններով ծնված արձանագրությունները, այնուհետեւ հրաժարվեցին արձանագրությունները վավերացնել խորհրդարանում` փորձելով նախապայմաններ առաջադրել: «Բայց մեզ համար որեւէ նախապայման ընդունելի չէ, մանավանդ այն, որ թուրքերն են փորձում առաջադրել` կապված Լեռնային Ղարաբաղի ու Ցեղասպանության խնդիրների հետ: Այս պահին խոսելիք եւ անելիք չունենք նրանց հետ: Շատերն ասում են, եթե այսպես էր լինելու, ինչո՞ւ նախաձեռնեցիք այս քաղաքականությունը: Ուզում եմ ասել, որ սա այն դեպքն է, երբ բացասական արդյունքն էլ է արդյունք: Շատ բարեկամներ մեզ մշտապես կշտամբում էին եւ ասում, որ չենք ուզում թուրքերի հետ հարաբերվել, որովհետեւ ղեկավարվում ենք միայն մեր ցավով, հույզերով, որ Ցեղասպանությունը մեզ կոմպլեքսավորել է, բարդույթներ հարուցել: Սակայն այժմ բոլորն էլ համոզվեցին, որ մեր հարաբերությունների բացակայության պատճառը մենք չենք: Չզիջելով մեր ազգային խնդիրներում նույնիսկ մեկ միլիմետր` մենք հասանք որոշակի արդյունքի», ասաց նախագահը:
«Պատրաստվեք պաշտպանելու մեր ազգային շահերը»
Հյուսիսային Փարիզում կամ Ռիգայում հայերի թիվն այնքան էլ մեծ չէ, ընդամենը 2500, սակայն դա չի խանգարում, որ նրանք ոչ միայն պահպանեն մշակույթն ու ավանդույթները, այլեւ հրաշալի կերպով դրանք մատուցեն լատվիացի ժողովրդին: Ռիգայի հենց կենտրոնում կա մի խաչքար, որ կանգնեցվել է 1989-ին` հայ համայնքի նախաձեռնությամբ ի հիշատակ Մեծ եղեռնի եւ Սպիտակի երկրաշարժի զոհերի: Միայն մայրաքաղաքում հայկական ռեստորանների թիվը գերազանցում է մի քանի տասնյակը` «Անի», «Արարատ», «Արցախ», «Էրեբունի», «Կերտ»: Մոտավոր հաշվարկով յուրաքանչյուր 100 լատվիահայի բաժին է հասնում մեկ ռեստորան: Այս փաստը եւս մեկ անգամ ընդգծում է, որ լատվիահայ համայնքը բազմաշերտ է: Հայկական յուրաքանչյուր ռեստորանում հյուրերին ազգությամբ լատվիացի մատուցողները դիմավորում են «Բարեւ ձեզ»-ով եւ «Համեցեք»-ով:
Լատվիայում հայեր սկսել են բնակվել 1940-ականներից: Սկզբնական շրջանում համայնքը փոքրաթիվ էր ու անկազմակերպ: Միայն տասնամյակներ անց ստեղծվեց առաջին հասարակական կազմակերպությունը` Լատվիա-հայկական մշակութային ընկերությունը: Ռիգայի հայ համայնքը հիմնադրվել է 2001-ին վերոնշյալ ընկերության հիմքի վրա: Համայնքն անդամակցում է Լատվիայի ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների «Համագործակցություն» միությանը:
Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի» կրոնական կազմակերպությունը Ռիգայում գործում է 1993-ից: Կառուսալայի 6 հասցեում գտնվող եկեղեցին դարձել է լատվիահայերի երկրորդ տունը:
Այստեղ նրանք հավաքվում են, աղոթում ու փորձում օտար երկրում` եկեղեցու շուրջը համախմբված, պահպանել հայի կերպարն ու ոգին: Լատվիահայերն ընդգրկված են գրեթե բոլոր բնագավառներում, սակայն առավել ցայտուն է նրանց դերը հատկապես մշակույթի եւ արվեստի ոլորտներում: Ռիգայում գործող կիրակնօրյա դպրոցի նպատակն է երիտասարդ սերնդին մոտ պահել հայկական արմատներին: Դպրոցի գեղարվեստական տնօրեն Հասմիկ Բոգգոտյանի ներկայացմամբ, դպրոցում երիտասարդները սովորում են հայոց լեզու, գրականություն, հայոց եւ հայ առաքելական եկեղեցու պատմություն, երաժշտություն: «Դա օգնում է, որ երիտասարդները մնան համայնքում, հայրենիքից հեռու հասկանան ու գնահատեն նրա արժեքը», պատմում է նա: Լատվիայի խորհրդարանում գործող հայկական լոբբին արդեն տեւական ժամանակ աշխատում է Սեյմում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն անցկացնելու ուղղությամբ:
Լատվիահայերը փաստում են, որ իրենք որպես ազգային փոքրամասնություն երբեւէ չեն նկատել խտրականություն: Միակ խնդիրը ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարումն է. Պետությունն առայժմ չի կարողանում բացասական հետեւանքները վերացնել, մեծ թիվ է կազմում արտագաղթը: Գաղթողների մեջ քիչ չեն նաեւ հայերը: Հիմնական ուղղությունը` Անգլիա:
Լատվիահայերի հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էր, որը մեկնարկեց մատուցված սուրբ պատարագով: Կարեւորելով լատվիահայ համայնքի դերն ու բարձր գնահատելով նրանց հայրենասիրությունն ու համախմբվածությունը, նախագահ Սարգսյանը լատվիահայերին կոչ արեց սատար կանգնել հայրենի ժողովրդին: «Պատրաստվեք պաշտպանելու մեր ազգային շահերը: Պատրաստվեք մեզ սատար կանգնելու: Մեզ համար չափազանց կարեւոր է», այսպես ասաց նա:
Հայ-լատվիական գործարար ամուր կապեր
Հայաստանի եւ Լատվիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վալդիս Զատլերսի մասնակցությամբ Ռիգայում բացվեց հայ-լատվիական գործարար համաժողով: Նման համաժողով տեղի էր ունեցել Երեւանում 2009-ին նախագահ Զատլերսի Հայաստան կատարած պետական այցելության ժամանակ: Բարձր գնահատելով գործարար համաժողովըՙ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը , «Ազգ» -ի հետ զրույցում ամփոփելով համաժողովի արդյունքները ընդգծեց, որ ձեռք են բերվել բազմաթիվ պայմանավորվածություններ: Հենց համաժողովի ընթացքում երկկողմ համաձայնագրեր են կնքվել զբոսաշրջության եւ մետալուրգիայի ոլորտներում: Նախարար Դավթյանը դա անվանում է լավ ու խոստումնալից հիմք հայ-լատվիական գործարար կապերի հաստատման համար:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ռիգա-Երեւան