ԵԱՀԿ գործող նախագահը ծրագրում է հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, Վրաստանի վարչապետի, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի արտգործնախարարների, քաղաքական լիդերների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Ըստ ԵԱՀԿ պաշտոնական հաղորդագրության, ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան, Վրաստան եւ ապա Հայաստան` «հանդիպելու ղեկավարությանն ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին` ԵԱՀԿ աշխատանքը տարածաշրջանում եւ Լիտվայի նախագահությամբ հռչակված 2011-ի առաջնահերթությունները քննարկելու նպատակով»: Աժուբալիսը Ադրբեջանում կլինի մարտի 13-14-ին, Թբիլիսիում` 15-16-ին, Երեւանում` մարտի 17-18-ին:
«ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների կարգավորման առաջընթացը ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության հիմնական առաջնահերթությունն է», նշված է հաղորդագրության մեջ: Ըստ այդմ, ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջանային այցելության ընթացքում կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը, ինչպես նաեւ կանդրադառնա աբխազական եւ հարավօսական հարցերին առնչվող ժնեւյան քննարկումների ընթացքին:
Ա. Հ.